Արամ Մանուկյան. «Գեւորգ Կոստանյանի վարքագիծն արդեն կանխորոշված է»
Ազգային ժողովում այսօր շարունակվեց գլխավոր դատախազի նշանակման վերաբերյալ քննարկումները: Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանն այդ պաշտոնում առաջադրել է գլխավոր դատախազի տեղակալ, զինդատախազ Գեւորգ Կոստանյանի թեկնածությունը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը, քննադատելով նախագահի առաջադրած թեկնածուին, մի շարք հանգամանքներ վկայակոչելով՝ փորձեց ապացուցել, որ նա չի կարող արդար եւ անաչառ լինել գլխավոր դատախազի պաշտոնում:
Անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած հայտնի միջադեպին, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, Արամ Մանուկյանն ասաց, որ Գեւորգ Կոստանյանը կարծես թե մեղավորների (նկատի ուներ Խաչատրյանների կողմը - հեղ.) փաստաբանը լիներ, քանի որ նրանց արդարացրել է։
Ապա անդրադարձ կատարեց ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ եղած ժամանակ Գ. Կոստանյանի 9 տարիների գործունեությանը: Մասնավորապես` «Ա1+» հեռուստաընկերության փակմանը, որը ՀՀ կառավարությունը պատճառաբանել էր հետեւյալ կերպ. «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Պատգամավորը հիշեց Կենտրոնի բնակիչների վտարումը, ցույցերի ու խոսքի ազատության դեմ իրականացված բռնությունները, ապա անդրադարձավ Գրիշա Վիրաբյանի եւ Միշա Հարությունյանին խոշտանգելու դեպքերին, որը որակվել էր որպես «նախաքննության շահ»:
Արամ Մանուկյանը պահանջեց, որպեսզի բացահայտվեն «մարտի 1-ի» մեղավորները: «4 ոստիկաններ, որոնց անունները հայտնի են, 3 քաղաքացի են սպանել: Այդ մարդասպաններն ազատ շրջում են քաղաքում,- ասաց Ա. Մանուկյանը եւ հավելեց,- եթե կարծում եք, որ ունեք հնարավորություն այս խնդիրները լուծելու, արեք, բայց մենք չենք հավատում, որ դուք կարող եք»:
Արամ Մանուկյանը հայտարարեց, որ Գեւորգ Կոստանյանի վարքագիծն արդեն կանխորոշված է, վերջինս չի կարող դուրս գալ իշխանությունների թույլատրած շրջանակներից:
Թեկնածուի նշանակման գաղտնի քվեարկությունը կայանալու է այսօր` ժամը 13:30-14:10-ը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել