HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոստա-Ռիկային նախանձեցի…

Ստեփան Գյոզալյան 

Մեկը Կոստա-Ռիկայից ժամանակակից սարքավորումներ է գնելու… 

Դե միայն Կոստա-Ռիկայից չէ՝ Չինաստանից, Ճապոնիայից, ԱՄՆ–ից, Գերմանիայից, Իռլանդիայից, Կանադայից և այլ երկրներից էլ: Բայց Կոստա-Ռիկայից էլ: Կոստա-Ռիկայի տնտեսությունը երկար ժամանակ եղել է հիմնականում գյուղատնտեսությունահեն ու տուրիզմահեն, բայց զգալով, որ դրանով հեռուն չեն գնա՝ զարկ են տվել գիտությանն ու տեխնոլոգիաներին, հարկային արտոնություններ են մտցրել այդ ոլորտների համար ու հիմա աշխարհին հայտնի են դարձել նաեւ որպես ժամանակակից միկրոպրոցեսորների ու բժշկական սարքավորումների արտադրողներ ու արտահանողներ: Մեկն էլ ներմուծելու է… Մեկը Հ1-ն է՝ Հանրայինը: Հ-ն հանել են: 

Կոստա-Ռիկային նախանձեցի: Նախանձեցի արձակուրդից հետո գիտաշխատողի՝ աշխատավարձ ստանալու գնացող գործընկերներին հայացքով հետեւելու նախանձով:  Ախր համոզված եմ, որ մեր ներուժը իրենցինից հաստատ ավել է: Բասկետբոլում չէ՝ մտավոր: Ինչե՜ր կարող էինք անել, եթե էս 20 տարում մեր իշխանությունները մի քիչ մտածած լինեին վաղվա օրվա մասին, գիտությունն ու արդյունաբերությունը հետին պլան մղած չլինեին: Գիտնականները հիմա Հայաստանում ամենաքիչ վարձատրվող խավն են: Եթե տարիներ առաջ դեռ վիճակը շտկելու հույսեր կային, ժամանակի ընթացքում այդ հույսերը գծային օրենքով մարում են: Ներկայիս իշխանությունները կրում են ամենամեծ պատասխանատվությունը, քանի որ նրանք, նախկինների հետ համեմատած, ավելի լավ են տեղեկացված, ավելի լավ են հասկանում, որ հապաղումը արդեն կործանարար է լինելու գիտության համար: Տեղեկացված են, հասկանում են, գերակա ճյուղ են հայտարարում, բայց բավարար քայլեր չեն կատարում: Չէ, ի՞նչ բավարար՝ կարելի է ասել քայլեր ընդհանրապես չեն կատարում: Դե ասում են՝ փող չկա, ավելի հրատապ ծախսեր կան… 

Փող չկա, բայց վերեւներում ով գործից դուրս է գալիս՝ իր համար մի նոր կառույց են ստեղծում: Կառույց ասելով մենակ շենքային քառակուսի մետրերը նկատի չունեմ՝ աշխատկազմ, աշխատավարձ, հեռախոսավարձ, կահավորանք, ծառայողական ավտոմեքենա, բենզին, պրինտերի թանաք, զուգարանի թուղթ… Աղվան Հովսեփյանն էլի դուռը պաչեց՝ սերիալահպատակ հասարակության հոգիներում խորը հուզմունք գեներացնելով… Նարեկ Սարգսյանի համար թե ինչու ստեղծեցին Ճարտարապետության պետական կոմիտե՝ ավելի դժվար ըմբռնելի է: Երկիրը կվերանա՞ր առանց Ճարտպետկոմ… Եթե հանկարծ հարցնենք՝ այնպես գիտականորեն կհիմնավորեն Ճարտպետկոմի անհրաժեշտությունը, որ մարդ կամաչի հարց տալու համար: Կարո՞ղ է Սուրիկ Խաչատրյանի համար էլ մի օր Մարզպետկոմ բացեն: 

Դե վերեւներում ավելի լավ է երեւում՝ փող կա՞, թե՞ չկա, ճարտպետկոմ պե՞տք է, թե՞ պետք չէ, գիտություն պե՞տք է, թե՞ պետք չէ…  Բայց ախր իրենք էլ շատ ժամանակ հաստատ մի բան չեն ասում է՜… Վարչապետը, հետո նախագահը ասացին, որ 14թ հունվարի 1-ից աշխատավարձներն ավելանալու են, հետո էլ վարչապետը թե՝ հուլիսի, հուլիսի 1-ից… Կամ նախագահն ասաց, որ 17թ նվազագույն աշխատավարձը 90 հազար դրամ է լինելու, հետո էլ վարչապետը թե՝ 70, 70 հազար…

Հիմա արդեն ես էլ եմ խառնվում՝ լուրերի մի մասին սկսել եմ հավատալ, մի մասին՝ ոչ: Օրինակ.

-հավատում եմ, որ փող չկար Ավետիք Գրիգորյանի «Դարերի խորքից դեպի տիեզերք» գրքի տպագրության համար...

-հավատում եմ, որ 995 հազար դրամ չկար Հովակիմ Զաքարյանենց լաբորատորիան վերանորոգելու համար...

-չեմ հավատում, որ Նունեի համերգի կազմակերպման համար 54 մլն դրամ է հատկացվել...

-չեմ հավատում, որ Երեւանի ծնունդին 200 մլն դրամ է հատկացվել...

-համոզված եմ, որ Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրին (ԵԳԱԾ) մի տարվա համար տված 100 մլն դրամի մասին պետք էր ամեն օր Հայլուրով ասել...

-չեմ հավատում, որ էն օրը վարչապետը Սանկտ Պետերբուրգ գնալու համար Թիֆլիսից օդանավ է պատվիրել, որ գա իրեն տանի… ու 2 մլն դոլար է ծախսվել էդ գնալ-գալու վրա...

-իսկ որ գիտության ֆինանսավորումն ավելացնելու են՝ ընդհանրապես հավատում եմ: Բա ի՞նչ՝ եթե վարչապետը մի 10-15 տեղ չգնա՝ Հայաստանի գիտության ֆինանսավորումը կկրկնապատկվի…

-չեմ հավատում, որ ֆինանսների նախարարությունը 30 մլն դրամով ձեռք է բերել 280 հատ բջջային և 20 հատ  աշխատասենյակային հեռախոս…

-օֆշորի պատմությունը հեչ հավատալու բան չի…

Այսքանը հերիք է՝ աչքիս արդեն լրիվ խառնում եմ…

Բայց ցավն այն է, որ գիտության հերն անիծելով չեն բավարարվում: Աղետի գոտի կա, սահմանամերձ գոտի կա, դատարկվող գյուղեր կան, 10-20 աշակերտով դպրոցներ կան, հանապազորյա հացի համար կռիվ տվող կռված տղերք կան… 

Դե ճիշտ են ասում՝ ու՞մ է պետք գիտությունը: Ամեն տարի իզուր բյուջեից 25-30 մլն դոլարաչափ կորչում է գիտության վրա: Եթե որեւէ բան պետք լինի՝ Կոստա-Ռիկան սարի պես կանգնած է: Եթե ուզում ես Հայաստանում պետության տվածով նորմալ ապրել՝ դարձիր դատավոր, բանկիր կամ երգիչ: Մթնոլորտային սյունը նրանց քիչ է ճնշում: Դատավորների միջին աշխատավարձը 900 հազար դրամի կարգի է, բանկիրներինը՝ 500 հազարի, երգիչներինը՝ ո՜չ ոք չգիտի… Կարելի է նույնիսկ, հոգալով ազգի համար, գովազդային հոլովակներ նկարել ու Մեկով HD որակով ցույց տալ… Օրինակ՝ իսկ դու կփոխեի՞ր 15 գիտնականին մեկ դատավորի հետ կամ 9 գիտնականին մեկ բանկիրի հետ… 

Մեկին էլ խնդրեցինք, համոզեցինք, որ նոր եթերաշրջանից գիտահանրամատչելի ուսումնական հաղորդաշար հեռարձակեն՝ դեռ լուր չկա: Մի օր նոր ինտելեկտուալ հաղորդման մասին էին անոնսում՝ անվանումը Հայ-Q: Տեղիցս վեր թռա… Վա՜յ-Q… Ուրիշ հաղորդում էր… Էլի վատ չէ՝ Արման Աբովյանն էլ, որպես հաղորդման վարող, պետք է որ արդարացնի սպասելիքները: Բայց դե մեր առաջարկած հաղորդումն էլի խիստ անհրաժեշտ է հեռարձակել՝ նույնիսկ դատավորների եւ բանկիրների համար այն անկասկած օգտակար կլինի: Ձեւաչափն ուրիշ է, բայց հո պարտադիր չէ, որ բոլոր հաղորդումները շոու լինեն: Կարեւորը՝ հաղորդումն արդիական լինի ու ասելիք ունենա, եւ նա պահանջված կդառնա: Դեռ սպասում ենք, մանավանդ որ՝ «Կլինեն ինտելեկտուալ, գիտական նոր հաղորդումներ, ֆիլմեր ու հայերեն թարգմանված մուլտֆիլմեր»- ասաց «Հանրային» հեռուստաընկերության մամուլի քարտուղար Աննա Ավանեսյանը: 

Արդեն Արմնյուզ-ով գիտության թեմայով հաղորդումները մշտական են դարձել: Լավ էլ հետաքրքիր են ու նայվող: Ապրի՛ Արտակ Ալեքսանյանը: Ես, եթե մի այլ հեռուստաընկերության պրոդյուսեր լինեի՝ նախանձից կպայթեի… 

Այսպես էլ՝ առանց գիտության, դատելով ու համաներելով, պարտքով ու վարկով, երգով ու պարով վստահաբար գնալու ենք դեպի ապահով Հայաստան… 

Հ.Գ.1. Հավատում եմ, որ Մաքսային միություն մտանք երեւի այն հույսով, որ Ռիժկովը կգա, աղետի գոտին կսարքի: 

Հ.Գ.2. Չեմ հավատում աչքերիս, որ հնարավոր էր Անկախության օրը Վաստակավոր արտիստի համերգին ավելի քիչ գումար հատկացնել, քան մի բիոզուգարանի համար: Բանկաֆինանսականները թասիբ չունե՞ն… 

Հ.Գ.3. Զարմանում եմ, որ Քեմբրիջ ավարտած տղան 4 փորձից չի կարողացել վառել խոտի դեզը ու դրա համար 6 ամիս է՝ նստած է… Դատաիրավականները ամոթ չունե՞ն…

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter