HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Նիկոլ Փաշինյանն ու վարչապետը վիճեցին. պատճառը Փակ շուկան էր

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչու կառավարությունը չի իրականացրել պատմամշակութային հուշարձան հանդիսացող Փակ շուկայի պահպանության համար անհրաժեշտ գործառույթները, երբ մի շարք օրենքների պահանջով լիազորված էր անել:

Պատգամավորի հարցին ի պատասխան՝ վարչապետը տվեց վերացական պատասխան: Ըստ նրան` մշակույթի եւ քաղաքաշինության նախարարները իրեն զեկուցել են, որ իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում քննարկել են հարցը: Նրանք նաեւ վարչապետին զեկուցել են, բանակցել են նաեւ քաղաքապետարանի հետ, որպեսզի ընդունվի այնպիսի որոշում, որով հաշվի կառնվի օրենսդրությամբ բոլոր պահանջները:

Վարչապետի պատասխանը դուր չեկավ Նիկոլ Փաշինյանին: «Անկեղծ ասած Ձեր՝ Չինաստանում գտնվելն ավելի խոսուն էր, քան հիմիկվա Ձեր պատասխանը: Ես չկասակացա, թե Դուք ինչ եք ասում: Խնդիրը շատ պարզ է, քաղաքաշինության ոլորտի մարմինը եւ հուշարձանների պաշտպանության գործակալությունը հստակ սահմանել են նախագիծ, թե ինչ նախագծով պետք է տեղի ունենար հուշարձանի նկատմամբ աշխատանքը եւ հստակ արձանագրվել է, որ շեղվել են: Քաղաքաշինության նախարարությունը եւ մյուս կառույցները, որ պետք է հսկեին եւ դադարեցնեին, չեն արել: Հիմա ասում եք, որ զեկուցել են Ձեզ, թե ինչ են զեկուցել հասկանալի չեղավ»,- արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Պատգամավորը վարչապետի պատասխանից հասկացել էր, որ վերջինս հերթական անգամ չունի պատասխաններ եւ ամբիոն է բարձրացել ուղղակի ժամանակ սպառելու համար: «Գոնե 3 րոպե խոսեիք, կհասկանայինք, որ բան ունեք ասելու»,- նշեց Ն. Փաշինյանը եւ հավելեց, որ Տ. Սարգսյանի գլխավորած կառավարությունն ի զորու չէ իրականացնել օրենքով նախատեսված գործառույթներ, որոնք հակասում են ոչ միայն օլիգարխների շահերին, այլեւ քմահաճույքներին:

«Ձեզ համար ընդհանրապես կարեւոր չէ ինչ հարց է քննարկվում Ազգային ժողովում, ինչ հարց եք բարձրացնում, Ձեզ բովանդակային խնդիրները չեն հետաքրքրում: Ձեզ հետաքրքրում է այն գնահատականները, որ դուք տալիս եք: Ցանկացած հարցի շուրջ մենք լսում ենք Ձեր նույն գնահատականները եւ ձանձրացել ենք Ձեր գնահատականներից: Բովանդակային քննարկմանը մենք միշտ պատրաստ ենք, նույնիսկ այն դեպքերում, երբ կառավարությունն ունի խնդիրներ, բայց Ձեր գնահատականները դառնում են արդեն անհետաքրքիր, որովհետեւ պարբերաբար կրկնվում են»,- ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետն ասաց, որ կարող է Նիկոլ Փաշինյանի նախադասություններով, վիրավորական արտահայտություններով նրան պատասխանել, սակայն «հարգում եմ Ազգային ժողովը եւ ինձ թույլ չեմ տալիս իջնել այդ մակարդակին»:

Այնուամենայնիվ վարչապետը նշեց, որ կան խնդիրներ, այդ թվում Փակ շուկան, սակայն կիրառվել են բազմաթիվ բանավեճեր, քննարկումներ, կիրառվել են բազմաթիվ սանկցիաներ, որպեսզի ճիշտ լուծումներ գտնվեն «եւ հանրությունն էլ հետեւել է դրան»:

Մեկնաբանություններ (2)

Հրանուշ Խառատյան
Հատուկ Նիկոլ փաշինյանի համար: Վարչապետն ասում է,-մենք չենք կարող իջնել Ձեր մակարդակին և հստակ հարցերին հստակ պատասխաններ տալ: Ձեր հարցերը հստակ են Ձեր մակարդակի պատճառով, իմ պատասխանները լղոզված են՝ իմ մակարդակի պատճառով: Քանի որ իմ և ԱԺ մակարդակները համապատասխանում են, ԱԺ-ն ինձ անմիջապես հասկանում է: Տեսեք քանի մարդ կա ԱԺ-ում, ինչու՞ ոչ մեկը Ձեր անիմաստ հարցերը չի տալիս: Քանի որ Ձեր մակարդակը տարբեր է՝ Դուք ինձ չեք հասկանում: Եվ չեք հասկանա: Ես Ձեզ ասում եմ՝ մենք փող ենք հաշվում, Դուք ասում եք՝ ինչու՞: Բա փողն էլ ինչի՞ համար է, փողը հաշվելու համար է: Զբաղված մարդիկ փող են հաշվում: Հանրության դերն էլ դրան հետևելն է: Սրանից պարզ էլ ի?նչ կա: Ձեր հարցերն անհասկանալի են: Ավելին՝ դրանք ինձ համար անիմաստ են: Երբ կհասկանաք, որ փողը հաշվեու համար է, կգաք, կխոսենք: Իսկ հիմա՝ վերջ, ես զբաղված մարդ եմ, լուրջ մարդ եմ, Դուք ինձ խանգարում եք, գնացեք ուրիշ մոլորակ: Որտեղ վարդեր կան, մայրամուտեր և արևածագեր, որտեղ ուրախություն կա, արև կա, կարոտներ կան, որտեղ մարդիկ են ապրում, ոչ թե հանրություն: Իսկ այստեղ, այս մոլորակում լուրջ մարդիկ փող են հաշվում: Ովքեր փող չեն հաշվում՝ լուրջ մարդիկ չեն, հանրություն են (շարունակում է հաշվել՝ ՛՛յոթ հարյուր միլիարդ...., թու՛, այ մարդ, էս ինչու՞ չի բիլիոնի հասնում: ...են Նիկոլը հաշիվնես խառնեց...՛՛)
Գեւորգ
Այ Նիկոլ ջան, ինչու՜ ես մարդկանց ողորմելի վիճակի մեջ գցում: Դու էլ լավ գիտես, ով ով է իրականում: Անկեղծ ասած՝ մեղքս մի քիչ եկավ, տեսնելով թե ինչպես է մեր ,,փառապանծ,, ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԸ պատեպատ ընկնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter