
Գերմանացի ներդրողը Ծառուկյանի կոմբինատի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել
Գերմանացի ներդրող, «ԻստԻնվեստոր» ընկերության տնօրեն Ստեֆան Լաքսհուբերը Գագիկ Ծառուկյանի «Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի դեմ վճռաբեկ բողոք է ներկայացրել: Այն քննվելու է Վճռաբեկ դատարանի դատավոր Տիգրան Պետրոսյանի վարույթում:
«Հետքի» հետ զրույցում «ԻստԻնվեստորի» ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Դանելյանը նշեց, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանն, ըստ էության, չէր բավարարել իրենց հայցը, այդ պատճառով դիմել են Վճռաբեկ դատարան:
Հիշեցնենք, որ վերաքննիչը հուլիսի 26-ին բեկանել էր առաջին ատյանի դատարանի վճռի այն մասը, որը վերաբերում էր «Անիկոմ» ՍՊԸ-ի կողմից տրված գնահատման հաշվետվությաբ բաժնետոմսերի դիմաց շուկայական արժեքին համարժեք` 142.324.653,93 դրամ փոխհատուցում տրամադրելուն, ինչպես նաև «ԻստԻնվեստոր»-ի օգտին 14.8 մլն դրամ գումարը` որպես բաժնետոմսերի համախմբման հետևանքով ստացված կոտորակային բաժնետոմսի հետգնման արդյունքում բաժնետիրոջը վճարման ենթակա գումար բռնագանձելուն: Միևնույն ժամանակ վերաքննիչը նշել էր, որ կոնյակի կոմբինատին փոխհատուցում տրամադրելուն պարտավորեցնելու «ԻստԻնվեստորի» պահանջն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ հայցվորի` տրամադրվածից ավելի չափով փոխհատուցում ստանալու իրավունք ունենալու փաստը չի հաստատվել գործի քննությամբ:
«Այստեղ շատ կարևոր և էական է այն հանգամանքի արձանագրումը, որ մենք «Անիկոմ» ՍՊԸ հաշվետվությունը չենք վկայակոչել որպես բաժնետոմսերի շուկայական արժեքը հաստատող ապացույց (ինչը փորձում է ներկայացնել երկու ատյանի դատարանները), այլև դրա վկայակոչմամբ փաստել ենք, որ առկա է մեր սեփականության իրավունքի խախտում, քանի որ «Անիկոմ» ՍՊԸ-ի հաշվետվությամբ հաստատվում է, որ բաժնետոմսերի հետգնման գնի սահմանման համար հիմք հանդիսացող տվյալները (հաշվապահական հաշվեկշռում արտացոլված), մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը: Այդ կերպ մենք հաստատել ենք, որ բաժնետոմսերի դիմաց չի տրվել համարժեք և արդարացի փոխհատուցում»,- վճռաբեկ բողոքում նշում են հայցվորի ներկայացուցիչները` Արա Զոհրաբյանը և Դավիթ Դանելյանը:
«ԻստԻնվեստոր»-ի ներկայացուցիչները Վճռաբեկ դատարանին խնդրել են բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած որոշումը և փոփոխելով այն՝ «ԻստԻնվեստոր» ՍՊԸ-ի հայցը բավարարել:
Մեկնաբանել