HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետը Ջերմուկում մասնակցել է համայնքների խնդիրների քննարկման նպատակով հրավիրված համաժողովին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջերմուկում մասնակցել է հոկտեմբերի 3-ից մեկնարկած Գյուղական համայնքների երրորդ համաժողովի աշխատանքներին: Ողջունելով համաժողովի մասնակիցներին` կառավարության ղեկավարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել.

 «Մեզ մեծապես հետաքրքրում են տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները, և դրանց լուծման ուղղությամբ ձեր առաջարկությունները: Տեղյակ եք, որ կառավարությունը հաստատել է 2014 թվականի պետական բյուջեի նախագիծը: Այդ տեսակետից, մեզ հետաքրքրում է, թե ինչպիսին է վիճակը ավագանիներում, ինչ խնդիրներ եք տեսնում, ինչ հարցեր են լուծվել, ինչպես է վիճակը աշխատավարձերի բարձրացման քաղաքականության տեսակետից: Տեղյակ ենք, որ շատ համայնքներում կա ֆինանսական միջոցների սղություն»:

Վարչապետը վստահեցրել է համայնքների ղեկավարներին, որ կառավարությունն անում է ամեն ինչ, որպեսզի պետական բյուջեով հնարավորություն լինի օժանդակել համայնքներին` աշխատավարձերի բարձրացումը մեր երկրում սահուն կազմակերպելու համար:

«Աշխատավարձերի բարձրացումը պետք է կրի շարունակական բնույթ: Պետք է ունենանք աշխատավարձերի բարձրացման համար առաջիկա հինգ տարիների ռազմավարություն: Կառավարության ծրագրով մեր երկրում նվազագույն աշխատավարձը փուլ առ փուլ բարձրացվելու է, մտադիր ենք մինչ 2017 թվականն այն հասցնել 70 հազար դրամի, այսինքն նվազագույն աշխատավարձը շոշափելիորեն կբարձրանա»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ կառավարությունն այսուհետ ևս անելու է ամեն ինչ` տեղական ինքնակառավարման մարմինների զարգացմանը նպաստելու համար և համաժողովի մասնակիցներին մաղթել է բեղմնավոր աշխատանք:

Մինչ հոկտեմբերի 5-ը շարունակվող համաժողովի ընթացքում կքննարկվեն տեղական ինքնակառավարման համակարգի և գյուղական համայնքների արդիական խնդիրները` ոլորտում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի` պետական, տեղական ինքնակառավարման մարմինների, մարզերում տարբեր ծրագրեր իրականացնող տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, փորձագետների մասնակցությամբ: Յուրաքանչյուր մարզից համաժողովին մասնակցում են տասը համայնքապետ ու ավագանու հինգ անդամ: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter