HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Անարժանապատիվ լռության գինը

Եթե տեղեկատվությունը չի հերքվում, նշանակում է այն հավաստի է: Այս սկզբունքից ելնելով ստացվում է, որ կառավարությունն անուղղակիորեն հաստատում է փաստը, որ սեպտեմբերի 25-ին Երևան-Մեղրի ավտոճանապարհը հսկել են զինված ռուս սահմանապահները, որոնց հանձնարարված է եղել իրականացնել օպերատիվ փնտրողական աշխատանքներ` գտնելու քրեական հանցագործությունների մեջ կասկածվող ինչ-որ անձանց:

Ոչ ՀՀ կառավարությունը, ոչ ազգային անվտանգության ծառայությունը և ոչ էլ ոստիկանությունն անցած օրերին այդպես էլ չպարզաբանեցին, թե իրավական ի՞նչ հիմքով, ո՞ւմ հանձնարարությամբ և ինչո՞ւ է բացառապես Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանների հսկողությունն իրականացնելու իրավազորություն ունեցող  ռուս սահմանապահներին իրավունք վերապահվել կանգնեցնել ՀՀ քաղաքացիների ավտոմեքենաները երկրի տարածքում, ստուգել փաստաթղթերը և առհասարակ որևէ ձևով անհանգստություն պատճառել սեփական երկրում իրենց ազատ երթևեկի իրավունքն իրացնող մարդկանց:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայության Հայաստանի վարչության տարածած պարզաբանման մեջ, որով նրանք փորձում էին բացատրել սեպտեմբերի 25-ին Մեղրիի տարածաշրջանում նախընտրական քարոզարշավ իրականացնող «Ժառանգություն» կուսակցության ավտոմեքենաները կանգնեցնելու, ստուգումներ կատարելու և տեսախցիկը ջարդելու մասին այդ կուսակցության արած հայտարարությունները, նշվում է, թե այդ օպերացիան իրականացվել է Հայաստանի իրավապահ մարմինների հետ միասին: Սա առնվազն նշանակում է, որ ռուսների հետ ճանապարհին պարեկություն պետք է անեին նաև հայայստանյան զինված ուժերը կամ ոստիկանությունը: Մինչդեռ ռուս զինվորների հետ, ինչպես պնդում է «Ժառանգությունը», այդ պահին գոնե Հայաստանի իրավապահ մարմինների որևէ ներկայացուցիչ չի եղել:

Առնվազն տարօրինակ է, որ կուսակցությանը պատասխանելու իրավունքն իրեն վերապահել է ՌԴ ԱԴԾ-ն, այլ ոչ թե հայկական կողմը, ինչը թույլ  է տալիս անել երեք հնարավոր հետևություն:

Առաջին` ռուս սահմանապահները գործել են ինքնուրույնաբար` առանց իրենց գործողությունները հայկական կողմի հետ համաձանեցնելու, և հենց դրանից անտեղյակությունն էլ հանդիսանում է կառավարության կամ լիազոր պետական մարմինների քար լռության պատճառը: Երկրորդ, որը թվում է ավելի հավանական, ռուսները գործել են հայկական կողմի գիտությամբ և իրականացրել են ինչ-որ օպերացիա, որը կարող էր առնչվել ոչ թե Հայաստանի, այլ միայն Ռուսաստանի շահերին: Այս իմաստով ինչ-որ հանցագործների բռնելու մասին հավաստիացումները պարզապես շղարշ են` թաքցնելու համար շատ ավելի կարևոր իրողություններ կամ հանգամանքներ: Եվ երրորդ` գուցե հայկական կողմն իսկապես որոշել է  ռուսներին պատվիրակել մի քանի հանցագործների փնտրման ու  վնասազերծման գործը: Բայց այդ դեպքում նաև պետք է ընդունենք,որ հայաստանյան իրավապահ և ազգային անվտանգության համակարգերը ցուցադրել են իրենց անկարողությունն ու անարդյունավետությունը:

Երեք տարբերակների դեպքում էլ հայկական կողմի պահվածքը որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, որովհետև երեքի դեպքում էլ գործ ունենք նախ գրեթե լիակատար անմեղսունակության , երկրորդ` անգործունակության և երրորդ` կամքի ու արժանապատվության բացակայության հետ: Ասել, թե դա սուվերեն պետական մարմինների պահվածք չէ, նշանակում է` չասել ոչինչ: 

Պետական իշխանության այս լռությունը պայմանավորված է, թերևս, Ռուսաստանի նկատմամբ ձևավորված անասելի  ահաբեկվածությամբ, որը գործնականում արդեն հանգեցնում է ռուսների ցանկացած որոշման, ցանկացած քայլի անվերապահ վավերացմանն անգամ սեփական երկրի տարածքում: Տվյալ դեպքում այդ վավերացումը կատարվում է տեղի ուենցած` իրականում շատ լուրջ միջադեպի նկատմամբ ցուցաբրվող արհեստական անտարբերությամբ ու լռությամբ: Իշխանությունն առաջնորդվում է, թերևս, այն մտածողությամբ, որ մեկնաբանել, առավել ևս որևէ կերպ որակել  ռուս սահմանապահների գործողությունները, նշանանակում է հանդգնել մեկնաբանել Կրեմլի կայացրած որոշումները կամ դուրս գալ նրա դեմ: Ռուսաստանի իշխանությունների աչքին հավատարմությունն ապացուցելու համար հնազանդ վասալի տպավորություն թողնելու, այդպիսով նրանց մոտ սեփական արժեքը բարձրացնելու  այս մղումների արդյունքում, սակայն, տեղի է ունենում պետության և պետականության զգացողության արժեզրկում երկրի ներսում, սեփական ժողովրդի, հասարակության ընկալումներում: Որովհետև սովորական քաղաքացին արդեն սկսում է մտածել` եթե անգամ հանցագործ բռնելու գործն է վերապահվում ռուս սահմանապահներին, արդյոք հենց նրանցից չպետք է պահանջել, օրինակ, քրեական իրավիճակի վերահսկումը Հայաստանի տարածքում: Եթե այո, ապա միգուցե բնական է, որ ռուս սահմանապահների մտքով նաև անցնի հսկիչ անցագրային կետեր դնել և զինված պարեկություն սահմանել ոչ միայն Մեղրիի, այլ Հայաստանի բոլոր մայրուղիներում: Ո՞վ է նրանց խանգարելու:  

Մամուլն արդեն գրել է, որ Ռուսաստանը որոշել է թե' տեխնիկապես և թե' մարդկային կոնտինգենտով էլ ավելի հագեցնել Գյումիում տեղակայված իր 102-րդ ռազմաբազան: Հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը և այն փաստը, որ այդ գոտուն ամենամոտը հենց այս ռազմակայանն է, մամուլի նման հրապարակումները չեն թվում զուտ ենթադրություններ: Դա, ինչ խոսք, անուղղակի կերպով, զուտ հոգեբանական առումով, ավելացնում է հարավկովկասյան տարածաշրջանում և հատկապես ԼՂ հակամարտության գոտում հայկական կողմի անվտանգության երաշխիքները:

Սակայն, ինչպես հայտնի է, ռուսական ռազմաբազայի պահպանման ամբողջ ծախսը դրված է հայկական կողմի վրա: Այդ բազան պահպանվում է Հայաստանի քաղաքացիների վճարած հարկելի հաշվին և այդ պարտականությունը Հայաստանը կատարում է ամենայն բարեխղճությամբ: Եվ հիմա հարց է առաջանում, եթե ռուսները որոշել են ընդլայնել այդ բազան, ապա արդյո՞ք ավելացող ծախսերը ևս հոգալու է հայկական կողմը և որքանո՞վ է վերջինս պատրաստ դրան: Խոսքը վերաբերում է մի երկրի, որն ընդամենը օրեր առաջ, եվրոբոնդեր թողարկելով և նոր պարտքեր վերցնելով, արտաքին պարտքերը մարելու հույսին է մնացել` գրեթե 1 մլրդ դոլարով ավելացնելով արտաքին պարտքի բեռը: Էլ չենք խոսում կուտակած ներքին պարտքերի ու սոցիալական վիճակի շարունակական վատթարացման մասին: Ահա այս ամենի ֆոնին համարձակություն ունենալո՞ւ է արդյոք հայկական կողմը բարձրացնելու բազայի պահպանման այդ ծախսերը ռուսների հետ գոնե կիսելու հարցը: Մեղրի-Երևան ավտոճանապարհին ռուս սահմանապահների գործողոթյունները լռությամբ վավերացնելու, սեփական հասարակության մոտ առաջացած տարակուսանքը թոթափելու ցանկության բացակայությունը տալիս է այդ հարցի պատասխանը. Հայաստանը, թերևս, իր վրա է վերցնելու այնքան ծախս, որքան կպահանջի ռուսական կողմը և դա կանի առանց  ծպտուն հանելու:

Սա այն գինն է, որ վճարվում է իշխանության իրական, իսկ պետության վիրտուալ անվտանգությունը ռուսների կողմից երաշխավորելու դիմաց:

Լուսանկարը` Մ. Շիպենկովի/ AFP 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter