
Հիմնարկներ կան, որտեղ տեր ու տիրականը «զոն նայողներն» են. Ավետիք Իշխանյան
Հազվադեպ է լինում, երբ կալանավորը, առավել եւս դատապարտյալը բողոքում է քրեականատողական հիմնարկի (ՔԿՀ) պայմաններից, այնտեղ տիրող բարքերից: Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի կարծիքով, իրականում որքան քիչ են բողոքները, նշանակում է՝ այդքան շատ են պրոբլեմները:
«Բանտարկյալները հենց հիմնարկ մտնելու պահից այնպիսի մշակում են անցնում խցակիցների, հիերարխիկ հարաբերությունների, այսպես ասած՝ քրեական հեղինակությունների կողմից, որ բողոքել չի կարելի ընդհանրապես»,- ասում է Ավետիք Իշխանյանը:
Վերջինիս խոսքերով, կախված քրեակատարողական հիմնարկից եւ նրա պետից՝ գողական հարաբերություններն ավելի մեղմ կամ ավելի խիստ են. «Օրինակ՝ հիմնարկ կա, որտեղ պետն ավելի խիստ է, եւ հիերարխիկ հարաբերությունների բացասական աստիճանը հնարավորինս իջեցվել է: Իսկ հիմնարկներ կան, որտեղ տեր ու տիրականը «զոն նայողներն» են»:
Ներկայիս համակարգի պայմաններում, ըստ Իշխանյանի, գողական բարքերը վերացնել հնարավոր չէ, «որովհետեւ դրա համար նաեւ պետք են այլ հանգամանքներ՝ նոր ՔԿՀ-ների կառուցում, որտեղ ազատազրկվածներն այդքան շատ իրար հետ չեն լինի, աշխատողների թիվը պետք է մեծացնել եւ մեծ աշխատավարձ տալ նրանց եւ այլն, եւ այլն»:
Մեկնաբանել