Արցախում հայտնաբերվել է վաղ միջնադարյան նշանավոր «Կարկառ» բերդաքաղաքը
Ներկայումս տիրում է այն կարծիքը, ըստ որի պատմական աղբյուրներում հիշատակվող «Կարկառ» քաղաք-ամրոցը ներկայիս Շուշի քաղաքն է: Նման կարծիք է հայտնել տողերիս հեղինակը դեռեւս 1994թ. «Ալիք» թերթում եւ հետագայում (Ս. Սարգսյան, Խաչենի ամրոցները, Երեւան, 2002, էջ 150 - 157), լրագրող Բ. Կարապետյանը, իսկ վերջերս էլ` հնագետներ Հ. Պետրոսյանն ու Վ. Սաֆարյանը, որոնք պեղումներ կատարելով Շուշիում, ի հայտ են բերել XII - XIVդդ. վերաբերող բազմաթիվ նմուշներ («Կարկառ ամրոցի հայտնաբերումն ու պեղումները»,- Շուշին հայոց քաղաքակրթության օրրան, գիտաժողովի նյութեր, էջ 270 - 271):
Սակայն, պեղումների ընթացքում ավելի վաղ ժամանակաշրջանի նյութեր ի հայտ չեն բերվել, որոնք համադրվեին հատկապես արաբական աղբյուրներում եղած հիշատակումների հետ: Իսկ այդ աղբյուրներում (Յակուտ ալ-Համավի, Իբն-Խորդադբեհ, Իբն ալ-Ֆակիհ, Համդալլահ Ղազվինի) «Կարկառ»-ը, որ ներկայացվում է որպես քաղաք եւ ամրոց, վերաբերում է պարսից արքա Խոսրով Անուշիրվանի ժամանակներին (531-578թթ.), այսինքն վաղ միջնադարին, որին վերաբերող կամ բնորոշ հնագիտական նյութեր, ինչպես նշվեց, Շուշիի պեղումներում չեն հայտնաբերվել:
Կռահել կարելի է, որ հնագույն «Կարկառ»-ը անմիջականորեն Շուշի քաղաքի կամ սարահարթի վրա չի եղել, այլ մեկ այլ տեղ, բնականաբար այդ բնակավայրի մոտակայքում, քանզի «Կարկառ»-ն ունի «լեռնային բարձունք» իմաստը եւ այդ բնակավայրից շատ հեռու լինել չէր կարող:
Վերջերս Շուշիի մերձակայքում կատարված փնտրտուքները տվեցին ցանկալի արդյունք: Մեր կողմից գտնվեց հնագույն եւ վաղ միջանադարյան «Կարկառ» քաղաք-ամրոցը: Այն տեղակայված է Շուշի քաղաքից մոտ 2 կմ արեւելք, Շոշ գյուղից 1,5 կմ հյուսիս, Կարկառ գետի ձախափնյա` ավտոմայրուղու վերին ապառաժոտ լեռան սարահարթի վրա: տարածքը կոչվում է «Թագավորեն տեղ»: Զբաղեցնում է մոտ 20 հա մակերես: Պարսպապատերի հիմքերը մի քանի անկյունային, մինչեւ 10-12 մ տրամագիծ ունեցող աշտարակներով նկատելի են: Պատերի որոշ հատվածներում առկա է շարվածքի օրտոստատ ձեւը` մեծադիր քարերով: Պարսպապատերը հարավ-արեւելք, հյուսիս-արեւմուտք ուղղությամբ ձգվում էին մոտ 1 կմ երկարությամբ, ընդ որում ուշագրավ են հողային կտրվածքներն ու պատվարները, արհեստականորեն ստեղծված անանցանելի խանդակները, որոնք կատարվել են բերդաքաղաքը առանձնացնելու եւ պաշտպանական նկատառումներով:
Ամրոց-բնակավայրը ծագումնաբանորեն վերաբերում է վաղ ժամանակների, նկատի ունենալով մերձակայքում գտնվող դամբարանները: Սակայն տեղում պատահականորեն ի հայտ բերված հնագիտական նյութերը վերաբերում են ուշ անտիկ վաղ միջնադար ժամանակաշրջանին` համադրվելով վաղ միջնադարյան «Կարկառ» քաղաք-ամրոցի` աղբյուրներում եղած հիշատակությունների հետ: «Կարկառ» քաղաք-ամրոցի համար որպես պաշտպանական գլխավոր դիտակետ է ծառայել նրա վերնամասում գտնվող «Կիկլոպյան» կոչված ամրոցը, որը մեր կարծիքով «Կարկառ»-ի հետ մի ամբողջություն էր կազմում: Ամրոց-բնակավայրի երբեմնի բնակիչները օգտվել են ոչ միայն մերձակա Կարկառ գետից, այլեւ հյուսիս-արեւմտյան վերնամասում գտնվող երկու աղբյուրներից:
Եվս մեկ նկատառում. ըստ Կ. Գանձակեցու, 1251թ. Խաչենի Հասան Ջալալ իշխանը մեկնում է մոնղոլ զորապետ Բաթուի եւ նրա որդի Սարթախի մոտ եւ խնդրում վերադարձնել իր հայրենական կալվածքները, որոնց թվում` «Կարկառ»-ը: Պարզ է, որ այստեղ վաղ միջնադարյան վերը նշված «Կարկառ» քաղաք-ամրոցի մասին չէ խոսքը, այլ մեկ այլ «Կարկառ»-ի` ներկայիս Շուշիի մասին, որն ինչպես ակներեւ է դառնում նշված հաղորդումից, եւս «Կարկառ» անունն էր կրում: Հավանաբար, IXդ. հետո ընկած ժամանակահատվածում կապված քաղաքական իրավիճակի եւ այլ հանգամանքների հետ, Հին Կարկառի բնակիչները տեղափոխվել են պաշտպանական առումով, առավել հուսալի վայր` ներկայիս Շուշիի բարձրավանդակ` պահպանելով տեղավայրի հինավուրց «Կարկառ» անվանումը:
Խորհրդային ժամանակներում «Կարկառ» քաղաք -ամրոցի տարածքը հարթեցվել եւ ձեւախեղվել է. շինությունների քարերը տեղափոխվել եւ օգտագործվել են բնակելի տների կառուցման համար, Շուշիի ադրբեջանցի կառավարիչների հրահանգով (հնարավոր է կանխամտածված) տեղում ստեղծվել է կաղնու անտառ` տնկվելով Ռուսաստանից բերված ծառատեսակներ, ավելի ուշ տարածքով անց է կացվել Բաքու-Նախիջեւան գազատարի Շուշի տանող հանգույցը:
Սլավա Սարգսյան
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պատմամշակութային հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման բաժնի պետ
Գագիկ Սարգսյան
հնագետ, ք. Երեւան
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (4)
Մեկնաբանել