HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսանի պաշտոնանկության պահանջի ձևակերպումը որպես քաղաքացիական հասարակության և քաղաքական ուժերի միակ օրակարգ

Արթուր Գրիգորյան 

Վերջին տարիներին Հայաստանում քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացը գնալով արտակարգ հետաքրքիր երանգներ է ստանում` չնայած իր ձևավորման ընթացքում ունեցած տարբեր վայրիվերումներին ու այլասերումներին, որը հետևանք էր քաղաքական իշխանության մշտական միջամտություններին, որի նպատակն էր պրոցեսները համակարգի համար վերահսկելի պահելը: Սակայն այդ տվայտանքները կողմնակի և կանխատեսելի երևույթներ են ու այսօր արդեն կրում են խիստ պրիմիտիվ, անհամ բնույթ: Մյուս կողմից, քաղաքացիական ակտիվի հիմնական կորիզը կարծես սովորական ակտիվիզմից մեկ աստիճանով բարձրացնում է իր որակավորումը՝ անցնում կատարելով դեպի մասնագիտական հիմնավորումների տիրույթ, ստեղծելով, օրինակ, տրանսպորտի գնի թանկացման հարցը քննարկող այլընտրանքային հանձնաժողով՝ ոլորտի խնդիրներին տիրապետող մասնագետներով:

Իրականում սա քաղաքացիական մտքի զարգացման շատ էական առաջընթաց է, քանի որ այս գործընթացը զուգորդվում է նաև ընդդիմադիր քաղաքական ուժերի ակտիվի հետ սերտ համագործակցությամբ: Բոլորս շատ լավ հիշում ենք, որ ընդամենը մեկ ու կես տարի առաջ Մաշտոցի պուրակում ծավալվող իրադարձությունները համառորեն ներկայացվում էին որպես, այսպես ասած՝ «զուտ քաղաքացիական», և շատ ակտիվիստների կողմից կտրուկ մերժվում էին գործընթացը քաղաքականացնելու անհրաժեշտության վերաբերյալ բոլոր տեսակետները: Ինչպես տեսնում ենք, տրանսպորտի գնի թանկացման շուրջ ծավալվող իրադարձություններից այսօր քաղաքացիական դաշտում իրավիճակը տրամագծորեն փոխվել է. հիմա կարծես ոչ ոք չի վիճարկում, որ իշխող վարչախմբի կամայականություններից քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը ոչ այլ ինչ է, քան քաղաքական պայքար:

Անշուշտ, երկար տարիներ քաղաքական պայքարի փորձ ունեցող մարդիկ կարող է և ժպիտով ասեն՝ բա ես ձեզ երբվանի՞ց էի ասում, որ ամեն ինչն էլ քաղաքական է, և այդպես էլ ասում են: Ասում էին ու գուցե թե ճիշտ էին, բայց պետք է նաև հասկանալ մի պարզ բան՝ շատ ավելի կարևոր է, որ քաղաքացիական  միտք ունեցող երիտասարդ մարդիկ ինքնուրույն անցնեն իրենց քաղաքականորեն ձևավորման ուղին՝ խմորվեն, հասունանան, ունենան ներքին բախումներ, առճակատ դուրս գան քաղաքական ընդդիմության և քաղաքական իշխանության հետ, բացահայտեն իրենց շարքերում անխուսափելիորեն ներդրված մարդկանց, ճանաչեն վերջիններիս գործելաոճը, մշակեն գործունեության նպատակներ ու սկզբունքներ, և վերջապես՝ ձևավորեն այդ նպատակներին հասնելուն միտված, բոլորի համար ընդունելի օրակարգ:

Գաղտնիք չէ, որ քաղաքական ընդդիմության և քաղաքացիական դաշտի ներկայացուցիչների ջրերը հաճախ նույն առվով չեն հոսում, սակայն երկուսն էլ մեկ ամբողջի մաս են կազմում, քանի որ առանց ուժեղ քաղաքական ընդդիմության քաղաքացիական ակտիվիստները շատ արագ կվերածվեն քաղաքական բանտարկյալների, օրինակ՝ ոստիկանին հրելու համար: Եւ այն, որ Հայաստանում մարդու իրավունքների հարցը «Մաքսային միություն» հորջորջվող տխմարության անդամ պետությունների համեմատ ավելի «եվրաասոցացված» է, դա է 2008-ից ի վեր տարվող համառ, ամենօրյա ռեժիմով տարվող քաղաքական դիմադրության:

Մյուս կողմից, քաղաքական ընդդիմության վերջնանպատակը հենց իրավագիտակից, դիմադրող քաղաքացիական հասարակություն ստեղծելն է, որը կարծես թե փոփոխական հաջողությամբ ստացվում է: Հետևապես, ինձ համար նույնքան արհեստական է թե քաղաքացիականն ու քաղաքականն իրարից բաժանելը, և թե երկու դաշտերում գտնվող առանձին անհատների միջև հիմար գզվռտոցը, որը պրոյեկտվում է բոլորի վրա՝ մի կողմից նսեմացնելով քաղաքական ընդդիմության նշանակությունը և վաստակը, մյուս կողմից՝ ստիգմատիզացնելով քաղաքացիական հասարակությանը, այն ներկայացնելով որպես իշխանության կողմից ղեկավարվող, արհեստական օրակարգերով «թեման ցրող» անպիտան միավոր:

Չեմ ցանկանում մտնել դավադրության տեսությունների մեջ, բայց տարիներ շարունակ ակտիվ պայքարի մեջ գտնվող մարդկանց կողմից այսչափ պարզունակ իրողությունները «չհասկանալը» ու համակարգը թողած իրար կծոտելը ինձ մոտ շատ հարցեր են առաջացնում: Հաճախ այդ գզվռտոցն անգամ դառնում է ինքնանպատակ՝ դուրս գալով կոռեկտության բոլոր սահմաններից: Ու տպավրություն է ստեղծվում, որ երկու կողմերի այդ «առանձին անհատները» կամ ցածրագույն մտավոր ունակություններ ունեցող վնասարարներ են, կամ ջուր պղտորողներ, և հենց այս անհատների գործելաոճի մեջ պետք է փնտրել հայտնի խաղի «սևերին»:

Միևնույն թիրախն ունենալու պայմաններում առողջ բանականությունը հուշում է, որ թվացյալ տարակարծությունների շուրջ անիմաստ էներգիա վատնելու փոխարեն վաղուց ժամանակն է նստել ու մշակել այդ թիրախին խփելուն միտված օրակարգ և կատարել աշխատանքի բաժանում, որպեսզի քաղաքացիական և քաղաքական միավորներից յուրաքանչյուրն իր աշխարհայացքի, գործելաոճի շրջանակներում իր բաժին գործն անի ընդհանուր նպատակին հասնելու համար: Հենց այդ օրակարգի մասին դատողություններով էլ ուզում եմ միտքս ավարտել: Այս համատեքստում անեմ երկու շեշտադրում.

1-ին՝ ի՞նչը կարող է լինել բոլորի համար ընկալելի օրակարգ, որն ի վիճակի կլինի իր շուրջը համախմբել հարթություններում գտնվող, իրար չսիրող, բայց ազնիվ մղումներ ունեցող մարդկանց:  2-րդ՝ որքանո՞վ է ողջամիտ և արդյունքին հասնելու տեսանկյունից իրատեսական դնել ոչ թե ինչ-որ մանր-մունր չինովնիկների, այլ հենց Սերժ Սարգսյանի պաշտոնանկություն հարցը:

Երևանի քաղաքապետարանի շուրջ ամիսներ տևող նստացույցն ապացուցեց, որ ոչ մի նշանակություն չունի, թե ինչ տրամաչափի չինովնիկի պատասխանատվության հարց ես բարձրացնում, եթե գործ ունես հանցավոր աշխարհի կանոններով գործող բրգաձև կառույցի հետ: Կազմակերպված հանցավոր խմբում յուրաքանչյուրն ունի «օբշագի» փողը հավաքելուն ուղղված իր գործառույթները, և ոչ մեկն ինքնագլուխ չի գործում: Նույնպես և տրանսպորտի գնի թանկացման գործում այդ մանր չինովնիկները իրականում կատարում են խմբավորման «տասովշիկների» դեր, իսկ որոշումներն ընդունվում է այնտեղ՝ դիվանբաշու մոտ: Եթե մի համակարգում անգամ Մաշտոցի պուրակում կառուցված չորս հատ խուժան «բուծիկի» հարցը լուծում է բուրգի ղեկավարը, դա նշանակում է, որ մենք գործ ունենք գերկենտրոնացված մի խմբավորման հետ, որտեղ բացի պարագլխից որևէ այլ սուբյեկտ իրենից բացարձակապես ոչինչ չի ներկայացնում: Եվ իսկապես՝ որևէ մեկը կարո՞ղ է ինչ-որ այլ պաշտոնյայի կամ օլիգարխի մատնանշել, որից ազատվելու պարագայում կարող ենք ասել, որ համակարգը կփոխվի: Նշեք խնդրեմ գեթ մեկ անուն: Ես չեմ կարող: Միակ իրական գործող անձը համակարգի գլխին կանգնած, բառիս ամենաբուն իմաստով «օրենքով գողն» է՝ հանցախմբի պարագլուխը:

Հետևապես, քաղաքացիական հասարակության, ինչպես նաև քաղաքական ուժերի միակ ընկալելի գերխնդիրը և քննարկման թեման կարող է լինել միասնական օրակարգի մշակումը հետևյալ տրամաբանությամբ՝ ձևավորել Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը՝ շատ կոնկրետ և իրավաբանորեն գրագետ հիմնավորումներով:

Այս օրակարգը նաև այն դաշտն է, որտեղ միմյանց չհամակրող, սակայն ինքնուրույն սուբյեկտներ հանդիսացող քաղաքացիական և քաղաքական միավորները կարող են և պետք է համագործակցեն: Սա այն հարթությունն է, որտեղ անասելի շիլաշփոթի մեջ հստակ տարանջատվելու են սևերն ու սպիտակները, քանի որ մանևրելու, «օլիգարխների» մեղավորության հեքիաթներով թեման շեղելու տարբերակներ այլևս չեն լինի: Այսօրվա հայաստանյան միասնական օրակարգում Սերժին գործից հանելու հարցից բացի ուրիշ որևէ թեմա չկա: Մյուս բոլոր հարցերը՝ Եվրաասոսացում կամ Մաքսային միություն, հայ-թուրքական մեյմունություն և ցեղասպանության ուրացում, արցախյան հիմնախնդիր և այլն, բոլորն ածանցյալ են: Քանի դեռ մենք բոլորս միասին չենք վաստակել իրավունքի սուբյեկտ լինելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու մեր իրավունքը, չի կարող լինել որևէ այլ հարց, քան այդ իրավասուբյեկտությունը նվաճելը:

Այսպիսով, միակ օրակարգային հարցը, որի շուրջ արժի մոբիլիզացվել, նստել և մտածել, դա տրանսպորտի գնի թանկացումը չէ, և ոչ էլ բնապահպանությունը՝ տարբեր հետաքրքրություն ունեցող խմբեր այդ հարցերով զբաղվում են: Մոբիլիզացվել պետք է այդ բոլոր հիմնախնդիրների արմատը հանելու համար: Ասել կուզեմ՝ եկեք նստենք ու ձևակերպենք Սերժ Սարգսյանին պաշտոնանկ անելու և իր «թաշախուստով» հանդերձ մեր պարանոցից դեն նետելու օրակարգը, որպեսզի որևէ այլ հարցով զբաղվելն ընդհանրապես իմաստ ունենա:

Մեկնաբանություններ (1)

karo
Ases qani dubliz e es nkar@ stazvel? Iren Pap tagavor e yerevakayum.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter