HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ոչ դրացի հարեւաններից եկող ռիսկերը վերահսկվու՞մ են

«Հետքն» արդեն անդրադարձել է ՀՀ գյուղնախարարի՝ այս տարվա հունիսի 7-ին արձակված հրամանին, որը վերաբերում է Թուրքիայից եւ Ադրբեջանից մթերքի ներկրումներ թույլատրելուն:

Գյուղնախարարության պարզաբանումից եւ պատասխանից հետո բավականին ուշացումով ստացել ենք նաեւ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավար Հովհաննես Գեւորգյանի պատասխանը, որը, բնականաբար, շատ նման է ԳՆ-ի գրածին:

ՍԱՊԾ-ն, որը, մասնավորապես, իրականացնում է սննդի հսկողություն անցակետերում, նախարարի հրամանի անհրաժեշտությունը պայմավորել է Առեւտրի համաշխարհային կազմակերպության կողմից առաջադրված պահանջներով, «այն պատճառաբանությամբ, որ առանց օրենքով սահմանված դեպքերի չի կարող սահմանափակում կիրառվել ներմուծման գործընթացների նկատմամբ»: Մենք արդեն նշել ենք, որ ԱՀԿ-ի անդամ է միայն Թուրքիան, որն իր հերթին բավականին կոշտ քաղաքականություն է վարում այն հայ տնտեսվարողների հանդեպ, որոնք փորձում են ապրանք մտցնել իր տարածք: Եվ եթե ԳՆ-ն ցանկություն ունենա, ապա օրենսդրական նախաձեռնությամբ հանդես կգա, եւ հարցը կփակվի: Իսկ Ադրբեջանն ընդհանրապես ԱՀԿ-ի դիտորդ է միայն, եւ նրա հանդեպ ԱՀԿ-ի շրջանակներում Հայաստանը նման պարտավորություն, եթե կարելի է այդպես ասել, չունի:

ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավարը նշել է նաեւ, որ իրենց կառույցը սննդամթերքի խմբաքանակի ներմուծումը թույլատրելիս առաջնորդվում է կառավարության՝ 2010 թ. հոկտեմբերի 21-ի N 1442-Ն որոշմամբ սահմանված կարգով: Ըստ այդմ՝ ներմուծում կատարելիս անհրաժեշտ է ՍԱՊԾ համապատասխան հսկիչ կետ ներկայացնել տվյալ խմբաքանակն ուղեկցող փաստաթղթերը:

«Համապատասխան փաստաթղթերի բացակայության կամ դրանք չներկայացնելու կամ ներկայացված փաստաթղթերը բեռին չհամապատասխանելու դեպքերում, ինչպես նաեւ ռիսկայնության հսկողության մեթոդաբանության հիման վրա կատարվում է նմուշառում՝ լաբորատոր փորձարկումներով բեռի անվտանգությունը որոշելու համար,- նշում է Հ. Գեւորգյանը, ապա հավելում,- ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ունի անհրաժեշտ բոլոր միջոցները, ինչպես նաեւ համապատասխան ներուժ՝ իր իրավասության սահմաններում սննդամթերքի անվտանգության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու անվտանգությանը ներկայացվող բոլոր ցուցանիշներով»:

Քանի որ ՀՀ-ն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ ունի ոչ բարիդրացիական, ավելին՝ լարված հարաբերություններ, պետք է մշտապես հաշվի առնել, որ կա ռիսկ՝ անկախ համապատասխան փաստաթղթերի առկայությունից: Իսկ եղած փաստաթղթերի իսկությունն էլ այլ թեմա է: Հայաստանն այս երկրների հետ չունի դիվանագիտական հարաբերություններ, ինչը եւս դժվարացնում է սննդամթերքի անվտանգության ոլորտում համապատասխան մարմինների փոխգործակցությունը: Այն, ըստ էության, հնարավոր է միայն միջնորդավորված՝ տարբեր միությունների միջոցով: Հետեւաբար, նման հրաման արձակելուց առաջ պետք է հաշվի առնել այս ամենը:

Իսկ թե իրականում ինչն է պատճառ դարձել նախկին ժամանակավոր արգելքը հանելուն, հնարավոր է՝ պարզ դառնա առաջիկայում: Խոսքն առաջին հերթին Թուրքիայից սննդային տարբեր տիպի ներկրումների միտումների մասին է, երբ աճող ներմուծումներից հետո հանրությունն իմանա, որ դրանք իրականացնում է ինչ-որ բարձրաստիճան պաշտոնյա կամ հայտնի օլիգարխ:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter