HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսը, նվիրված 1988թ-ի Սպիտակի երկրաշարժի լուսաբանմանը ժամանակի լրատվամիջոցների, լուսանկարիչների եւ կինովավերագրողների կողմից, այսօր բացվեց Գյումրիի «Ստիլ» կերպարվեստի թանգարանում:

Ցուցահանդեսը կազմակերպվել էր Մեդիա նախաձեռնության կենտրոնի ««Լրատուն» մեդիա թանգարան» նախագծի շրջանակներում: Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը խոստովանում է, որ թանգարանի ստեղծման գաղափարն իրենց հուշել է ամերիկյան «Նյուզիումը»:

«Երկրաշարժ, որ ցնցեց մեդիան» ցուցահանդեսի տաղավարները ներկայացնում են հայկական եւ սովետական ռւսալեզու մամուլի անդրադարձը երկրաշարժին՝ ամենաբնորոշ հրապարակումները եւ թերթերի առաջին էջերը, հեռուստատեսային ռեպորտաժներ, լուսանկարներ, վավերագրական ֆիլմեր, ինչպես նաեւ չլուսաբանված արխիվային նյութեր:

Ցուցահանդեսի հպէկրանները (touchscreen) ներկայացնում են հարցազրույցներ անվանի լրագրողների, վավերագրողների եւ լուսանկարիչների հետ, ովքեր պատմում են, թե ինչպես են լուսաբանել աղետը եւ ինչ է մնացել կադրից դուրս:

«Պարզապես մի բանի համար պիտի ներողություն խնդրեմ, որ այսօր ստիպված ենք այս լուսանկարներով, վիդեոպատմություններով ու հրապարակված հոդվածներով կրկին տխրեցնել ձեզ,-դիմելով սրահում հավաքվածներին՝ ասաց Նունե Սարգսյանը,-բայց մեզ համար շատ կարեւոր է, որ մենք ցույց տանք մեր կյանքում տեղի ունեցած շատ դրամատիկ իրադարձություններից մեկը, որ բացեց մեր հասարակությունը, բացեց մեդիան: Սա է պատճառը, որ ընտրել ենք այս թեման, որպես սկիզբ»:

Պատկերասրահի գրեթե կենտրոնում տեղադրված մարդաբոյ լուսանկարի ներքեւի հատվածում արված մակագրությունը հուշում է, որ այն Ավետիք Օհանյանի աշխատանքն է՝ արված երկրաշարժի հենց առաջին պահերին: Ձեռնափայտին հենված բարձրահասակ, նիհարավուն տղամարդն ուշադիր դիտում է լուսանկարն ու ձեռնափայտն ուղղելով փլատակների կողմը՝ նկատում. «էդ ժամանակ, հըլը մարդիկ ինքնուրույն կելնեին պանելների տակից: Ընդամենը 15 րոպե էր անցել երկրաշարժից»: Պարզվում է, զրուցակիցս հենց լուսանկարի հեղինակն է՝ Ավետիք Օհանյանը:

«25 տարի պահել եմ էդ ժապավենը,-խոստովանում է Ավետիք Օհանյանը,-ես շինարար եմ, ուղղակի լուսանկարել շատ եմ սիրում, սաղ կյանքս լուսանկարել եմ: Ապարատը միշտ մոտս էր: Երկրաշարժի ցնցումներն, օր եղան, ես Չուլոչնու մոտի մեր տանն էի, ֆոտոպարատը ձեռքիս էր, անմիջապես դուրս եմ վազել, սկսել եմ նկարել: Գիտեի, որ ինչ որ խելագար բան է կատարվում, բայց նաեւ գիտեի, որ պիտի լուսանկարեմ: Մտքովս չէր անցնում, որ 25 տարի անց կտրամադրեմ ցուցահանդեսի համար»:

Ավետիք Օհանյանի լուսանկարը «Ստիլ» պատկերասրահում բացված ցուցահանդեսի գլխավոր նկարներից մեկն է: Ոչ պրոֆեսիոնալ լուսանկարիչը խոստովանում է, որ շատ ավելի ծանր ու սթրեսային կադրեր է ինքը ֆիքսել այդ օրերին, որոնց նայելիս մինչեւ օրս անպատմելի ապրումներ է ունենում:

«Ես գիտեի, որ պատմության համար եմ անում, էդքան բան, շատ դժվար էր, բայց լուսանկարում էի»,-ասում է Ավետիք Օհանյանը:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում շրջիկ այս ցուցահանդեսը կներկայացվի Հայաստանի տարբեր քաղաքներում՝ Վանաձոր, Կապան, Մարտունի, Երեւան: Գյումրիում ցուցահանդեսը կմնա մեկ շաբաթ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter