HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարող են սահմանվել կրթության որակի ապահովման լրացուցիչ պահանջներ. Աշոտյան

ՀՀ  կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռայներ Մորելի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել հայ-գերմանական կրթական հարաբերությունների զարգացման հնարավորություններին ու առկա խնդիրներին: Անդրադառնալով Հայաստանում գերմաներենի՝ որպես օտար լեզվի ուսուցման խորացմանը՝ գերմանական կողմը ՀՀ ԿԳ նախարարին ներկայացրել է մի շարք առաջարկներ, մասնավորապես ընդգծելով բարձրագույն ուսումնական հաստատությունների համապատասխան ֆակուլտետներում պարտադիր դարձնել նաև ավարտական աշխատանքները օտար լեզվով, տվյալ դեպքում գերմաներենով ներկայացնելու պահանջը:

«Ազգային լեզվի հարցը քննարկման առարկա չի կարող դառնալ: Մեր օրենսդրությունը հստակ սահմանում է, որ կրթության լեզուն հայերենն է: Սակայն մենք դեմ չենք լինի, եթե զուգահեռ բուհերը իրենց ակադեմիական ազատությունների շրջանակում մասնագիտական խմբերի համար լրացուցիչ նման պահանջ դնել»,- ի պատասխան նշել է նախարար Ա. Աշոտյանը: Անդրադարձ է եղել նաև Հայաստանում Գյոթեի համալսարանի  ներկայացուցչության՝ գերմաներեն լեզվի ուսուցման կենտրոնի գործունեությանը և բուհական համակարգի հետ հիշյալ կենտրոնի  հարաբերությունների խորացման  հնարավորություններին:

ՀՀ ԿԳ նախարարը, շեշտելով, որ գերմանական կողմի՝ DAAD-ի կողից հատկացվող ամենամյա կրթաթոշակները Հայաստանի կրթական համակարգի միջազգայնացման  կարևոր խթաններից  են, շնորհակալություն է հայտնել ծրագրի հաջող ընթացքի համար: Միաժամանակ նախարարը, դիմելով դեսպանին, մտահագություն է հայտնել, որ Գերմանայի Հալլե Վիթենբերգ համալսարանի հայագիտական կենտրոնն ունի ֆինանսական միջոցների խնդիր: Նախարարը նշել է, որ այս հարցում Հայաստանն  ակնկալում է Գերմանիայի կառավարության և պարոն դեսպանի աջակցությունը:

Դեսպան Ռայներ Մորելը  իր հերթին պատրաստակամություն է հայտնել անել հնարավոր ամեն ինչ, որ խնդիրը կարգավորի: Նա նաև տեղեկացրել է, որ Ենայի համալսարանում նախատեսվում է բացել Կովկասագիտության կենտրոն, որի կազմում անպայման  կլինի  նաև հայագիտական ամբիոն: Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև գերմաներենի դասագրքերին ու դպրոցներում գերմաներենի ուսուցման խնդիրներին վերաբրող մի շարք հարցերի:

Այս մասին հայտնում են ԿԳՆ-ից: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter