Հայ-Ֆրանսիական համագործակցություն` հանցավորության դեմ պայքարում
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը նշեց երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման և փոխօգնության շրջանակներն ընդլայնելու գործընկերությունը` հատկապես անդրազգային հանցավորության բնագավառում որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության սերտ ու կառուցողական հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Ֆրանսուա Իմբերտը հավաստիացրեց, որ ավանդական գործակցությունը երկու երկրների ոստիկանական համակարգերի միջև առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր ևս, այդ թվում նաև առաջիկայում Ֆրանսիայի Հանրապետություն ՀՀ ոստիկանության պատվիրակության փոխադարձ այցի վերաբերյալ հարցերը:
Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում:
ՀՀ ոստիկանություն
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել