
Երևանցիներն ականատես կլինեն ռոբոտների քաղաքային ցուցադրությունների
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ) Հայաստանի ռոբոտների բաց առաջնության (ԱրմՌոբոտիքս) շրջանակում նախատեսում է հուլիսից կազմակերպել առաջնությանը մասնակցած ռոբոտների քաղաքային ցուցադրություններ:
Ցուցադրությունների նպատակն է հասարակության առավել լայն շերտերին ներկայացնել ԱրմՌոբոտիքսի մասնակիցների աշխատանքները, նպաստել ճարտարագիտական ոլորտի նկատմամբ հետաքրքրության առաջացմանը, ինչպես նաև հետաքրքիր դարձնել Երևանի բնակիչների ամառային առօրյան:
Ցուցադրությունները կանցկացվեն հետևյալ վայրերում համապատասխան ժամանակացույցով՝
- Շ. Ազնավուրի անվան հրապարակ - հուլիսի 19՝ ժամը 19:00
- Թումանյանի անվան այգի – հուլիսի 22՝ ժամը 19:00
- Ազատության հրապարակ – օգոստոսի 5՝ ժամը 19:00
- Նոր Նորքի 2-րդ զանգվածի այգի – օգոստոսի 12՝ ժամը 19:00
- «Սիրահարների» զբոսայգի – սեպտեմբերի 1՝ ժամը 19:00:
ԻՏՁՄ-ն կարևորում է ռոբոտաշինության վերականգնումը և զարգացումը Հայաստանում: «Առաջնության միջոցով նպատակ ունենք ի հայտ բերել ռոբոտաշինությամբ հետաքրքրվող երիտասարդների, նպաստել նրանց ներգրավվածությանը նոր տեխնոլոգիաների բիզնես ոլորտներում: Բացի դրանից՝ մրցույթները, ակումբները, խմբակները, ցուցադրությունները լավագույն միջոցներն են երիտասարդներին մոտիվացնելու, սեփական հնարավորությունները վերագնահատելու համար»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
ԱրմՌոբոտիքսի կազմակերպիչն է ԻՏՁՄ-ն, գլխավոր հովանավորն է «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը, տեխնիկական հովանավորն է «Առվա» ընկերությունը:
Մեկնաբանել