Առաքյալներից մինչև նվիրյալներ
Նրանք առաքյալներ էին, որ կամովի եկան Հայաստան՝ գիտություն բերելու, գիտություն սերմանելու և գիտություն տարածելու առաքելությամբ: Իհարկե, շա՜տ հիշելու արժանի անուններ կան, որոնք նույնպես եկել են հայրենիք ու քիչ գործ չեն կատարել՝ գիտության զարգացման հարցում, բայց ես ուզում եմ առանձնացնել հատկապես երեքին՝ Արտեմ Ալիխանյան, Վիկտոր Համբարձումյան, Միքայել Տեր-Միքայելյան, որոնց գալը հե՛նց առաքելություն բառով պիտի կոչել:
Արտեմ Ալիխանյան - ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը: Վիկտոր Համբարձումյան - ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է Լենինգրադի համալսարանը: Միքայել Տեր-Միքայելյան - ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է ԵՊՀ-ն, իսկ ասպիրանտուրան՝ ԽՍՀՄ ԳԱ Լեբեդեվի անվան ֆիզիկայի ինստիտուտում:
Այս երեք անուններն ունեն կարևոր ընդհանրություններ` ո՛չ միայն այն առումով, որ նրանք ծնվել ու մեծացել են Թիֆլիսում, այն է՝ ո՛չ Հայաստանում, որ բարձրագույն կրթություն ստացել են Պետերբուրգում կամ Մոսկվայում, այլ այն, որ, նրանք ունեցել են լա՜յն հնարավորություններ՝ ապրելու և ստեղծագործելու Մոսկվայում կամ Լենինգրադում, նրանց համար բոլոր ուղիները բաց են եղել, նրանց միշտ արվել են հեռանկարային նոր առաջարկներ, բայց, ամենակարևորը, նրանք ընտրել են հայրենիքին նվիրաբերվելու ուղին: Եկել են՝ Հայաստանում ծնունդ տալու և զարկ տալու գիտությանը:
Եթե անկեղծ լինենք, ֆիզիկան, կամ ընդհանրապես գիտությունը, մինչ նրանց հայտնվելը, Հայաստանի համար անսովոր բան էր: Դրա ծնունդն ու գոյությունն ամենևին պայմանավորված չէր ազգի գործունեությամբ՝ ի տարբերություն եվրոպական երկրների, որոնցում այն տվյալ ազգի աճի ու զարգացման տրամաբանական շարունակությունն էր: Գիտությունը, որպես մարդկային գործունեության ոլորտ, այդ ժամանակ որևէ կերպ պայմանավորված չէր մեր ազգի գործունեությամբ ու առաջնահերթ պահանջներով, այսինքն՝ գիտությունը Հայաստանում, կարելի է ասել, ինչ-որ առումով արհեստածին երևույթ էր:
Հիմնականում 30-40-ական թվերից սկսած, Խորհրդային միությունը, որպես պետության գլխավոր քաղաքականություն, ամբողջ թափով սկսեց զարգացնել գիտությունը: Հայաստանի՝ այդ «խաղի մեջ» մտնելը, փաստորեն պատմականորեն շանս տվեց մեզ՝ ունենալու գիտություն, և պիտի ասել, որ մենք այդ շանսը հրաշալի կերպով օգտագործեցինք:
Դա տեղի ունեցավ վառ անհատների գործունեության արդյունքում: Ընդամենը 2-3 տասնամյակում Հայաստանում ֆիզիկան, որը գոյություն ուներ ԵՊՀ-ի՝ դպրոցի դասատուներ պատրաստող չափազանց թույլ մակարդակի վրա, զարգացավ այնպես, որ դարձավ ոչ միայն ԽՍՀՄ-ի, այլև աշխարհի մակարդակով առաջատար: Սկզբում, բոլոր պայմաններն ստեղծելով, դրսից բերվեցին կադրեր, այնուհետև սկսեցին պատրաստել ներսում: Իրար հետևից սկսեցին բացվել գիտահետազոտական ինստիտուտներ, իսկ, օրինակ, Աշտարակի Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, ինչի մասին ուզում եմ խոսել, 80-ականներին արդեն գագաթնակետային արդյունք էր տալիս:
Աշտարակում ստեղծվեցին գիտավաններ, որտեղ սկսեց եռալ կյանքը. անընդհատ նորանոր կադրեր էին գալիս, ավելանում ու ավելանում էր գիտնականների թիվը, դպրոց-մանկապարտեզներ էին բացվում, խաղահրապարակներ, լողավազան ու ծառուղիներ, հազվագյուտ բույսեր, որոնց ներմուծումով, ի դեպ, հատուկ զբաղվում էր ինքը՝ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն (նաև այդ ինստիտուտի հիմնադիր), ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳԱԱ ակադեմիկոս Միքայել Տեր-Միքայելյանը:
Մեզ Աշտարակի գիտավան տանող ճանապարհի երկու կողմում փռված չոր ու անբույս տարածքը ոչնչով չէր հուշում, թե այնտեղ երբևէ դեղձի ու խաղողի փարթամ այգիներ են եղել: Հիմա իհարկե այդ ամենից մնացել են ջերմ հիշողություններ, ժանգոտած փականով ու 20 տարի երեխայի ոտք չտեսած դպրոց ու մանկապարտեզ, փլված պատերով նախկին ջրավազան, դռնփակ շինություններ, քիչ, մանավանդ ձմռանը, բնակիչներ, հին ու խափանված սարքավորումներով լի ինստիտուտների անխնամ շենքեր:
Եվ այստեղ հարկ է շեշտել մի կարևոր բան, ինչի մասին հնարավոր չէ առանց ակնածանքի խոսել՝ գիտահետազոտական ինստիտուտների լաբորատորիաներում՝ որպես վարիչներ, աշխատում են նվիրյալներ, որոնց հետ զրույցները կներկայացվեն հաջորդիվ՝ «Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ» խորագրի ներքո: Զրույցների նպատակն էր՝ ներկայացնել բոլոր լաբորատորիաներն առանձին–առանձին՝ իրենց աշխատանքներով, ձեռքբերումներով, անցած ուղով, հեռանկարներով, խնդիրներով, անելիքներով ու առաջարկներով: Զրույցների մասրամասները կլինեն իհարկե առանձին-առանձին, բայց մինչ այդ, ուզում եմ խոսել այն ընդհանուր խնդիրների մասին, ինչը շեշտեցին բոլորը:
Նրանց ցավն ու անհանգստությունը վերը թվարկվածները չէին առաջին հերթին, այլ այն, որ իրենք արդեն մեծ են՝ հիմնականում թոշակի տարիքի, ու չկա իրենցից հետո եկող այն սերունդը, ում պիտի փոխանցվի իմացությունն ու գիտելիքը: «Չկա միջին սերունդը՝ այն ակտիվ տարիքը, որ պիտի աշխատի: Մենք ստիպված երիտասարդություն ենք անում, մինչև նոր սերունդը գա, հասնի»,- ասում է Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Պինդմարմնային լազերների ֆիզիկայի և սպեկտրասկոպիայի լաբորատորիայի վարիչ Ռադիկ Կոստանյանը: Իսկ Բյուրեղային օպտիկայի լաբորատորիայի վարիչ Ռուբեն Հովսեփյանն այն կարծիքին է, որ «եթե շարունակվի այսպես ևս մի քանի տարի, այսինքն՝ արմատական փոփոխություններ այս ոլորտում չլինեն, հայկական գիտությանն անկում է սպասվում»: Տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչ Յուրի Մալաքյան էլ համոզմունք ունի, որ «չնայած մեր բոլոր հաջողություններին, շատ քիչ ժամանակ է մնացել, որ մենք մեր ինստիտուտը կորցնենք: Մենք հասել ենք մի տարիքի, որ պիտի ունենանք համապատասխան փոխարինողներ, օրինակ, ինձանից հետո պիտի գա մեկը, որ շարունակի իմ գործը, ընդ որում՝ նո՛ւյն հաջողությամբ։ Չկա մակարդակը, չկա ժամանակ։ Ցավոք, այն մարդիկ, ովքեր կարող են ինձանից հետո լինել, չկան, այստեղ չեն, հեռացել են կամ կյանքից կամ երկրից։ Չկա փոխարինող երիտասարդ սերնդի մեջ։ Այսինքն՝ մի 5–6 տարի հետո սպասվում է վթար»։
Երբ Վիկտոր Համբարձումյանը պատգամում էր գիտնականներին՝ լինել գիտության նվիրյալ, հասնել բարձունքների և լինել համեստ, գուցե չէր էլ պատկերացնում, որ կգան այնպիսի օրեր, որ գիտությունն ու գիտության նվիրյալը, այո՛, կհասնի բարձունքների ու կլինի ծայրահեղ համեստ, բայց նաև կլինի արհամարհված ու անտեսված պետության ու հասարակության կողմից: Նա իհարկե այսպիսի ծայրահեղություն չէր կարող պատկերացնել, քանի որ ի՛ր ժամանակ գիտնականն ամենահարգվածն էր…
Նրանք խոսում էին սարքավորումներից, որոնք հիմնականում խորհրդային տարիներից պահպանված, բարոյապես ու ֆիզիկապես մաշված վիճակում են, միջին սերնդի բացակայությունից, երիտասարդների հեռանալուց, ինստիտուտի շա՜տ անորոշ ապագայից, դրամաշնորհներից, իսկ քանի որ ինձ մոտ զարմանքն ու ապշեցումը գերակշռում էր, ես հաճախ ինձ բռնեցնում էի այն բանում, որ միտքս ակամա կտրվում է զրույցից ու սկսում վերլուծություններ անել… իմ առջև նստած էին գիտնկան-նվիրյալներ, որոնց մասին կլսե՞ն արդյոք մի քանի սերունդ հետո: Կլինի՞ գիտություն կամ գոնե հիշողություն այն մասին, որ Հայաստանը մոտ մեկդարյա գիտության ոսկե շրջան է ունեցել, որ այն բերել են առաքյալներն ու ամեն գնով, ահա, փորձում են պահել նվիրյալները:
Եվ մի՞թե իրոք սրանով գալիս է Հայաստանում գիտության վերջը: Ավարտվե՞ց արդյոք ոսկե դարը, որի սկիզբը դրեցին առաքյալները: Կկարողանա՞ն արդյոք անհնարինն անել նվիրյալները: Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ…
Պատմությունը ցույց կտա:
Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել