
Ինչու առայսօր չի հարցաքննվել Նավասարդ Կճոյանը
Եպիսկոպոսաց ժողովին մասնակցող Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ (Սամվել) արքեպիսկոպոս Կճոյանին այսօր «Առաջին լրատվական»-ը հարց է ուղղել օֆշորային սկանդալի մասին.
- Սրբազան, օֆշորային սկանդալի հետ կապված այդպես էլ որևէ հիմնավորում չեղավ:
- Ես պատասխանել եմ այդ հարցին:
- Ինչո՞ւ չեք հիմնավորում:
- Ի՞նչ կա հիմնավորելու, մեղադրանք կա՞, որպեսզի հիմնավորում լինի, մեղադրանք կա՞, որպեսզի հիմնավորում լինի…»:
Իսկապես, անհնար է որեւէ բացատրություն տալ, թե Կիպրոսում գրանցված օֆշորային երկու ընկերություններում բաժնետեր հանդիսացող Սամվել Կճոյանն ինչու առայսօր չի հարցաքննվել: Նա ադամանդագործ Աշոտ Սուքիասյանի հետ մտերիմ հարաբերությունների մեջ է, նրա հետ եղել է Կիպրոսում: Անհասկանալի է նաեւ, թե ինչու առայսօր նրանից չեն առգրավել «Բենթլի» մակնիշի ավտոմեքենան, որն Աշոտ Սուքիասյանը նվիրել է Կճոյանին: Կես միլիոն դոլարանոց այդ մեքենան Աշոտ Սուքիասյանը ձեռք է բերել «Ամերիաբանկից» ստացած վարկային միջոցներով, որի դիմաց գրավադրվել է գործարար Փայլակ Հայրապետյանի գույքը:
Մայր Աթոռում ընթացող Եպիսկոպոսաց ժողովին մասնակցող եպիսկոպոսները հենց ա՛յս հարցը պիտի քննարկեն, թե ինչպես է հոգեւոր առաջնորդը թանկարժեք նվեր ստանում, երբ իր հոտի 40 տոկոսն աղքատության մեջ է: Էլ ուրիշ ի՞նչ պետք է քննարկեն եպիսկոպոսները:
Մեկնաբանություններ (5)
Մեկնաբանել