HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգություն»-ը պատասխան է պահանջում Սյունիքում ՌԴ ԱԴԾ-ի գործողությունների համար

«Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայություը տեղեկացնում է, որ երեկ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ/ФСБ) խոչընդոտել է կուսակցության քարոզչական խմբի գործունեությունը Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում: Քարոզչական խմբի կազմում, համաձայն հաղորդագրության, եղել են Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում «Ժառանգության» կողմից որպես ԱԺ պատգամավորության թեկնածու առաջադրված Սամվել Հայրապետյանը, ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը, ՀՀ այլ քաղաքացիներ:

«Առավոտյան Կապանից Մեղրի ճանապարհին ԱԴԾ աշխատակիցները կանգնեցրել և խուզարկել են «Ժառանգության» քարոզչախմբի երկու մեքենաները՝ առանց որեւէ հիմնավորման: Ընդ որում` մեքենաներին չեն թույլատրել շարունակել իրենց երթը, մինչև որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի ներկայացրել իր պատգամավորական վկայականը, խմբի առաքելությունը՝ ԱԺ պատգամավորի թեկնածու Սամվել Հայրապետյանի նախընտրական քարոզչության շրջանակներում, և բացատրություններ պահանջել կատարվող գործողությունների համար, որից հետո ԱԴԾ-ականը ինչ-որ հեռախոսազանգ է արել եւ ապա թույլ տվել քարոզչախմբին շարունակել իր ճանապարհը: Ընդ որում` ռուս ԱԴԾ-ականները գործել են ոչ թե ՀՀ իրավապահների, այլ ՀՀ ՊՆ զինվորների ուղեկցությամբ»,- տեղեկացնում է «Ժառանգություն»-ը և ավելացնում, որ նույնը կրկնվել է նաև ետդարձի ճանապարհին:  

«Նրանք վերստին մերժել են Զարուհի Փոստանջյանի պահանջը՝ հիմնավորելու իրենց գործողությունները: Ռուս ԱԴԾ-ականները գործել են կոպիտ եւ անհարգալից պահվածք դրսեւորել թե ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի եւ թե խմբի մյուս անդամների՝ ՀՀ քաղաքացիներ հանդեպ: Միջադեպի ամբողջ ընթացքը նկարահանել է Սամվել Հայրապետյանի նախընտրական շտաբի մամլո խոսնակ Դավիթ Հակոբյանը: Սակայն ԱԴԾ-ականը փորձել է խլել նրա տեսախցիկը և կոտրել այն: Հետագայում դեպքի վայր ժամանած մի բարձրաստիճան ԱԴԾ-ական՝ ոմն գնդապետ Միրզոև Զարուհի Փոստանջյանից ներողություն է խնդրել իր ստորադասի կատարած արարքի համար, հիմնավորել ՌԴ ԱԴԾ-ի գործողությունները ինչ-որ իրանցի թմրագործակալի փնտրման աշխատանքներով  և առաջարկել ներքին կարգով փոխհատուցել կոտրված տեսախցիկի արժեքը: Սակայն  Զարուհի Փոստանջյանը հրաժարվել է առաջարկվող գումարից եւ պնդել, որ այն պետք է վճարվի դատական կարգով՝ ՀՀ օրենքներով նման հանցագործության համար նախատեսված պատժին զուգահեռ»,- մանրամասնվում է հաղորդագրության մեջ:

Դեպքից հետո Զարուհի Փոստանջյանը պատրաստվում է հաղորդում տալ հանցագործության մասին:

«Մենք դիտարկում ենք այս միջադեպը որպես կոպիտ արտաքին միջամտություն ՀՀ ներքաղաքական գործընթացներին, որը տեղի է ունենում ՀՀ իշխանությունների՝ Հանրապետական կուսակցության եւ անձամբ դե ֆակտո նախագահ Սերժ Սարգսյանի թողտվությամբ, եթե ոչ անմիջական մեղսակցությամբ: Այն ևս մեկ անգամ ի ցույց դրեց ընտրությունները կեղծած և իշխանությունը բռնազավթած խմբակի անկարողությունը ապահովելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հայաստանում Ռուսաստանի իշխանություններից պահանջում ենք պաշտոնապես ներողություն խնդրել եւ բացատրություններ տալ այս անընդունելի միջադեպի կապակցությամբ, իսկ ՀՀ իրավապահ եւ դատական մարմիններից՝ համապատասխանաբար հետաքննել այս միջադեպը եւ պատասխանատվության ենթարկել մեղավորներին»,- տեղեկացնում են «Ժառանգություն» կուսակցության անդամները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter