HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի եկեղեցու վերակառուցման ընթացքում արժեքավոր գտածոներ են հայտնաբերվել

Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքներն իրականացնում են «ԼևԳուգ» ՓԲԸ-ի 9 քարտաշ-վարպետներ ու 6 բանվորներ: Վարպետ-քարտաշները հայտնեցին, որ ճարտարապետ Միշա Հակոբյանը հեղինակային վերահսկողության համար  Օձուն է այցելել օրեր առաջ: Նա որոշ ուղղումներ  է կատարել վերակառուցող քարտաշ-վարպետների կատարած աշխատանքներում: Եկեղեցու վեղարի քարտաշ Համլետ Հակոբյանը եկեղեցու լուսամուտի քարե շրջանակն ամբողջական քարով էր պատել, ճարտարապետը  նրան ցուցում էր տվել լուսամուտի քարե շրջանակը շարել  մանր քարերով: Համլետ Հակոբյանը տեղեկացրեց, որ ավարտին են  մոտենում  եկեղեցու գմբեթի աշխատանքները:

Ճարտարապետը հաշվարկ է արել նաև գմբեթի  շարվածքի շարքերի քանակի համար: «Եթե պարոն Հակոբյանը հաշվարկը շուտ բերի, մի 15 օրից կավարտենք գմբեթի աշխատանքները: Հոկտեմբերին գմբեթի խաչը հաստատ կդրվի»,- ասաց վարպետը: Ըստ քարտաշ-վարպետ Արմեն Ավետիսյանի`  Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքները շատ ավելի նորմալ կընթանան, եթե որոշ խոչընդոտներ կարգավորվեն. «Խոչընդոտն այն է, որ չեն թողնում մեր աշխատանքները հերթականությամբ անենք: Մենք շատ ենք զգում ճարտարապետի ներկայության կարիքը: Ճարտարապետ Միշա Հակոբյանը պետք է ավելի հաճախ լինի եկեղեցում: Նա ամսվա մեջ  4-5 անգամ է գալիս մեզ մոտ, բայց սա այն աշխատանքն է, որտեղ ճարտարապետի կարիքն ամեն րոպե ունենք: Ես չեմ էլ մեղադրում ճարտարապետին, բնական է, ինքը չի կարող դա հասցնել»,- ասաց Արմեն Ավետիսյանը: Վերջինս կարծում է, որ վերահսկող ճարտարապետի բացակայության դեպքում իրենց  անհրաժեշտ է վերահսկող այլ մասնագետ:

«ԼևԳուգ» ՓԲԸ-ի տնօրեն Լևիկ Ղուկասյանը և աշխղեկ Գարեգին Մանուկյանը  արգելում են քարտաշների ինքնագործունեությունը, նրանք կարծում են, որ  եկեղեցու վերակառուցումը պետք է ընթանա նախագծերին համահունչ և և նախագծի հեղինակի ցուցումով»,- ասաց Օձունի հոգևոր հովիվը: Քարտաշ-վարպետները առանձին խնդիրներ ճարտարապետ Միշա Հակոբյանի հետ լուծում են հեռախոսով: «Մեր դժվարությունը հենց դրանում է»,- ասաց Արմեն Ավետիսյանը:

Եկեղեցու հյուսիսային պատի  քանդման և վերաշարման ժամանակ  հայտնաբերվել է թևավոր խաչի աջ թևը: «Այս խաչի վերևի թևը գտնվել է խորհրդային տարիներին և  այժմ պահպանվում է ՀՀ պատմության թանգարանում, քանդակի վրա պատկերված է եղել Մարկոս ավետարանիչը:  Եթե հերթականությամբ նայենք, ձախ թևը պետք է լինի Մաթևոս ավետարանիչը: Աջ թևին Ղուկաս ավետարանիչն է պատկերված: Սա  արժեքավոր գտածոներից է: Արժեքավոր էր նաև եկեղեցու պատի մեջ հայտնաբերված անկյունաքարը»,- հայտնեց Տեր Վրթանեսը: Եկեղեցու վերակառուցման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են նաև արժեքավոր կժեր և կուլաներ, 4-5-րդ դարերի կղմինդրե ծածկասալեր, 6-7 դարերի քարե ծածկասալեր և այլ արժեքավոր գտածոներ:

Օձունի հոգևոր հովիվը կարծում է, որ անհրաժեշտություն կա եկեղեցու բակում թանգարան ստեղծելու` տեղում արժեքավոր գտածոները ցուցադրելու համար: «Նման պատմամշակութային արժեքները իրենց միջավայրից կտրելու դեպքում արժեզրկվում են»,- ասաց նա: Տեր Վրթանեսն ակնկալում է, որ Օձունի եկեղեցու վերակառուցման աշխատանքների բարերար Մովսես Ձավարյանը կկատարի նաև թանգարանի ֆինանսավորումը: 

Մեկնաբանություններ (1)

Տեր Վրթանես
Աստված օրհնի Լարիսա Փարեմուզյանին, շատ շնորհակալ եմ նրանից և Հետքի խմբագրությունից Օձունի շինարարական աշխատանքները պարբերաբար և համակողմանի լուսաբանելու համար: Աստված ձեր գործերին հաջողություն տա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter