HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին».Տիգրան Սարգսյան

Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով ուժը կորցրած է ճանաչվում այդ օրենքի 35-րդ հոդվածի մասերից երկուսը: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 

«Պարզվում է, որ կան դեռևս ձեռնարկություններ, որոնք աշխատում են վնասով, և մեր ներկայացուցիչները կամ նախարարությունները պատշաճ վերահսկողություն չեն իրականացնում, - նշել է Տիգրան Սարգսյանը,- մենք պետք է էապես խստացնենք մեր պահանջները նման ձեռնարկությունների նկատմամբ: եթե պետական ձեռնարկությունն աշխատում է վնասով, անհապաղ պետք է փոխել տնօրենին: Եթե չկա հիմնավոր բացատրություն` ինչ պատճառով է պետական ձեռնարկությունը կամ պետական մասնակցությամբ ձեռնարկությունն աշխատում վնասով, դա անհապաղ պետք է դառնա մեր քննարկման առարկան: Մենք մեր պետական սեփականությունը պետք է արդյունավետ կառավարենք: Համապատասխան հանձնարարականները խորհրդակցության արդյունքում ձեզ կներկայացվեն, և համապատասխան վերահսկողական մեխանիզմներ ենք սահմանելու, որ ավտոմատ դա լինի. պետական ձեռնարկության տնօրենը պետք է իմանա` եթե ինքը վնաս է ցույց տալիս, պետք է դիմում գրի և ազատվի աշխատանքից, ուրեմն չի կարողանում պետական ունեցվածքն արդյունավետ կառավարել: Կան դեպքեր, երբ 100 տոկոս պետական ֆինանսավորում ստացող ձեռնարկություններն են վնասով աշխատում: Սա նույնպես պրոբլեմ է, որը պետք է քննարկենք, որովհետև մենք ֆինանսավորումը 100 տոկոս ապահովում ենք, և հասկանալի չէ, թե ինչու պետք է դրանք վնասով աշխատեն: Անհապաղ դա պետք է դառնա քննարկման առարկա: Կամ բյուջետային պլանավորումն է սխալ եղել, կամ սխալ կառավարում է տեղի ունենում, և բացատրություն պետք է տրվի: Մենք հիմա ունենք ամբուլատորիաներ, պոլիկլինիկաներ, որոնք անցնում են համայնքային ենթակայության, և մեկ էլ տեսնում ենք, որ սկսում են աշխատել վնասով: Մենք պետք է խնդրենք համայնքի ղեկավարներին, որպեսզի դա դարձնեն քննարկման առարկա, և եթե նրանք ի վիճակի չեն պատվիրակված ֆունկցիաներն իրականացնել, ապա ավագանիները որոշում ընդունեն և այդ սեփականությունը հանձնեն պետությանը: Հակառակ դեպքում անթույլատրելի է պարտքի կուտակումն այն ձեռնարկություններում, որոնք ստանում են 100 տոկոս պետական ֆինանսավորում, ուղղակի անթույլատրելի է, և այս որոշումն այդ շարքից է»:

Մեկնաբանություններ (2)

ominac
Ազատ շուկայի մէջ, պետութիւնը ձեռնարկութեան կարիք չունի․ Համայնավարութիւնէն ելլալու եւ ազատ շուկայական համակարգ ստեղծելուն հիմնական նպատակներէն մէկը պետութիւնը ձեռնարկութիւններ վառելէ ազատելն էր․ Եթէ այդ ձեռնարկութիւնը իսկապէս պէտք էր, այն ժամանակ գործարարներ կը գտնուէին որ այդ ձեռնարկութիւնները կը հիմնէին եւ դրամ կաշխատէին․ Պետական ձեռնարկութիւնները կաշառքի համակարգի գոյութիւնը կապահովեն․ Եթէ տնօրէն փոխելով կը վերջանար ինչու՞ ազատ շուկայական պայմաններ ստեղծեցինք հայաստանի մէջ․
Նահապետ
Իսկ եթե ամբողջ հայաստանն է վնասով աշխատում, ուրեմն վարչապետին անհրաժեշտ է փոխել

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter