HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Սիրտդ ինձ տուր». ներկայացում ամենքի և ոչ ոքի համար

Էժեն Իոնեսկոյի «Աթոռները» պիեսի հիման վրա արված բեմադրությունը գյումրեցի երիտասարդ ռեժիսորի՝ Վարդուհի Գրիգորյանի առաջին աշխատանքն էր: «Մեռիր ճիշտ ժամանակին» ներկայացումը ուսանողական գործ էր, սակայն, կարելի է ասել, արված էր «ճիշտ ժամանակին»:

«Ես ընդամենը մագիստրոսական ներկայացում էի անում եւ չէի մտածում, թե կխաղանք հանդիսատեսի համար: Էքսպերիմենտալ բեմադրություն էր: Գլխավոր դերակատարները պրոֆեսիոնալ դերասաններ էին՝ Սամվել Գրիգորյանը եւ Նարինե Սանթոյանը Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնից: Ներկայացման մեջ կար նաեւ մնջախաղի հատված, որ անշահախնդրորեն բեմադրեց Ժիրայր Դադասյանը: Ուսանողական գործ էր, բայց արի ու տես, որ բավական մեծ արձագանք գտավ եւ իրարամերժ կարծիքների ու քննարկումների տեղիք տվեց»:

Ներկայացման ասելիքը տանում էր դեպի Նիցշեի փիլիսոփայությունը՝ արծարածելով մարդու առանձնացման, կղզիացման խնդիրները: Խիստ մասնագիտական ներկայացում էր, նույնիսկ մի քիչ բարդ սովորական հանդիսատեսի եւ ինչ-որ մի տեղ համաձակ քայլ՝ երիտասարդ բեմադրիչի համար: Զրուցակիցս խոստովանում է, որ իրեն գրավում են «Գոյ» թատրոնում արվող բեմադրությունները: Սիրում է այն գործերը, որոնց դիտման համար որոշակի գիտելիքների կարիք է զգացվում:

«Դրանք նման են գեղանկարների, որոնք մասսայի համար չեն, պետք է նախօրոք գիտելիքների պաշար ունենալ` դրանք դիտելու, ընկալելու, պարզապես գեղեցկություն չէ, որ դու հոգով զգաս: Կան ներկայացումներ, որոնք պատրաստված հանդիսատեսի համար են` որոշակի գիտելիքների պաշար ունեցող»,-ասում է Վարդուհի Գրիգորյանը:

Մտքի տրագեդիա: Կնոջ ներաշխարհի եռատվածություն: Սեփական եսը հասկանալու, մարմնական ցանկությունները հոգեւորից, հոգեւորը՝ բանականից զատելու անզուսպ ցանկություն: Սա Վարդուհի Գրիգորյանի բեմադրած երկրորդ ներկայացման ասելիքն է: Ներկայացում ամենքի եւ ոչ ոքի համար: «Անցած ամառ էր, երկու ամիս էր անցել առաջին բեմադրությունիցս, ու ես էլի փտրտուքների մեջ էի: Փնտրում էի սկանդալային պիես, ցանկանում էի բեմադրել մի բան, որ Գյումրու հանդիսատեսի համար նորություն կլիներ»,-խոստովանում է երիտասարդ ռեժիսորը:

Փնտրտուքներն համացանցում «սկանդալային պիես» բառակապակցության ներքո բերում է հետաքրքիր մի գործ՝ ստեղծման էլ ավելի տարօրինակ պատմությամբ: «Հոգեբուժարանում բուժվող մի կին իր մտքերը հանձնելով թղթին տվել էր այն իրեն բուժող բժիշկին եւ խնդրել, որ հանձնի թատրոն,-պատմում է Վարդուհի Գրիգորյանը,-տետրն անցել է դրամատուրգ Իվան Վիրիպայեւի ձեռքը: Վերջինս էլ այն վերածել է պիեսի: Որ կարդում ես գործը, այնտեղ նշված է, թե որ հատվածն է կնոջ գրածը, որը՝ Վիրիպայեւի: Մնում էր թարգմանել ու այստեղ էր, որ չէի կողմնորոշվում, թե ում վստահեմ, որ տեխնիկական թարգմանության ժամանակ չկորեր այն աուրան, որ կար ռուսերեն տարբերակում»:

Որոշում է ինքնուրույն թարգմանել՝ պիեսի ասելիքն անցկացնել նախ իր միջով, դարձնել իրենը, որ հետո կարողանա ասելիքը լիարժեք հասցնել հանդիսատեսին: Վարդուհին խոստովանում է, որ ստեղծագործությունից հանել է Վիրիպայեւի ներմուծած հատվածները եւ ռուսական «չաստուշկաները»՝ այդպիսով բավականին թեթեւացնելով պիեսի ասելիքն ու ինչ-որ տեղ դարձնելով մի տեսակ հայկական: Սկզբում որոշում է անել մոնո ներակայացում, սակայն հետո համոզվում է, որ դժվարամարսելի այս գործը մեկ դերասանուհու մասնակցությամբ երկար կյանք չի ունենա: «Հետո, քանի որ այստեղ կնոջ եռատվածության խնդիր կար, որոշեցի, որ կխաղան երեք դերասանուհի: Միմիայն իմ ընկալումով եւ իմ մեկնաբնությամբ է բեմադրված այս գործը»,-ասում է ռեժիսորը: «Սիրտդ ինձ տուր» ներկայացումը 2013թ.-ի գարնանը ներկայանում է թատերական «X» փառատոնին:

Վարդուհի Գրիգորյանն համոզված է. «X» փառատոնի արձագանքներն են, որ հիմա ինքը «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնին մասնակցելու հրավեր է ստացել: «Ես ներկայացման նկարահանված տեսաերիզն ուղարկել էի փառատոնի հանձնաժողովին ու իրենք հավանել էին,-պատմում է զրուցակիցս,-բայց ես ստիպված եղա դերասանական կազմում փոփոխություն անել: Եթե նախորդ ներկայացման մեջ Նառա Սանթոյան, Հռիփսիմե Բեջանյան եւ Վիկտորիա Սեմիլետովա եռյակն է խաղում, ապա «Հայֆեստի» շրջանակներում պիտի հանդես գան Լուսինե Հարությունյանը՝ Երեւանի դրամատիկական թատրոնից, Մալվինա Խաչատրյանը՝ Գյումրու դրամատիկական թատրոնից եւ Վիկտորիան, ով նախորդ անգամ էլ է խաղացել եւ մասնագիտությամբ ոչ թե դերասանուհի է, այլ բուժքույր»:

Լուսինե Հարությունյան Մալվինա Խաչատրյան Վիկտորիա Սեմիլետովա

Վարդուհի Գրիգորյանը չի թաքցնում, որ 11-րդ անգամ մեկնարկող «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնից ակնկալիքներ ունի: «Այսօր կոնտակտների դար է, այսօր քո արած աշխատանքով դու կարող ես ճանաչվել, քեզ կարող են ընդունել կամ չընդունել: Ամեն ինչ կախված է քեզնից: Դե իսկ ցանկացած փառատոն, որին դու կարողանում ես մասնակցել, ինչ-որ մի դրական բան է բերում քո համար: Դու գուցե առաջին ամսում, գուց երեք ամիս հետո էլ դա չզգաս, բայց հավատա, որ առնվազն մեկ տարվա ընթացքում պտուղները կվայելես: Որովհետեւ կոնկրետ ես համոզված եմ, եթե չլիներ «X» փառատոնը, դժվար թե լիներ «Հայֆեստն» իմ կյանքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter