Կենսաթոշակը կավելանա 15 տոկոսով, պետական հատվածի աշխատավարձը` մոտ 40 տոկոսով
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության արտահերթ նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2014 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծին, որի համաձայն 2014 թ. համախմբված բյուջեն կկազմի` եկամուտների գծով` 1.161.9 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստացվող մուտքերի), ծախսերի գծով` 1.277.5 մլրդ դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), դեֆիցիտը (պակասուրդը)` 115.6 մլրդ դրամ:
ՀՀ համայնքների 2014 թ. բյուջեները կկազմեն` եկամուտների գծով` 112.8 մլրդ դրամ (ներառյալ պետբյուջեից ստացվող պաշտոնական դրամաշնորհները), ծախսերի գծով` 117.9 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)` 5.1 մլրդ դրամ:
«Մեզ սպասվում է բավական լարված աշխատանք, որը պայմանավորված է մի քանի հանգամանքով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: - Առաջինը զարգացող երկրների տնտեսական ցուցանիշների վատթարացումն է, այդ թվում նաև` 2013-2014 թվականների կանխատեսումները, որոնց համաձայն Ռուսաստանի Դաշնությունում տնտեսական աճի ցուցանիշները Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից ճշգրտվել են դեպի նվազեցում, ինչը, իհարկե, մեզ վրա էական ազդեցություն է թողնում: Սա առաջին և կարևոր խնդիրն է: Երկրորդ, վերջին տարիների ընթացքում մասնավոր ներդրումների կրճատման միտում է արձանագրվում, ինչը նշանակում է, որ մենք պետք է մտածենք բիզնես միջավայրի բարելավման և հարկային բեռի ճիշտ բաշխման մասին, որպեսզի հարկային բեռի ավելացում տեղի չունենա: Այս ճշգրտված բյուջեի առանձնահատկությունն այն է, որ մենք չենք ավելացնում 2014 թվականի հարկային բեռը. հարկեր-ՀՆԱ ցուցանիշը մենք ամեն տարի ավելացնում էինք 0.3-0.4 տոկոսային դրույքով, այս պահին մենք որոշում ենք ընդունում 0.3 տոկոսային կետով 2014 թվականին չավելացնել հարկեր-ՀՆԱ ցուցանիշը, որպեսզի բիզնեսի վրա ավելորդ ճնշում չլինի, դրանով փորձելով բարելավել բիզնես միջավայրը:
Երրորդ, հասկանալի է, որ Մաքսային միության անդամակցությունը տնտեսվարող սուբյեկտների համար ստեղծելու է նոր միջավայր, և մենք պետք է նրանց համար ստեղծենք այդ անցումը կատարելու ավելի սահուն, հարմարավետ հնարավորություններ: Այս ամենը հաշվի առնելով մենք ըստ էության հարկային եկամտի ցուցանիշը ճշգրտում ենք շուրջ 11 մլրդ դրամով և արդյունքում հարկեր-ՀՆԱ ցուցանիշը թողնում ենք անփոփոխ: Բնականաբար, մենք պետք է նաև բավարար չափի ռեզերվներ կուտակենք, որպեսզի 2014 թվականի բյուջեն կատարման առումով լինի առավել հուսալի: Դա նշանակում է, որ մենք նաև ծախսային մասերում կատարում ենք որոշակի ճշգրտումներ:
2014 թվականի հունվարի մեկից թոշակները կավելանան 15 տոկոսով, և 2014 թվականի հուլիսի մեկից աշխատավարձերը կավելանան շուրջ 40 տոկոսով. այս երկու ավելացումները հիմնականում տեղի են ունենալու հենց այն լրացուցիչ շուրջ 90 մլրդ դրամի ավելացման շնորհիվ:
Միևնույն ժամանակ փոփոխություններ կատարեցինք կապիտալ ծախսերի ավելացման ուղղությամբ, մասնավորապես, ավելացրինք դպրոցաշինության և ճանապարհաշինության ծախսերը, որպեսզի կապիտալ ծախսերի տեսակարար կշիռը Համախառն ներքին արդյունքում կարողանանք բարձր պահել և դրանով իսկ նույնպես նպաստել տնտեսական աճի ցուցանիշի բարելավմանը: Սրանք են հիմնական փոփոխությունները, որ մենք նախորդ ժամանակահատվածի համեմատ կատարել ենք», - եզրափակել է վարչապետը:
Կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին:
Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ Տիգրան Սարգսյանն ասել է. «Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ՝ 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը`ավելի բարձր»:
Կառավարությունն ստեղծել է աշխատավարձի հաշվարկման սանդղակ և առաջին անգամ Ազգային ժողովին առաջարկում է սահմանել իշխանության տարբեր ճյուղերի աշխատողների համադրելի աշխատավարձեր: Այս խնդրի վերաբերյալ նույնպես պարզաբանում է տվել ՀՀ վարչապետը. «Երկար ժամանակ ենք ծախսել այս համակարգը մշակելու համար: Վաչե Գաբրիելյանի ղեկավարությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով, որի մեջ ներգրավված էին նաև Ազգային ժողովի պատգամավորներ, Սահմանադրական դատարանի ներկայացուցիչներ: Հասկանալի է, որ տարբեր գերատեսչություններ ունեն իրենց ուրույն պատկերացումը, թե ինչպիսին պետք է լինեն իրենց գերատեսչության աշխատավարձի սանդղակը, աճի տեմպը և այլն: Առաջին անգամ մեր պետության պատմության մեջ մենք առաջարկում ենք Ազգային ժողովին միասնական աշխատավարձի սանդղակ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, որի միջոցով մենք փորձում ենք ապահովել իշխանության տարբեր ճյուղերի միջև համադրելի աշխատավարձերի սանդղակ, և մեր երկրում երկարաժամկետ առումով կլինի հստակ պատկերացում աշխատավարձի սանդղակի և զարգացումների վերաբերյալ: Հասկանալի է, որ սա քաղաքական որոշում է, ինչպես ընդունված է աշխարհի զարգացած երկրներում, երբ ապահովում են տարբեր ճյուղերի միջև աշխատավարձերի և սանդղակների համադրելիությունը: Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ հօգուտ այս կամ այն սանդղակի: Մենք տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ ուսումնասիրություններ` ներգրավելով պատգամավորների, կառավարության անդամների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, որպեսզի բացահայտենք մեզ համար, թե ինչպիսին է հանրության պատկերացումն ըստ պաշտոնների հարաբերակցության: Փաստորեն Ազգային ժողովի դատին ենք ներկայացնելու մի փաստաթուղթ, որը կոմպրոմիսի արդյունք է այդ բազմաթիվ քննարկումների շնորհիվ: Հասկանալի է, որ այս փաստաթղթի շուրջ բուռն դեբատներ կլինեն, թե արդյոք արդար է այդպիսի պաշտոններն իրար հետ համադրելը հենց այդ ցուցանիշներով, թե արդար չէ: Կլինեն փաստարկներ հօգուտ այդ տարբերակի կամ հակառակը, բայց մենք պետք է այդ քաղաքական կոմպրոմիսին Ազգային ժողովում անպայման հասնենք, և դրանից հետո արդեն մեզ համար շատ հեշտ կլինի տարիների ընթացքում պլանավորել աշխատավարձերի քաղաքականությունը: Սա այն փաստաթուղթն է, որը երկար ժամանակ պահանջված էր և՛ հանրության, և՛ Ազգային ժողովի կողմից: Հիշում եք` մենք Ազգային ժողովում խոստացել ենք, որ այդպիսի միասնական սանդղակ ներկայացնելու ենք խորհրդարանի դատին և դրանով իսկ փորձելու ենք վերջնականապես այդ բոլոր հարցադրումների պատասխանը տալ, թե տարբեր ոլորտներում աշխատավարձերի բարձրացման ինչ քաղաքականություն է իրականացնելու Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Սա առաջին փորձն է այդ հարցի պատասխանը տալու: Դրա համար ես կարծում եմ, որ դեռևս բուռն դեբատներ կլինեն Ազգային ժողովում, բայց մենք պետք է գանք համաձայնության և ընդունենք այս օրենքը»:
Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել