HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետն այցելել է «Սպայկա» ընկերություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր այցելել է «Սպայկա» միջազգային բեռնափոխադրող ընկերություն, որն «Արարատֆրուտ» ապրանքանիշի ներքո իրականացնում է թարմ մրգի արտահանման ներդրումային ծրագիր:

Կազմակերպությունը ստեղծել է թարմ և վերամշակված գյուղմթերքը արտահանումն ապահովող ենթակառուցվածքներ: Համակարգի ստեղծման համար արդեն իսկ ներդրվել է ավելի քան 45 մլն դոլարին համարժեք գումար:

Ընկերության կողմից իրականացված ներդրումային ծրագրի նպատակը հայկական թարմ ու վերամշակված գյուղմթերքի համար արտերկրյա պարենային շուկաներում կայուն դիրքերի ապահովումն ու Հայաստանից արտահանման ծավալների խթանումն է:

Կառավարության ղեկավարը ծանոթացել է ընկերության տեխնիկական հնարավորություններին` գյուղմթերքները դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ բեռնափոխադրող բեռնատարների սառեցման, տեղորոշման և տեխնիկական այլ համակարգերի աշխատանքին, արտադրական հզորություններին` սառնարանային տնտեսությանը, գյուղատնտեսական մթերքների փաթեթավորման գործընթացին:

Շրջայցի ավարտին` վարչապետ Սարգսյանը հանդիպել է «Սպայկա» ընկերությանը գյուղատնտեսական ապրանքներ մատակարարող ֆերմերներին քննարկել նրանց հուզող խնդիրները:

«Սպայկա» ընկերությունը հիմնադրվել է 2001 թվականին: ՀՀ կառավարությունը 2010թ. հուլիսի 1-ի և 2011թ. փետրվարի 3-ի որոշումներով «Սպայկա» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակներում` 300 մլն ՀՀ դրամը գերազանցող արժեքով որոշակի ապրանքների գծով մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգել է համապատասխանաբար մինչև 2013թ. հուլիսի 1-ը և 2014թ. փետրվարի 1-ը։ 

Ընկերությունը 2010-2012թթ. կիրականացնի շուրջ մոտ 100 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնց արդյունքում նախատեսվում է ավելի քան 1900 նոր մշտական աշխատատեղերի ստեղծում: 2009թ. ընկերության մշտական աշխատակիցների թիվը 65 էր, իսկ 2011թ.` կազմակերպությունն ունի շուրջ 450 աշխատակից: Այս մասին հայտնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter