«Զուբրիտի» համար անգլերենը գերադասելի է
Նարինե Ղազարյան
ԵՊՀ-ի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետը, ինպես նաև ավելի ուշ ստեղծված ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը տարիներ շարունակ հայտնի էին դիմորդների (և համապատասխանաբար ավարտածների) բարձր մակարդակով: Այդ մակարդակը պատմականորեն պայմանավորված էր ընդունելության առարկաների (այն է` մաթեմատիկա և ֆիզիկա) քննությունների բարձր, այսպես ասած «համալսարանական» մակարդակի պահանջներով:
Վերջին տարիներին ընդունելության համակարգը կտրուկ փոփոխվել է՝ ընդհանրացնելով ԵՊՀ-ի և այլ բուհերի քննությունները:
Սակայն այդ ֆակուլտետներում տեղի է ունեցել ավելի էական փոփոխություն: Մի քանի տարի առաջ մաթեմատիկայի ֆակուլտետի կազմում բացվել էր ակտուար մաթեմատիկայի մասնաճյուղ, որտեղ ընդունվելու համար մաթեմատիկայի հետ մեկտեղ պետք էր հանձնել ոչ թե ֆիզիկա, այլ հայերեն և անգլերեն: Այս տարվանից սկսած՝ ինֆորմատիկայի ֆակուլտետի դիմորդներին տրված է հնարավորություն հանձնել ըստ ընտրության՝ ֆիզիկա կամ անգլերեն:
Պատմականորեն համարվում էր, որ ֆիզիկա իմանալը և առավել ևս ֆիզիկայի խնդիրներ լուծելու ունակությունը աշակերտների և ուսանողների մոտ զարգացնում է տրամաբանությունը և ստեղծագործական միտքը: Տվյալ պարագայում կա մտավախություն, որ ընդունելության ֆիզիկայի քննությունից հրաժարվելը կարող է բացասական ազդեցություն ունենալ այդ ֆակուլտետներ ընդունված առաջին կուրսեցիների մակարդակի վրա:
Ես փորձեցի հայտնել մտավախությունս նշված ֆակուլտետների դեկաններին:
Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դեկանի տեղակալ Առաքել Թասլաքյանն ասաց, որ ստեղծված իրավիճակում նա դրական է վերաբերվում այդ փոփոխությանը: Ավելին, նա կողմ է, որ մոտ ապագայում ֆակուլտետի մաթեմատիկա մասնագիտությամբ դիմորդներին հնարավորություն տրամադրվի ֆիզիկայի փոխարեն հանձնել անգլերեն:
Ես զարմացա. «Դուք համաձա՞յն չեք, որ ֆիզիկա սովորած և հանձնած դիմորդը ավելի լավ և հեշտ կարող է ընկալել բարձրագույն մաթեմատիկայի ժամանակակից և բարդ ճյուղերը»:
«Միգուցե և համաձայն եմ,- պատասխանեց պրն Թասլաքյանը,- բայց Դուք համաձա՞յն չեք, որ Շտեմարանով խնդիրներն անգիր սովորելը, հետո թեստային քննության ժամանակ այդ նույն Շտեմարանից անգիր արած խնդիրներ գրելը կապ չունի դիմորդի՝ ֆիզիկայից ունեցած գիտելիքի և, առավել ևս, ֆիզիկա հասկանալու հետ: Մի՞թե նման քննութնունը կարող է ցույց տալ դիմորդի գիտելիքների կամ ունակությունների իրական մակարդակը: Ավաղ, շտեմարանները փաստացի ստիպում են աշակերտին անգիր անել, հաճախ նույնիսկ առանց մի փոքր հասկանալու: Իսկ եթե պիտի ինչ-որ բան անգիր անեն, ապա ավելի լավ է` թող դա լինի անգլերենը»:
Նույն հարցը քննարկեցինք Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ:
«Իսկ ի՞նչ է, Դուք համարում եք, որ ներկա պահին մեր ավագ դպրոցներում պատշաճ մակարդակով ֆիզիկա՞ են սովորեցնում,– հարցրեց նա և շարունակեց,– պարտադրել դիմորդին ֆիզիկա հանձնել՝ նշանակում է ծնողին պարտադրել ավելորդ գումարներ ծախսել»: Ենթադրաբար պարոն Դումանյանը նկատի ուներ ֆիզիկայի դասախոսների հետ մասնավոր պարապմունքները:
«Չպետք է մոռանալ, որ ծրագրավորումը կիբեռնետիկա չէ: Ուստի, եթե խիստ մոտենանք հարցին, ապա ֆիզիկայի խորը գիտելիքը չի հանդիսանում ծրագրավորողի համար մասնագիտական անհրաժեշտ պահանջ: Լավ ծրագրավորողին առաջին հերթին անհրաժեշտ է ճկուն մտածելակերպ, այդ տեսակետից մաթեմատիկայի քննությունը կարելի է համարել բավարար պահանջ: Մնացած բոլոր գիտելիքները արդեն ձեռք կբերվեն ուսման պրոցեսում: Իսկ ներկա ժամանակ անգլերենը ծրագրավորողի համար ամենաանհրաժեշտ գիտելիքներից մեկն է:
Մյուս կողմից՝ մեր ֆակուլտետ դիմողները որպես երկրորդ, երրորդ և այլ մասնագիտություն հաճախ նշում են այլ բուհերի նման մասնագիտություններ: Կամ, ինչու ոչ, պատահում են այլ՝ ավելի պրակտիկ մասնագիտություններ: Իսկ տարբեր բուհերում պահանջվում են տարբեր քննություններ: Եթե Ճարտարագիտական համալսարանը պահանջում է ֆիզիկայի քննություն, ապա Ամերիկյան համալսարանի ծրագրավորման ֆակուլտետում պահանջվում է անգլերեն լեզվի քննություն, ուստի մենք չենք ուզում սահմանափակել մեր դիմորդների ընտրության հնարավորությունները՝ տրամադրելով իրենց երկու հնարավորությունն էլ»,- ասաց դեկանը:
Պրոֆեսոր Դումանյանն ավելացրեց, որ խմբերը կազմելիս կամ ուսումնական ծրագրերը մշակելիս իրենք չեն նախատեսել որևէ տարբերություն առաջին կուրսեցիների այդ երկու ենթախմբերի միջեւ: Իսկ կլինի՞, արդյոք, ուսման պրոցեսում որևէ էական տարբերություն ուսանողների այդ ենթախմբերի միջեւ, դեռ վաղ է ասել: Ժամանակը ցույց կտա:
Ստացվում է փակ շրջանակ` դպրոցում ֆիզիկայի վատ դասավանդումը հանգեցնում է քննության հետզհետե վերացմանը: Մյուս կողմից էլ քննության վերացումը կհանգեցնի ֆիզիկայի դասավանդման մակարդակի անկմանը: Այդ շրջանակից դուրս գալը գնալով կդառնա ավելի և ավելի դժվար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել