HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինքնապաշտպանությո՞ւն, թե՞ դիտավորյալ սպանություն. Շահվերդյանի կալանքը երկարաձգվեց

Ալավերդի քաղաքի բնակիչ Ռոբերտ Մոսինյանի սպանության գործով մեղադրվող Կամո Շահվերդյանի կալանքը 2 ամիս ժամանկով երկարաձգելու պահանջով նախքննական մարմինը երեկ միջնորդություն էր ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան: Դատավոր Սուրեն Բաղդասարյանը միջնորդությունը բավարարեց:

Կամո Շահվերդյանի շահերի պաշտպան Հովիկ Արսենյանը գտնում է, որ դատարանի կալանավորման որոշումը հերթական անգամ հիմնավորված չէր: Նախաքննության մարմինը Շահվերդյանին անազատության մեջ պահելու անհրաժեշտությունը պայմանավորել էր նոր փորձաքննության արդյունքներն մեղադրյալին և պաշտպանական կողմին  ծանոթացնելու, Ալավերդի քաղաքի սրճարաններից մեկում կատարված խուլիգանական դրդապատճառների լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու հանգամանքներով: 

Հովիկ Արսենյանը, պահանջելով մերժել նախաքննական մարմնի միջնորդագիրը, ներկայացրել է սեփական միջնորդությունը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել գրավը: Սակայն դատարանը խափանման այլընտրանքային միջոցի կիրառումը համարել է անթույլատրելի: 

Հովիկ Արսենյանը «Հետքին» տեղեկացրեց , որ նախաքննական մարմնի կողմից Կամո Շահվերդյանի կալանքը երկարաձգելու նախորդ միջնորդագիրը դատարանին ներկայացվել է մայիսի 11-ին: Դրանից հետո Կամո Շահվերդյանի հետ որևէ քննչական գործողություն, ըստ պաշտպանի, չի կատարվել, ինչն Արսենյանը բացատրում է նրանով, որ լրացուցիչ քննչական գործողություններ կատարելու անհրաժեշտություն չկա: 

Պաշտպանին շատ տարօրինակ է թվում փորձաքննություն նշանակելու քննիչ ՌուդոլՖ Ստեփանյանի մոտեցումը. «Թե ե՞րբ է նշանակվել այդ փորձաքննությունը, ի՞նչ տեսակի փորձաքննություն է դա, ի՞նչ հարցեր պարզաբանելու նպատակով է նշանակված` պաշտպանական կողմին հայտնի չէ»: 

Արսենյանն ասում է, որ միայն դատարանում՝ կալանքի միջնորդության քննարկման ժամանակ է տեղեկացել նշյալ փորձաքննության մասին, ինչը շատ տարակուսելի է, քանզի «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ն դատաիրավական փորձաքննություններ արդեն անցկացրել է: 

«Հակված եմ կարծելու, որ ոստիկանության քրեագիտական վարչության փորձաքննությամբ նախաքննական մարմինը փորձ է անում  իմ պաշտպանյալի ցուցմունքներում մեխանիկական անճշտություններ հայտնաբերելու միջոցով անարժանահավատ համարել նրա ցուցմունքները»,- ասում է Հովիկ Արսենյանը: Նա ունի նաեւ մեկ այլ նկատառում. «Վերջին հաշվով, հնարավոր էր, որ մենք էլ հարցադրումներ դնեինք` փորձագետների կողմից պարզաբանումներ տալու համար: Հնարավոր էր՝ մենք բացարկ հայտնեինք փորձագետներին: Ինչու չէ, հնարավոր էր՝ նաև միջնորդություն ներկայացնեինք իմ և Կամո Շահվերդյանին փորձաքննությանը մասնակից դարձնելու համար»: 

Արսենյանի գնահատմամբ, անտեսելով գործող օրենսդրությունը՝ նախաքննական  մարմինն փորձաքննությունը նշանակել եւ ավարտել է ինքնագլուխ: Արդյունքում ստացվել է «անորոշ եզրահանգումներով և ոչինչ չասող եզրակացություն»: 

«Մասնավորապես, մի բան ականհայտ է, որ տուժող Ռոբերտ Մոսինյանի ձեռքին է եղել 2-րդ հրացանը, մյուս որսորդական հրացանը եղել է Վրույր Էվոյանի ձեռքին, ով  հիմա կալանքի տակ է գտնվում:  Իմ պաշտպանյալն իր ցուցմունքներում ընդամենը հայտարարել է, որ ոտնձգությունից պաշտպանվելու նպատակով, հարվածել, ձեռքից խլել է Ռուբերտ Մոսինյանի ձեռքի հրացանը և գետնին է կրակել»,- ասում է փաստաբան Արսենյանը:

Նախաքննական մարմինը դեռ չի կարողացել ճշտել, թե որ և կոնկրետ ում մոտ գտնվող որսորդական հրացանի արձակած կրակոցից է մահացել Ռոբերտ Մոսինյանը: Պաշտպանը հերքում է Ռոբերտ Մոսինյանի ուղղությամբ կրակելու մասին Կամո Շահվերդյանի ցուցմունքներից քաղված և «Հետքին» հայտնած քննիչ Ռուդոլֆ Ստեփանյանի տեղեկությունը: 

«Վերջին հաշվով, Կամո Շահվերդյանի ցուցմունքը ֆիքսված է, այն քրեական գործում է գտնվում, վաղը մյուս օրը հրապարակվելու է, և այդ ժամանակ էլ կարող եք նույնիսկ համադրել քննիչ Ստեփանյանի ասածների հետ: Կամո Շահվերդյանը ոչ թե Ռոբերտ  Մոսինյանի ուղղությամբ կրակոց է արձակվել, այլ նրա ձեռքից հրացանը խլելով`  գետնին է կրակել, որ հարձակվողները ուշքի գան, թողնեն հեռանան»,- ասում է Արսենյանը: 

Այս գործի շրջանակներում նախաքննության ընթացքում անցյալ տարվա նոյեմբերի 26-ին հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով: 

«Քննիչը, եթե հայտարարում է, որ Կամո Շահվերդյանն է հանցավոր խմբին հրավիրել իր մոտ, այդպիսի արտահայտություններ է թույլ տվել, իր կատարած քննչական գործողությունների արդյունքներով հակասել է ինքն իրեն: Մի կողմից հարուցվել է քրեական գործ, որ 2 հրազենով զինված մի խումբ անձինք (որոնց մեջ նաև տուժողը), գնացել են Կամո Շահվերդյանին տեսնելու: Նպատակը ո՞րն է եղել, հրավիրել է դրա՞ համար: Եթե հրավիրել է, ինչո՞ւ էիք հրազեն տարել, ինչո՞ւ էիք այդքան մարդկանցով գնացել»,- հարցնում է պաշտպանը: 

Ըստ Արսենյանի՝ քննչական մարմինը պետք է եզրակացություններ անի, թե ինչու է տուժողի եղբայրը` Ռոման Մոսինյանը, հրաժարվում, որ փոխհրաձգության պահին եղել է դեպքի վայրում. «Հիմա կբացեմ փակագծերը: Հանցավոր խումբը գնացել էր  հաշվեհարդար տեսնելու: Եվ Կամո Շահվերդյանն իր սեփականության, իր անձի պաշտպանության իրավունքն ունի՞, թե՞ ոչ: Քրեական օրենսգրքի 42-րդ հոդվածի 2-րդ կետն ընդամենը մի բան է ասում. եթե հանցավոր ոտնձգություն է եղել, մարդը, խմբի կողմից հարձակման ենթարկվելու դեպքում, անհրաժեշտ պաշտպանության սահմաններում կատարել է հանցավոր արարք, եթե նույնիսկ սպանություն է եղել, նա ենթակա չէ քրեական պատասխանատվության: Իսկ Ռոման Մոսինյանը հրաժարվում է, որովհետև ինքը գիտի, թե ինչու էին հանցավոր խմբով գնացել Կամո Շահվերդյանի  քարի արտադրամաս: Նա ուզում է խուսափել պատասխանատվությունից»:

Հովիկ Արսենյանը միաժամանակ շեշտում է. «Անկախ նրանից, թե ինչ եզրակացություն է տվել փորձաքննությունը, վաղուց պետք է (մեղադրանքի) վերավորակավորում կատարված լիներ: Ես արդեն ասացի, այսօրվա դրությամբ նույնիսկ չեն պարզել՝ որ հրացանի կրակոցի արդյունքում է սպանությունը կատարվել: Ընդամենը ենթադրում են, որ Կամո Շահվերդյանն է կրակել: Ուրեմն, Կամո Շահվերդյանն է սպանել»:

Պաշտպանը դրական է համարում այն հանգամանքը, որ «Հրազենով զինված չարամիտ խուլիգանության» մեղադրանքով հարուցված քրեական գործը միացվել է Կամո Շահվերդյանի նկատմամբ հարուցված գործին:

«Դուք պատկերացրեք՝ այս դեպքում հիվանդ պետք է լինել Կամո Շահվերդյանի գործողությունները դիտավորյալ սպանություն որակելու համար:  Դատարանում, պատկերացրեք, Կամո Շահվերդյանի կողքին նստած է լինելու Վրույրը Էվոյան: Վերջինս ի՞նչ պետք է ասի, ի՞նչի համար է գնացել Կամո Շահվերդյանի տուն և ի՞նչ է տեղի ունեցել այնտեղ:  Ուզի թե չուզի պետք է ասի, չէ՞: Պետք է ասի՝ գնացել էինք ի՞նչ անենք Կամո Շահվերդյանին: Այսպիսի բան չի լինում: Պաշտպանվողին դիտավորյալ հանցագործության մեջ են մեղադրում»,- ասում է Հովիկ Արսենյանը:

Մեկնաբանություններ (1)

GOR SHAHVERDYAN
Ananhit jan ,shat shnorhakalutyun .....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter