Իտալացի մասնագետը Քոբայրում կանցկացնի քարե նյութերի վերականգնման դասեր
Հոկտեմբերի 14-ից 26-ը վերականգնող Ստեֆանո Վոլտան Լոռու մարզի «Քոբայր» վանական համալիրում կանցկացնի քարե նյութերի վերականգնման դասընթացի երկրորդ փուլը: Մասնագետը հայ վարպետներին կներկայացնի շաղախի մշակման, խեժի և ժամանակակից նյութերի կիրառման, ինչպես նաև շարվածքների վերականգնման ավանդական մեթոդները:
Քարե նյութերի վերականգնման դասընթացի առաջի փուլը անց է կացվել սույն թվականի հուլիսի 15-ից 26-ը Արուճի վանական համալիրում, որտեղ իտալացի և հայ մասնագետների կողմից իրականացվել են նաև հնագիտական պեղումներ, որմնանկարի մաքրման և ուսումնասիրման աշխատանքներ: Մասնակցած 7 հայ վարպետների արդեն տրվել են հավաստագրեր:
Հայ-իտալական ծրագրի լրատվական ծառայությունը հայտնում է, որ դասընթացը կիրականացվի «Օժանդակություն տեղական հաստատություններին մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ոլորտում» կրթամշակութային ծրագրի շրջանակում: Ծրագիրն անց է կացվում ՀՀ մշակույթի և Իտալիայի արտաքին գործերի նախարարությունների միջև 2011 թ. ապրիլին ստորագրված համաձայնագրի հիման վրա:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել