HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախագահը Մայր Աթոռում մասնակցել է Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի նախագահությամբ կայացած Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը: Նախագահը հանդես է եկել ելույթով՝ ողջունել Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, այդ թվում՝ աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիք եկած հոգևոր առաջնորդներին, հույս հայտնել, որ ժողովը նույն միասնականության ոգու վկայությամբ այսուհետ գումարվելու է պարբերաբար՝ ի փառս մեր հավատավոր ժողովրդի: Սերժ Սարգսյանը ժողովի մասնակիցներին մաղթել է հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովի բացմանը

«Ձե՛րդ Սրբություն Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդ,

Ձե՛րդ Սրբություն Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջին,
Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Ուրախ եմ գտնվել այստեղ՝ հայոց հոգևոր կենտրոնում, բոլորիս համար նվիրական Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում: Սրտանց ողջունում եմ բոլորիդ՝ Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ողջ դասին, և հատկապես աշխարհասփյուռ հայության հեռավոր օջախներից հայրենիքի բարեբեր հող եկած հոգևոր առաջնորդներին: Առիթից օգտվելով՝ պետք է ասեմ, որ լավատեղյակ եմ բոլորիդ ազգանպաստ ու հայրենանվեր ձեռնարկումներին և շնորհակալ եմ այդ ամենի համար:

Երախտապարտ եմ Ամենայն Հայոց Հայրապետին ինձ հրավիրելու և ողջույնի խոսքով ձեզ դիմելու այս հնարավորության համար: Այստեղ գտնվելով՝ ինչպես և մեր ժողովրդի յուրաքանչյուր զավակ, անհրաժեշտ եմ համարում իմ որդիական սերը, նվիրումը և աջակցությունը մեկ անգամ ևս հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Հայոց պատմության վայրիվերումներին ծանոթ մարդիկ կարող են իրավամբ գնահատել այն կարևորագույն առաքելությունը, որ կատարել և այսօր էլ շարունակում է կատարել մեր Մայր Եկեղեցին: Առաքյալների ջանքերով հիմնադրված այս հոգևոր հաստատության շնորհիվ պետականությունից զրկված և աշխարհասփյուռ դարձած հայ ժողովուրդը երբեք չկորցրեց իր կապն այն վեհ արժեքների հետ, որոնք սոսնձում են հայոց ինքնությունը:

Սուրբ Գրիգոր Լուսավորչի կանթեղն այսօր էլ շարունակում է լույս սփռել մեր մեջ, իսկ Հայոց Եկեղեցու սպասավորները շարունակում են իրենց անձնուրաց ծառայությունը՝ հավատարիմ մնալով Սուրբ Սահակ Պարթևի, Մեսրոպ Մաշտոցի, Ներսես Շնորհալու, Գրիգոր Տաթևացու և Հայ Եկեղեցու լուսամիտ հայրապետներ Ներսես Աշտարակեցու, Խրիմյան Հայրիկի, Վազգեն Առաջինի և մեր մյուս հոգևոր հայրերի պատգամներին:

Քսաներկու տարի է, ինչ մենք վերականգնել ենք անկախ հայոց պետականությունը, սակայն հայոց ազգային կյանքում Մայր Եկեղեցու հայապահպան դերակատարությունը շարունակում է մնալ նույնչափ կարևոր: Այսօր առավել, քան երբևէ մեզ անհրաժեշտ է ամրացնել այն հոգևոր արժեքները, որոնք մեզ կապում են և դարձնում են միասնական հայ ժողովուրդ:

Իր Սահմանադրության ուժով Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։ Մեծագույն հաճույքով գոհունակություն եմ հայտնում պետության և Եկեղեցու միջև հաստատված սերտ համագործակցության և մեր ազգային խնդիրները լուծելու գործում միմյանց փոխլրացնելու կապակցությամբ:

Գերաշնո՛րհ հոգևոր հայրեր,

Մայր Հայաստանն աշխարհի բոլոր հայերի տունն է, իսկ Մայր Եկեղեցին՝ Հայաստանի ու հայ ժողովրդի վեմն ու հենասյունը: Դարեր շարունակ Աստվածապաշտ հայ ժողովրդի հայացքն ուղղված է եղել առ Սուրբ Էջմիածին: Հենց այստեղ է բաբախում մեր Մայր Եկեղեցու սիրտը, որը սնուցվում է միլիոնավոր մեր հավատավոր քույրերի ու եղբայրների որդիական սիրով ու աղոթքներով:

Այժմ մենք հիրավի դարակազմիկ իրադարձության ականատեսն ենք դառնում: Հանգամանքների բերումով դարեր շարունակ, մասնավորապես վերջին վեց հարյուրամյակների ընթացքում, հնարավոր չի եղել գումարել Հայոց Եկեղեցու Եպիսկոպոսաց դասի ժողով: Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ այժմ հնարավորություն է ստեղծվել հաղթահարելու այդ հիմնախնդիրը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, այսինքն՝ մեր հայրենի հողի վրա գումարելով Եպիսկոպոսաց ժողով:

Այս իրադարձությունը կարևորագույն ազդակ է մեր հավատավոր ժողովրդին և կոչված է ապացուցելու Մայր Եկեղեցու հավատարմությունը աշխարհասփյուռ հայությանը համախմբելու գործին: Վստահ եմ, որ այս ժողովը կազդարարի նոր առաջընթաց հայոց հոգևոր կյանքում և թույլ կտա համայն հայությանը նոր եռանդով ու լիցքով լծվել ազգային իղձերի իրականացմանը:

Այս ժողովի գումարմամբ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին թևակոխում է իր պատմության նոր փուլ: Այն հնարավորություն է ստանում գտնելու մեր հոգևոր ու բարոյական կյանքի բազմաթիվ հարցերի պատասխաններ, մեր ժամանակների մարտահրավերներին համապատասխան բարեփոխելու և արդիականացնելու իր աշխատանքը:

Գիտեմ, թե որքան ծանրաբեռնված է լինելու ձեր աշխատանքի օրակարգը: Կարծում եմ՝ քննարկվող հարցերից մեկին անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել. դա Մեծ եղեռնի զոհերին սրբադասելու Հայոց երկու Հայրապետների կարևորագույն նախաձեռնությունն է»:

Ելույթն ամբողջությամբ կարդացեք այստեղ:

ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Մեկնաբանություններ (1)

Կիւրեղ
Գոնե օրակարգում ծայրագույնի թոշակի անցնելու հարցը կա՞:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter