
Ավարտին են հասնում Երևանի մշակութային օջախների ջեռուցման աշխատանքները
Երևանի քաղաքապետարանի 2013 թվականի ծրագրով սահմանված ժամանակացույցի համաձայն շարունակվում են քաղաքապետարանի ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատությունների նորոգման, հիմնանորոգման, ինչպես նաև մշակութային հաստատությունների ջեռուցման ապահովման ու վերանորոգման աշխատանքները: Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը` նշելով, որ ծրագրի արդյունքում ջեռուցման համակարգերով կապահովվի մայրաքաղաքի 16 գրադարան:
«Դրանցից 12-ում աշխատանքներն արդեն ավարտվել են: Նշենք, որ ծրագիրն այս տարի ամբողջանում է, և մայրաքաղաքի բոլոր գրադարանները մինչև տարեվերջ ապահովված կլինեն ջեռուցման համակարգերով»,- նշված է հաղորդագրության մեջ:
Ջեռուցման համակարգերով են համալրվում նաև քաղաքապետարանի ենթակայության երաժշտական ու արվեստի դպրոցները, մշակույթի կենտրոնները: Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մշակութային օջախների ջեռուցման ծրագրում ընդգրկված են նաև «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնը և Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը, հիմնանորոգման և մասնակի նորոգման աշխատանքներ են ընթանում մայրաքաղաքի 28 մանկապարտեզներում, որոնց մեծ մասն ավարտված է:
Լուսանկարը` yerevan.am-ի
Մեկնաբանել