HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԲՀԿ-ական պատգամավորի ձկնաբուծարան մտնել չի թույլատրվում

Քրիստինե Աղալարյան, Գրիշա Բալասանյան 

Արարատի մարզի Մասիս քաղաքում գտնվող նախկին նավթաբազայի այս տարածքը արտաքինից լքվածի տպավորություն է թողնում: Միայն ներսում հսկայական գամփռի հաչոցներն են հուշում, որ տարածքն անտեսված չէ, և այնտեղ ինչ-որ գործող արտադրամաս կամ կառույց կա:

Մինչդեռ Մասիսում շատ արագ ցույց են տալիս այն, երբ հարցնում ես պատգամավոր Տիգրան Ստեփանյանի ձկնաբուծարանի մասին:

Մասիս քաղաքի վարչական տարածքի հենց այս փակ դռների հետևում էլ գործում  է ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ստեփանյանի ձկնաբուծարանը:

Երկաթե դարպասներին երկար բախեցինք, մինչև դրանք բացվեցին: Աշխատակիցները, ճշտելուց, թե ովքեր ենք և ինչի համար ենք եկել, և մուտքի դռան դիմաց երկար սպասեցնելուց հետո պատասխանեցին, որ չեն կարող մեզ ընդունել և պատասխանել մեր հարցերին:

Ձկնաբուծարանի տնօրենը պատգամավորի եղբայրն է` Հարություն Ստեփանյանը, որը մեր այցելության ժամանակ տեղում չէր: Համենայնդեպս, մեզ աշխատակիցներն այդպես ասացին:

Աշխատակիցներից մեկը հպանցիկ ասաց, որ ունեն արտեզյան 3 հոր և 20-ից ավել ջրավազան: Աճեցրած ձուկը սպառում են հանրապետությունում:

Հարություն Ստեփանյանը, ըստ ՀՀ ԲՆ ջրթույլտվություների 2010թ. ցուցակի, արտեզյան մեկ հորի թույլտվություն ունի` վայրկյանում 66 լիտր թողունակությամբ: Ըստ ամենայնի, պատգամավորը կարողացել է ևս երկու արտեզյան ջրի հորատանցք բացել վերջին 3 տարիների ընթացքում և ընդլայնել իր տնտեսությունը:

Հարևանությամբ գտնվող տարածքներից անզեն աչքով երևում է, որ պատգամավորի ձկնաբուծական տնտեսությունը բնավ էլ փոքրերից չէ: Մինչդեռ այս տարվա մայիսին վճռաբեկ դատարանի որոշմամբ պատգամավոր Տիգրան Ստեփանյանը սնանկ էր ճանաչվել «ՎՏԲ-Հայաստան» բանկում ունեցած վարկային պատրավորությունները չկատարելու պատճառով: Իհարկե, ձկնաբուծարանն իր անունով չէ և նրա եկամուտների մեջ չէր երևա:  

Պատգամավոր Ստեփանյանից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց. նրա հեռախոսահամարը անհասանելի էր, իսկ ԱԺ նիստերին պատգամավորը հազվադեպ է լինում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter