HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ա. Աշոտյան. «3 ընդդիմադիր պատգամավոր է վարչապետին հարց տվել, որոնցից մեկը հասցրել է նկարվել այդ ընթացքում»

«Այսօրվա ընթացքում 3 ընդդիմադիր պատգամավոր է վարչապետին հարց տվել, որոնցից մեկը հասցրել է նկարվել այդ ընթացքում»,- կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ով ԱԺ ամբիոնի մոտ էր հրավիրվել ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ավելի լուրջ հարցին պատասխանելու համար, այս նախադասությամբ սկսեց իր խոսքը:

Նախարարի հումորը դուր չեկավ ոչ միայն պատգամավորներին, այլեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, ով նախարարին հորդորեց հարցին պատասխանել: Ակնհայտ էր, որ Արմեն Աշոտյանի հումորը վերաբերում էր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, քանի որ վերջինս երեկ գլխավոր դատախազի նշանակման քվեարկության ժամանակ լուսանկարվել էր իր «դեմ» քվեաթերթիկի հետ եւ տարածել սոցիալական ցանցերում:

Իսկ Արծվիկ Մինասյանի մտահոգությունը հետեւյալն էր. կառավարությունը վերջերս կայացրել է մի որոշում, որի արդյունքում հանրակրթական ուսումնական հաստատության ոչ ուսումնական եւ օժանդակ հաստիքներ, ինչպիսիք են, օրինակ, հավաքարար, պահակ, դռնապահ, կրճատվում են, արդյունքում ստեղծվում է ոչ միայն գործազուրկների նոր բանակ, քանի որ այդ հաստիքները զգալի թիվ են կազմում, այլեւ լարվածություն է առաջանում հանրակրթական ուսումնական հաստատություններում:

Արմեն Աշոտյանն ասաց, որ 2013 թ. համար պետբյուջեի հաշվարկներով դպրոցներում նախատեսված է շուրջ 10 հազար տնտեսական հաստիք, այն դեպքում, երբ փաստացի աշխատում է 18 հազար մարդ: Նախարարի ասելով՝ այս դեպքում իջնում է աշխատանքի արդյունավետությունը, քանի որ 8 հազար մարդ նախատեսվածից ավելի է աշխատում, իջնում է նաեւ աշխատանքի մոտիվացիան:

«Ձեզ համար գաղտնի՞ք է, որ մի շարք դպրոցներում եղել են եւ կան «մեռյալ հոգիներ», երբ ձեւակերպված են մարդիկ որպես հավաքարարներ, պահակներ, սակայն աշխատանքի չեն գալիս, եւ այդ գումարը, ըստ մամուլի, ինչ-որ մի տեղ է հոսում: Բա չկրճատե՞նք այդ հաստիքները, բա չդադարեցնե՞ք պետական բյուջեի մսխման այդ տարբերակը»,- ասաց նախարարը:

Մեկնաբանություններ (1)

Թլկատինցի
«Այսօրվա ընթացքում.....»???? Ծո՝ Կրթության նախարար ջան...Հայերեն խոսել գիտե՞ս....Այսօր....եւ վերջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter