Գյուղնախարարի խորհուրդը «Լույս» հիմնադրամի ուսանողներին
Հուլիսի 15-ին Տավուշի մարզի Ենոքավան գյուղում «Լույս» հիմնադրամի հավաքի մասնակիցների հյուրն էր ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նա ուսանողներին խորհուրդ տվեց արտասահմանում ուսումն ավարտելուց հետո անպայման վերադառնալ Հայաստան:
«Եթե բոլորս գնանք, ո՞վ պիտի կառուցի մեր երկիրը: Մեր երկիրը ձեր կարիքն ունի: Մենք պետք է հզորանանք մեր ինտելեկտով ու մեր կադրերով»,- նշեց Սերգո Կարապետյանը: Նրա վստահեցմամբ՝ երիտասարդ կադրերի պահանջարկ այսօր շատ կա:
Անդրադառնալով գյուղատնտեսությանը՝ նախարարն ասաց, որ տարեսկզբից ոլորտում լուրջ բարեփոխումներ են իրականացվում, թեև քիչ չեն նաև խնդիրները:
Ամփոփելով իրականացված աշխատանքներն ու խոսելով հետագա անելիքների մասին՝ նա ձեռքբերում համարեց այն, որ պետությունը գյուղացիներին վարկ է տրամադրում 10 %-ով՝ նախկին 25-ի փոխարեն:
Անդրադարձ եղավ նաև Համաշխարհային բանկի հետ իրականացվող ծրագրերին, մասնավորապես՝ արոտավայրերի բարելավման, դեպի լեռնային արոտներ տանող ճանապարհների կառուցման, արտահանման ծավալների ավելացման, անասնաբուծության զարգացման հեռանկարներին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության լրատվության բաժինը հայտնում է, որ հանդիպման ընթացքում նախարարը լսեց նաև ուսանողների հետաքրքիր հարցադրումներն ու առաջարկությունները՝ ագրարային ոլորտի զարգացման ծրագրերի վերաբերյալ:
«Լույս» հիմնադրամի հավաքի մասնակիցների և գյուղնախարարի հանդիպումը պայմանավորված էր այն հանգամանքով, որ «Լույսի» այս տարվա հավաքի թեման գյուղատնտեսությունն է: 140 հոգանոց խումբը Ենոքավանից հետո բաժանվելու է 6 ենթախմբի, որոնք իրենց հետագա ուսումնառությունը, հանրապետության 5 այլ համայնքից բացի, պետք է անցկացնեն նաև Արցախում:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Տիգրան Սարգսյանի նախաձեռնությամբ 2009 թ. ստեղծված «Լույս» հիմնադրամի ծրագրային առաքելությունը մշակույթին և կրթությանն աջակցելն է: «Լույսը» փորձում է ավելացնել աշխարհի առաջատար համալսարաններում սովորող հայ ուսանողների թիվը՝ նպատակ ունենալով ապահովել Հայաստանի ակտիվ մասնակցությունն աշխարհի գլոբալ տնտեսությանն և կոնկրետ ծրագրերի միջոցով ի մի բերել ուսանողների գիտելիքը, հմտություններն ու կարողությունները:
«Լույսի» կրթաթոշակակիր կարող են դառնալ հայ ուսանողներ բոլոր երկրներից: Հաստատության կրթաթոշակառուները տարին մեկ անգամ հավաքվում են Հայաստանում, ապրում փոքրիկ համայնքներում, լսում մարդկանց, Հայաստանը վերաբացահայտելու հնարավորություններ ունենում, մշակում նախագծեր, որոնք ներառում են արտասահմանում իրենց ձեռք բերած գիտելիքի ամբողջ հարստությունը, և փորձում դրանք իրականացնել տեղական համայանքներում:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել