Հայաստանը մասնակցում է «Մեկ երիտասարդ աշխարհ» գագաթնաժողովին
Երիտասարդները առանցքային դեր են խաղում ցանկացած հասարակության կյանքում՝ ձևավորելով այդ հասարակության ապագան: Առանցքային է նրանց դերը առողջապահության, կրթության, շրջակա միջավայրի պաշտպանության և այլ ոլորտների հիմնախնդիրների բարձրաձայնման և լուծման գործում:
Հենց այս հիմնախնդիրներն են քննարկելու ամբողջ աշխարհի երիտասարդ առաջնորդները հոկտեմբերի 2-ից 5-ը Հարավային Աֆրիկայի Յոհաննեսբուրգ քաղաքում: Այս տարի գագաթնաժողովին մասնակցում է նաև Հայաստանը:
Արդեն չորրորդ տարին է ինչ «Մեկ երիտասարդ աշխարհ» (“One Young World”) գագաթնաժողովը աշխարհի ավելի քան 180 երկրներից հավաքում է ապագա առաջնորդների՝ քննարկելու այն հրատապ հիմնահարցերը, որոնք ծառացած են աշխարհի առջև և առաջարկելու նորարարական լուծումներ: Օլիմպիական խաղերից բացի ոչ մի այլ նախագիծ երբևէ չի հավաքել ամբողջ աշխարհից այսքան երիտասարդների: CNN-ը գագաթնաժողովը որակում է որպես «կրտսեր Դավոս»:
Նախորդ տարիներին գագաթնաժողովին մասնակցել են ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և այլ երկրների հայտնի առաջնորդներ: Այս տարի երիտասարդների հետ հանդիպում է ունենալու ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
Համաշխարհային այս գագաթնաժողովի մասնակիցները 18-ից 30 տարեկան երիտասարդներ են, ովքեր ցուցաբերել են առաջնորդական ներուժ և նպաստում են իրենց երկրներում մի շարք խնդիրներ լուծմանը:
Հայաստանը գագաթնաժողովին ներկայացնում է 23-ամյա Գրիգոր Երիցյանը: Գրիգորը ավարտել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ինչպես նաև ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի մագիստրոսական ծրագիրը: Գրիգորը հանդիսանում է Հայաստանում ամենաակտիվ երիտասարդական կազմակերպություններից մեկի՝ «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ փոխնախագահը: Իր հասարակական գործունեության մի քանի տարիների ընթացքում, Գրիգորը իրականացրել է մի շարք երիտասարդական ծրագրեր՝ դրանցում ներառելով հարյուրավոր երիտասարդների ինչպես Երևանից ու Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ ամբողջ Եվրոպայից:
Հոկտեմբերի 2-ին Յոհաննեսբուրգի Soccer City (The Calabash) մարզադաշտում, որտեղ 2010-ին Հարավային Աֆրիկան հյուրընկալեց FIFA-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, տեղի կունենա գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Արարողության ընթացքում մասնակից երկների երիտասարդները բարձրացնելու են իրենց երկրների պետական դրոշները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել