HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժառանգության» հայտարարությունը թիվ 38 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների առնչությամբ

Սեպտեմբերի 29-ին Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ պատգամավորի թափուր տեղի համար անցկացված լրացուցիչ ընտրությունները գնահատում ենք որպես անազատ եւ անարդար:

Ընտրությունների ընթացքում եւ դրան նախորդած նախընտրական շրջանում տեղ գտած խախտումներն էապես ազդեցին արդյունքների վրա՝ ետ պահելով հազարավոր ընտրողների իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց՝ ընտրություններին մասնակցելուց, ինչի պատճառով դրանք առանձնացան ընտրողների մասնակցության խիստ ցածր ցուցանիշով:

Մտնելով այս ընտրապայքարի մեջ, «ժառանգությունը» քաջ գիտակցում էր իր թեկնածուին սպասվող բոլոր դժվարություններն ու ռիսկերը: Սակայն լինելով մասնակցային քաղաքականության կողմնակից, մենք չէինք կարող առանց այլընտրանքի թողնել գործող ապօրինի իշխանությունների առկայության հետ չհամակերպվող ընտրողներին՝ անկախ այն բանից, թե նրանց որ մասը կմասնակցեր ընտրություններին:

Արդեն սեպտեմբերի 25-ին՝ ընտրություններից 4 օր առաջ, դրանք մթագնեցին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության կողմից «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզչության խոչընդոտմանն ուղղված գործողությամբ, որն իրականացվեց իշխանությունների լռելյայն թողտվությամբ: Իսկ ընտրությունների նախօրեին իշխանությունները կիրառեցին իրենց «փորձված» ապօրինությունը՝ համատարած ընտրակաշառք բաժանելով ընտրողներին թե՛ 5000-ական դրամների եւ թե՛ գյուղապետերի եւ ՀՀԿ այլ պաշտոնյաների կողմից բակերում կազմակերպված զանգվածային նախընտրական «հյուրասիրությունների» տեսքով: Պատկերն ամբողջացրեց վարչական ռեսուրսի կիրառումը, մասնավորապես՝ ընտրողներին ընտրատեղամաս բերելու եւ նրանց ուղղորդելու հայտնի փորձը:

«Ժառանգության» թեկնածու, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը, ում մարտական եւ քաղաքացիական խիզախությունն ուսանելի օրինակ է շատ շատերի համար, որոշել է բողոքարկել ընտրության ընթացքն ու արդյունքը:

«Ժառանգությունը» շարունակելու է օրինականության ու սահմանադրական կարգի հաստատման համար պայքարը՝ աջակցելով դիմադրության օջախներին՝ ընդդեմ դե ֆակտո իշխանությունների կամայականությունների եւ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի, յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների ու օրինական շահերի: 

«Ժառանգություն» կուսակցություն

30 սեպտեմբերի 2013թ.

Մեկնաբանություններ (2)

Վարազ Սյունի (Ամստերդամ)
ՏԽՈՒՐ օր/լուր Սյունիքի համար:ԿԵՂԾ ընտրություններ, ԿԵՂԾ թվեր, ԿԵՂԾ իշխանություններ:.........................................Ընտրելու իրավունք ունեցողների միայն 47%-ն է մասնակցել այս ընտրությանը. ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ՝ 53 %-ը, ՉԻ մասնակցել ընտրությանը:Այսինքն՝ ընտրություններին չմասնակցածների և ՀՀԿ-ին ձայն Չտվածների թիվը կազմում է 63%:Այսինքն՝ ընդհանուր ընտրողների մոտ 2/3-ը «Նժդեհական» ՀՀԿ-ի քաղաքականությանը ԿՈՂՄ ՉԷ. եթե, իհարկե, ամեն սարի ու քոլի տակ մասնավոր հանք փորփրելը «քաղաքականություն» կարելի է անվանել:.......................ՀԳ. Տխուր ու ապշեցնող փաստ. ուրեմն ամբողջ հարավային Սյունիքում ՄԻԱՅՆ 18 695 ընտրող կար: Չէի պատկերացնում,որ հանքա-օլիգարխային մաֆիան ԱՅՍՔԱՆ հայազրկել է (հարավային) Սյունիքը:
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Էդ «ոստիկաններն» էլ ՀՀԿ-ի կցորդները չե՞ն: ԳՈՆԵ ընտրության օրը ու ԳՈՆԵ ընտրատեղամասերի մոտ ԱՄԲՈՂՋ ոստիկանական կազմը ՊԻՏԻ ԱԿՏԻՎ կերպով գնա ՀՍԿԻ: Վեր են ընգել իրենց աթոռներին ու սպասում են, որ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ «փաստեր բերեն»: Եթե քաղաքացին պիտի փաստեր գտնի-բերի, բա ԴՈՒՔ էլ ԻՆՉԻ՞ համար եք պետական բյուջեից աշխատավարձ ստանում: Կամ կամերաներ տեղադրել չե՞ք կարող:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter