HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Ոստիկանական ձեւականություն

Անցյալ տարվա հոկտեմբերին ոստիկանությունը Ծաղկաձորում երկօրյա համաժողով էր կազմակերպել իր ծառայակիցների եւ լրագրողների համար: «Խնդրում եմ` օգնեք մեզ, խթանեք մեր աշխատանքը… Մենք ձեր եղբայրներն ենք, մենք ուրիշը չենք»,- դիմելով լրագրողներին` ասաց Վլադիմիր Գասպարյանը:

Հայաստանի անկախացումից ի վեր՝ լրագրողների նկատմամբ տասնյակ բռնարարքներ, հանցագործություններ են կատարվել, սակայն դրանց ճնշող մեծամասնությունն անհետեւանք է մնացել. մեղավորներն այդպես էլ չեն պատժվել: Այն հատուկենտ գործերը, որոնք բացահայտվել են և հասել դատարան, իրականում միայն որոշակի վերապահումներով կարելի է համարել բացահայտված:

Վլադիմիր Գասպարյանը նմանատիպ չբացահայտված գործերի մեծ ժառանգություն է ստացել: «Արդյոք անդրադարձե՞լ եք այդ գործերին»,- վերոնշյալ համաժողովից հետո ոստիկանապետին հարցրեց «Հետքը»:

«Չեմ անդրադարձել, մտքովս չի անցել, բավականին շատ բաներ կան»,- ասաց Գասպարյանը եւ ոստիկանության լրատվության վարչության պետին հանձնարարեց այդ գործերի մասին իրեն հիշեցնել: «Երբ մյուս հանցագործությունները բացահայտենք, դրան անդրադառնալը, կանդրադառնանք»,- հավելեց Վլադիմիր Գասպարյանը:

Սա, թերևս, ոստիկանապետի շուրթերով ասված ամենաանկեղծ բնութագրումն էր. լրագրողների դեմ կատարվող հանցագործությունների բացահայտումը մեր երկրում մղված է ամենահետին պլան: Ոստիկանության ղեկավարները փոխվում են, իսկ պատկերը տարիներ շարունակ մնում է նույնը: Ինքը՝ Վլադիմիր Գասպարյանը, «Հետքի» հետ նշյալ զրույցում նաեւ նկատեց, որ իր պաշտոնավարման ժամանակ լրագրողների նկատմամբ բռնարարքներ «հլը որ չկան»: Նրա խոսքերում ամենատեղին կիրառվածը «հլը» բառն էր, ինչը փաստեց ժամանակը:

Առհասարակ, Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու, նրանց նկատմամբ բռնություններ կիրառելու հիմնական դեպքերը գրանցվում են ընտրությունների ժամանակ: Այս առումով ընթացիկ տարին բացառություն չէր. փետրվարին նախագահի, մայիսին՝ Երեւանի ավագանու ընտրություններ էին:

«Ընտրական» ոտնձգություններ

Փետրվարի 18-ին՝ ՀՀ նախագահի ընտրությունների օրը, «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿ-ում պրակտիկա անցնող Նարինէ Իսմայիլին, որպես «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ դիտորդ, եւ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ ներկայացուցիչ, լրագրող Արտակ Համբարձումյանը բարձրաձայնեցին Արարատի մարզի 17/05 ընտրատեղամասում կատարված լցոնման մասին. 25-ից 30 երիտասարդ մտել էին ընտրատեղամաս, մի քանի հոգով դիտորդին եւ լրագրողին հրել պատի մոտ եւ բռնել նրանց ձեռքերը, որպեսզի վերջիններս չկարողանան լուսանկարել կամ տեսաձայնագրել կատարվելիքը՝ լցոնման գործընթացը:

Սահմանադրական դատարանն այս ընտրատեղամասում գրանցված ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչեց: Հարուցվեց քրեական գործ, որը քննում էր Հատուկ քննչական ծառայությունը: Նախաքննության ընթացքում Նարինէ Իսմայիլին «Հետքին» պատմեց իրավապահների կողմից իր դեմ կիրառվող ճնշումների մասին, դրա հետ կապված հայտարարություն տարածեց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ-Հայաստան» ՀԿ-ն, իսկ ԱՄՆ դեսպան Հեֆերնը հայտարարեց, որ գործին հետեւում է մեծ ուշադրությամբ:

Քննիչ Գորիկ Հովակիմյանը քրեական գործից անջատեց առանձին մաս եւ մեղադրանք առաջադրեց Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանի որդուն՝ 27-ամյա Սերգեյին: ՀՔԾ-ն հիմնավորված համարեց, որ վերջինս ընտրությունների օրը, լինելով գործող նախագահ Սերժ Սարգսյանի վստահված անձը, մի խումբ անձանց հետ մտել է 17/05 ընտրատեղամաս, բռնություն գործադրել ընտրություններին որպես դիտորդ մասնակցող Նարինէ Իսմայիլի նկատմամբ, նրան զրկել շարժվելու, լուսանկարելու կամ տեսաձայնագրելու հնարավորությունից` խոչընդոտելով վերջինիս լիազորությունների իրականացմանը:

«Մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` Սերգեյ Մուրադյանը նաև օժանդակել է ինքնությունը չպարզված անձին քվեատուփի մեջ քվեաթերթիկներ լցնելուն»,- նշված էր գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունում:

Սակայն արդեն դատավարության ընթացքում դատախազ Հարություն Հարությունյանը հայտարարեց ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելուց հրաժարվելու մասին՝ կատարված հանցագործությանը նրա մասնակցությունն ապացուցված չլինելու հիմքով:

Այսպիսով, ամիսներ անց՝ հուլիսի 26-ին, Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Գագիկ Սարգսյանի նախագահությամբ քաղաքապետի որդուն՝ Ազգային ժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական փորձաքննության բաժնի առաջին կարգի մասնագետ Սերգեյ Մուրադյանին ճանաչեց անպարտ և արդարացրեց: Իսկ քրեական գործի մյուս մասի վարույթը ՀՔԾ-ն կասեցրեց՝ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը հայտնի չլինելու պատճառով:  

Փետրվարի 18-ի ընտրությունների օրը Արարատի մարզի թիվ 17/01 ընտրատեղամասում վստահված անձանց կողմից իր մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու մասին բարձրաձայնել էր «Իրավունք» թերթի լրագրող Էլմիրա Մարտիրոսյանը: Իսկ Արտաշատի թիվ 17/04 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը խոչընդոտել էր «New York Institute of Fotography»-ի թղթակից Ծովինար Նազարյանի աշխատանքին՝ լրագրողի հասցեին օգտագործելով «հիստերիկի նման» արտահայտությունը եւ սպառնալով, որ «կտա, կսպանի»:

Նույն օրը asparez.am եւ aravot.am կայքերը տեղեկացրին, որ սպառնացել են Գյումրու թիվ 35/22  ընտրատեղամասում ընտրությունները լուսաբանող լրագրողներ Մարինե Պետրոսյանին եւ Նունե Արեւշատյանին։ «168.am»-ն ու «aravot.am»-ը նաեւ հայտնեցին, որ Երեւանի Նորագյուղ թաղամասում գտնվող թիվ 9/27 եւ 9/28 ընտրատեղամասերում խոչընդոտել են լրագրողներ Մարինե Մարտիրոսյանի եւ Հռիփսիմե Ջեբեջյանի աշխատանքին։ Բայց թվարկված դեպքերից եւ ոչ մեկով գործը հետաքննությունից այն կողմ չանցավ՝ հանցադեպի բացակայության հիմքով:

Ոստիկանությունը հանցակազմ չգտավ նաեւ «Հրապարակ» եւ «Ժամանակ» օրաթերթերի լրագրողներ Գայանե Սարիբեկյանի ու Մարինե Խառատյանի հետ կատարված փաստով: Նախագահի ընտրության օրը Երևանի Մետաքս թաղամասում՝ ՀՀԿ-ի շտաբի մոտ, վերջիններս նկատել էին շուրջ 10-15 տղամարդու: Երբ լրագրողները մոտեցել էին, որ ճշտեն, թե ինչ է կատարվում ներսում, հավաքվածները վիրավորել ու հայհոյել էին նրանց, փորձել խլել լուսանկարչական ապարատն ու ձայնագրիչները:

Հատուկ քննչական ծառայությունում առերեսման ժամանակ պարզվել էր, որ լրագրողների աշխատանքն ակտիվորեն խոչընդոտողը եղել էր կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կրտսեր եղբայրը՝ Հակոբ Բեգլարյանը, ով զբաղվում է շինանյութի բիզնեսով: Բայց մարտի 15-ին ՀՔԾ-ն գործի վարույթը կարճեց։

Իրավիճակը չփոխվեց նաեւ Երեւանի ավագանու ընտրությունների ժամանակ: ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Տարոն Մարգարյանի նախընտրական քարոզարշավի շրջանակներում ապրիլի 23-ին ilur.am կայքի լրագրող Հակոբ Կարապետյանը ենթարկվեց բռնության: Քաշքշելուց ու հարվածելուց բացի` վերջինիս մասնագիտական գործունեությանը խոչընդոտել էին նաեւ տեսախցիկը խլելով եւ տեսագրված ֆայլերը ջնջելով: 

Ծառայողական քննության արդյունքներով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի որոշմամբ նկատողություն հայտարարվեց դեպքի վայրում գտնվող, բայց կատարվածին չմիջամտած ոստիկանին, վերջինիս անմիջական ղեկավարին բաժին հասավ խիստ նկատողություն, իսկ ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետի ծառայության գծով տեղակալը զբաղեցրած պաշտոնից ազատվեց: Թվում էր, թե Երևանի ավագանու ՀՀԿ-ական անդամ Աշոտ Պապայանը պատժից չի խուսափի: Հենց նա էր իրադարձության «հերոսը»՝ լրագրողին հարվածողը: Ոստիկանությունը մոտ 2 ամսվա ընթացքում պարզեց, որ Պապայանի արարքում առկա են հանցագործության հատկանիշներ: Հունիսի 20-ին վերջինս հրապարակավ ցավ հայտնեց կատարվածի առթիվ եւ հայցեց ներողամտություն: Չորս օրից իրավապահները գործը կարճեցին՝ տուժողի հետ հաշտվելու հիմքով:

«Առանց հանցակազմի» լրագրողների գործունեությանը խոչընդոտելու դրվագներով հարուստ էր նաեւ մայիսի 5-ը՝ ավագանու ընտրությունների օրը: Ոստիկանությունն այդ օրը հաղորդում էր ստացել, որ Արաբկիրի 4/02 ընտրատեղամասում միկրոավտոբուսներով բնակիչներին բերում են քվեարկության, հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Սամվել Գզլարյանը մերժել էր մեկնաբանություն տալ լրատվամիջոցներին, բղավել լրագրողների վրա, իսկ «Բարև Երևան» դաշինքի վստահված անձ Լալա Արզումանյանը հայտնել էր, որ հանձնաժողովի նախագահը խոչընդոտում է լրագրողների աշխատանքին: Հաղթանակ թաղամասում գտնվող 7/14 ընտրատեղամասում հանձնաժողովի նախագահ Սամվել Զախարյանը հրելով ընտրատեղամասից դուրս էր հանել «Հետքի» լրագրողին: Թիվ 7/05 ընտրատեղամասում «Կենտրոն» ՀԸ-ի լրագրողին թույլ չէին տվել մտնել տեղամաս՝ պահանջելով ԿԸՀ-ի կողմից տրամադրված փաստաթուղթ: Թիվ 8/08 տեղամասում ՀՀԿ-ի թեկնածու Գևորգ Մանուկյանը վստահված անձի վկայականով խոչընդոտել էր լրագրողների և դիտորդների աշխատանքին: Արդեն երեկոյան՝ քվեարկության ավարտից հետո, թիվ 07/34 ընտրատեղամասում «168 ժամ» թերթի լրագրողին արգելել էին մտնել ընտրատարածք և լուսաբանել ձայների հաշվարկման գործընթացը: Իսկ թիվ 6/23 ընտրատեղամասում «Առավոտ» թերթի լրագրողին չէին թույլատրել կատարել նկարահանումներ:

Ընտրական գործընթացներից դուրս

Թվարկվածները գրանցված դեպքերի մի մասն են միայն, իսկ ընթացիկ տարին աչքի ընկավ նաեւ ընտրական գործընթացներից դուրս լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգություններով: Որոշ դեպքերում ոստիկանությունն առերեւույթ հետեւողականություն էր դրսեւորում, բայց հիմնականում կարճ ժամանակ անց պատրանքները փշրվում էին:

Վերապահումներով բացառությունների շարքին կարելի է դասել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ կատարվածը: Այս տարվա հունվարի 30-ին ոստիկանության ՃՈ տուգանային հրապարակում «Մերսեդես բենց ՋԻ 55» ավտոմեքենայի վարորդ Ռուստամ Սահակյանը և գործով չպարզված նրա ընկերը խոչընդոտել էի Շամշյանի մասնագիտական և օրինական գործունեությանը` հարձակվելով նրա վրա եւ վերջինիս տալով սեռական բնույթի հայհոյանքներ:

Ոստիկանությունը «Խուլիգանություն կատարելու և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիք տալու» մեղադրանքով Ռուստամ Սահակյանի գործն ուղարկել է դատարան (դատավարությունը դեռեւս չի ավարտվել), իսկ անջատված քրեական գործի վարույթն անհայտ անձի ինքնությունը պարզված չլինելու հիմքով կասեցվել է:

Ապրիլի 27-ին Հյուսիսային պողոտայում ոստիկանության աշխատակից Վարդան Ղուկասյանը հրել եւ վիրավորել էր «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին: Հաջորդ օրը ոստիկանապետը խորհրդակցություն էր հրավիրել, եւ քննարկման արդյունքում որոշվել էր ոստիկանության ներքին անվտանգության վարչության օպերլիազոր Վարդան Ղուկասյանին հեռացել զբաղեցրած պաշտոնից՝ տեղափոխելով կադրերի ռեզերվ: Ծառայողական քննության արդյունքներով էլ վերջինիս հայտարարվել էր խիստ նկատողություն: Սակայն կարճ ժամանակ անց Վարդան Ղուկասյանը նշանակվեց ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի պետի տեղակալ:

Մայիսի 8-ին «Հետքի» լրագրող Անի Հովհաննիսյանին զանգահարել էին ՌԴ-ում գրանցված բջջային հեռախոսահամարից եւ սպառնացել, որ եթե շարունակի «քիթը խոթել» այնտեղ, որտեղ պետք չէ, ոչ միայն իր, այլեւ ընտանիքի անդամների համար շատ վատ կլինի: Ոստիկանությունը որոշ ժամանակ միջոցներ ձեռնարկեց լրագրողի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: Հարուցվեց քրեական գործ՝ «Սպանության, առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքը» հոդվածի հատկանիշներով: Հայաստանյան բջջային օպերատորներից մեկը տրամադրել էր սպառնալիք հնչած հեռախոսահամարից տարբեր բաժանորդներին կատարված եւ ընդունված հեռախոսազանգերի վերծանումները, որի շրջանակներում հարցաքննվել է 5 քաղաքացի եւ 4 վկա: Բայց այսքանով հանդերձ գործը տեղից չի շարժվում. դեռ ընթանում է նախաքննություն:

Մարտի 1-ին Սիսիանի «Որոտան» թերթի խմբագիր Արեւհատ Ամիրյանը հոդված էր հրապարակել այն մասին, որ Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանը սպառնացել է իրեն եւ իր ընտանիքին՝ մի հրապարակման կապակցությամբ: «Արեւի՛կ, քեզ վերացնելու եմ, ընտանիքդ էլ ոչնչացնելու եմ»,- ասել էր վարչության պետը: Փաստի առթիվ ոստիկանության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութերի նախապատրաստմամբ պարզվել է, որ Ս. Թանգյանի արարքում բացակայում է հանցակազմը, ուստի քրեական գործի հարուցումը մերժվել էր:

Որոշ գործերով էլ լրագրողների դեմ կատարված ոտնձգություններով զբաղվել է պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը կամ ռազմական ոստիկանությունը: Սակայն նմանատիպ գործերով որդեգրված գործելաոճը չի փոխվել:

Մայիսի 18-ին զորամասերից մեկում զոհված զինծառայողի հարազատները, ի նշան բողոքի, փորձում էին մայրաքաղաք տեղափոխել զինվորի դին։ Սեւան-Երեւան ավտոմայրուղու Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետի մոտակայքում ուժային կառույցների ներկայացուցիչները նախ կանգնեցրել էին լրագրողներին տեղափոխող մեքենաները՝ թույլ չտալով մոտենալ այն հատվածին, որտեղ փակվել էր հանգուցյալի հարազատների եւ համագյուղացիների ճանապարհը, այնուհետեւ հարձակվել են լրագրողների վրա եւ բռնություն գործադրելով՝ խլել տեսաձայնագրող սարքերը՝ պատճառաբանելով, թե նկարահանումներն արգելելու հրաման ունեն «վերեւից»։

Ըստ տուժած ԶԼՄ-ների ներկայացուցիչների հայտարարությունների՝ համազգեստավոր եւ քաղաքացիական հագուստով անձինք, բռնի ուժով եւ հայհոյելով, խլել եւ կոտրել էին «Կենտրոն» հեռուստաընկերության նկարահանող խմբի տեսասարքը, որն ավելի ուշ վերադարձրել էին՝ տեսանյութերը ջնջած։ Ռազմական ոստիականության աշխատակիցները բռնությամբ խլել էին նաեւ «Lragir.am» կայքի թղթակից Սիրանույշ Պապյանի տեսասարքը եւ ջնջել մինչ այդ պահը կատարված տեսագրությունները: Իսկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության նկարահանող խմբից վերցրել էին տեսանյութերի կրիչը, որն ավելի ուշ վերադարձրել էին ոստիկանապետի միջամտությամբ։

Փաստի առթիվ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Սևանի բաժնում նախապատրաստված նյութերը ենթակայության կարգով մայիսի 29-ին փոխանցվել էին Գեղարքունիքի մարզի դատախազություն` ՊՆ քննչական ծառայություն ուղարկելու միջնորդությամբ: Իսկ այստեղ քրեական գործի վարույթը կասեցվեց, քանի որ «հայտնի չէ այն անձը, որը գործով պետք է ներգրավվի որպես մեղադրյալ»:

Միաժամանակ նույն միջադեպի առնչությամբ մամուլի հրապարակումների առնչությամբ զինդատախազի ցուցումով ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվեց՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Մայիսի 30-ին Henaran.am-կայքի թղթակից Լուսինե Ղազարյանը հայտարարեց, որ բռնության է ենթարկվել հենց իր տան բակում՝ ՊՆ մայոր Արկադի Մկրտչյանի կողմից: Ըստ լրագրողի՝ ՊՆ մայորն անձնական վիրավորանքներ է հասցրել իրեն, փորձել է հարվածել, թեեւ հարեւանների միջամտությամբ չի կարողացել, քաշքշել է, ապա՝ հարձակվել որդու վրա ու «դավայ էղի ստուց» ասելով՝ երեխային հրել աստիճաններից:

Հաջորդ օրը ոստիկանության Նաիրիի բաժնի պետը, լրագրողի պատմելով, կատարվածի մասին իր գրած դիմումը վերադարձրել է՝ «բարեկամաբար» խորհուրդ տալով հարեւանի հետ հարցերը լուծել առանց ոստիկանության միջամտության: Ի վերջո, Լ. Ղազարյանի դիմումի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՊՆ ռազմական ոստիկանության Կոտայքի բաժին:

«Աբովյանի ռազմական ոստիկանության կողմից հարուցվեց քրեական գործ, բայց մեկ շաբաթ տևած իբր քննության արդյունքում որոշեցին գործը կարճել՝ պատճառաբանելով, որ կենկրետ վնասվածք չի արձանագրվել և վիրավորական արտահայտություններ անելը քրեորեն պատժելի չէ»,- «Հետքին» ասում է Լուսինե Ղազարյանը: Նրա կարծիքով՝ իրավապահները հաշվի չեն առել դիտավորությունը, բացի դրանից՝ չեն զրուցել մարդկանց հետ, ովքեր կարող էին օբյեկտիվ վկայություն տալ տեղի ունեցածի հետ կապված:

Maxinfo.am կայքի հիմնադիր Բաբկեն Հարությունյանը հունիսի 19-ին հայտարարություն տարածեց, ըստ որի՝ դրանից 2 օր առաջ մեկնել էր Արարատի մարզի Կանաչուտ գյուղ՝ լուսանկարելու ՀՀ նախագահի խորհրդական, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի անվան փողոցում գտնվող Սարգսյանների ընտանիքին պատկանող շքեղ առանձնատունը։ Հարությունյանն իր գործն արել էր՝ մուտք չգործելով սեփականություն համարվող տարածք: Սակայն վերադարձի ճանապարհին Ալիկ Սարգսյանի եղբայրը՝ Անդրանիկ Սարգսյանը, առանձնատունը լուսանկարելու հետ կապված հարցուփորձից հետո, հանել էր լրագրողի մեքենայի բանալին, այնուհետեւ սկսել էր Հարությունյանին հարվածել: Վերջինս ստիպված առանց ավտոմեքենայի հեռացել էր: Մոտ 1 ժամ անց ոստիկանությունից զանգահարել էին Maxinfo.am-ի հիմնադրին եւ տեղեկացրել, որ ավտոմեքենան իրենց մոտ է:

Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն, և Բ. Հարությունյանի բողոքի հիման վրա նախապատրաստված նյութերը ուղարկվել էին Արարատի մարզային քննչական բաժին` նախաքննություն կատարելու: Սակայն քրեական գործի հարուցումը մերժվել էր. իրավապահները պարզել էին, որ «բացակայում է հանցագործության դեպքը»:

Սեպտեմբերի 2-ին Փակ շուկայի դիմաց պատասխան բողոքի ակցիա իրականացնող Սամվել Ալեքսանյանին աջակցող կանանցից մեկը վիրավորել եւ սպառնացել էր «Ազատության» լրագրող Նանե Սահակյանին, ով այդ ամենը նկարահանել է: Լրագրողը կատարվածի մասին տեղում հայտնել էր Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, ցույց տվել իր տեսանկարահանած կադրերը, իսկ վերջինս մոտեցել էր տվյալ կնոջը եւ ասել. «Քաղաքացին նշում է, որ Դուք սպառնացել եք նրան: Խնդրում եմ մի հնչեցրեք սպառնալիքներ»։

Ոստիկանությունից «Հետքին» պարզաբանեցին, որ միջադեպի հետ կապված որեւէ դիմում-բողոք չեն ստացել: Իսկ արդյոք հրապարակված տեսանյութը բավարար չէ՞ նյութեր նախապատրաստելու համար: Հարցին ի պատասխան՝ ոստիկանության լրատվության վարչության ասելիքը նույնն էր. «Ոչ ոք չի դիմել, դիմում-բողոք չենք ստացել»:

Նանե Սահակյանը կատարվածը գնահատում է նաեւ իր մասնագիտական գործունեության խոչընդոտում. «Որովհետեւ ես այդ կնոջ (Կարինե Սարգսյան) հետ հարցազրույց չէի անում, զրուցում էի կողքիս կնոջ հետ, իսկ նա սկսեց ինձ վիրավորել եւ սպառնալ»: Ամեն դեպքում, «Ազատության» թղթակիցը բողոք չի ներկայացրել ոստիկանություն՝ «ժամանակն ու նյարդերը խնայելու համար»:

Երկու օր անց՝ սեպտեմբերի 4-ին, լրատվամիջոցները տեղեկացրին, որ ՀՀ նախագահի նստավայրի մոտ ակտիվիստներին և լրագրողներին քաշքշել ու նրանց նկատմամբ բռնություն են կիրառել ոստիկանները: Այդ օրը նախագահականի դիմացի մայթին մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու դեմ: Ակցիայի մասնակիցներից մի քանիսը մոտեցել էին նախագահական նստավայրի դարպասներին և հանգիստ կանգնել, սակայն ոստիկանները սկսել էին հրել նրանց դեպի փողոց:

Ակտիվիստներին միացել էին դիմացի մայթին կանգնած իրենց ընկերները և որոշել նստել հենց փողոցում: Ի պատասխան՝ ոստիկաններն ակտիվիստներից մի քանիսին բերման էին ենթարկել:

«Ոստիկանության ներկայացուցիչները խոչընդոտել են նաև լրագրողների աշխատանքին՝ կոպտորեն հրելով ու քաշքշելով նրանց, թույլ չտալով, որպեսզի լրագրողները նկարահանեն բերման ենթարկվողներին: Մի քանի լրագրողների, այդ թվում՝ Epress.am-ի թղթակցին, ոստիկանները հրել են գետնին նստած ակտիվիստների վրա: Ոստիկաններն օղակի մեջ էին վերցրել լրագրողներին և թույլ չէին տալիս դուրս գալ»,- գրել էր Epress.am-ը:

Սակայն միջադեպի կապակցությամբ ոստիկանության Երևան քաղաքի քննչական վարչությունում և նրան ենթակա քննչական ստորաբաժանումներում քրեական գործ չի հարուցվել, և նույնիսկ նյութեր չեն նախապատրաստվել:

Մեկնաբանություններ (1)

Vardan
Էհ տղերք ջան, ինչի հետևից եք ընկել, էսքան տեքստ Վովան իրա ամբողջ կյանքում չի կարդացել, սեղանի շուրջ անկեղծ զրույցում որ իրանց հարցնեք, կբողոքեն, որ չեն կարում «լղեն» սպանեն, ստից ծեծում-մեծում են, բայց փաստագրական հիանալի ակնարկ եք սարքել, պատասխանն էլ մոտավորապես սենց ա լինելու «ոստիկանությունը միտումնավոր խեղաթյուրումներին ի պատասխան հայտարարում է, որ իր համար կապ չունի, ցանկացած քաղաքացի հավասար է օրենքի առաջ, լինի լրագրող, պաշտոնյա թե օլիգարխ, ոտիկանությունը շարունակելու է հետամուտ լինել ... ստադարտ պրիմիտիվ դեմագոգիա, ուղղակի Հայաստանում քիչ մարդ ա մնացել, որ դա ընհանրապես հետաքրքրում ա, ավելի շատ հետաքրքրում ա նունեի համերգ, կամ լֆիկի կնունքից մնացած ծաղիկներ կամ ուտելիք

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter