ԸԸՀ անդամների թեկնածուների դիմումներն ընդունվում են մինչև օգոստոսի 1-ը
Ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումները և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով մինչև օգոստոսի 1-ը՝ ժամը 18.00-ն, հանգստյան օրերին՝ ժամը 11.00-ից 15.00-ն:
Եթե դիմողը ցանկանում է ընտրատարածքային ընտրական մի քանի հանձնաժողովներից մեկում ընդգրկվել, ապա յուրաքանչյուր ընտրատարածքի համար ներկայացնում է առանձին դիմում:
Դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարելի է ներբեռնել կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի «Նյութեր» բաժնից կամ ստանալ հանձնաժողովի վարչական շենքից (Գ. Քոչար 21 ա, Երևան,ՀՀ):
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների կազմում ընդգրկվելու համար կարող է դիմել ընտրական իրավունք ունեցող ՀՀ այն քաղաքացին, որը հրապարակային հասարակական-քաղաքական գործունեություն չի ծավալում և ունի
1) բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
2) իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
3) բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ պետական ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ կամ
4) բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
Ընտրական հանձնաժողովի անդամ չեն կարող լինել ՀՀ քրեական օրենսգրքի 149-154.6-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների համար դատվածություն ունեցող անձինք, Ազգային ժողովի պատգամավորները, Սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, դատախազները, նախարարները և նրանց տեղակալները, մարզպետները և նրանց տեղակալները, համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները, ոստիկանությունում և ազգային անվտանգությունում, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, քրեակատարողական հիմնարկներում ծառայողները, զինծառայողները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել