Ատամի վերականգնման նոր մեթոդ, որն ամբողջ աշխարհում կիրառվում է միայն Մելիքսեթ Մելիքյանին պատկանող կլինիկայում
«18 տարվա մեր փորձը թույլ է տալիս վստահաբար ասել, որ նոր մեթոդով՝ մետաղական ցանցի միջոցով ատամի վերականգնումը մարդուն ծառայում է 10 տարուց ավելի: Ատամը վերականգնելուց հետո շատ քիչ բարդություններ են ի հայտ գալիս: Մեր մեթոդի շնորհիվ հնարավոր է պահպանել եւ վերականգնել նաեւ 10 տոկոսով հեռացման ենթակա ատամը»,-ասում է ծնունդով գյումրեցի, մոսկվայաբնակ բժիշկ-ստոմոտոլոգ, բժշկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Մելիքսեթ Մելիքյանը:
Գյումրիում, տեղի ատամնաբույժների համար «Համաշխարհային նորություններ ատամնաբուժության ոլորտում» թեմայով սեմինարի ժամանակ, պրոֆեսոր Մելիքսեթ Մելիքյանը ներկայացրեց այն տեխնոլոգիաները, որոնց միջոցով Մոսկվայում գործող իր կլինիկայում ուղղում, նորոգում ու պարզապես վերականգնում են բացակայող ատամները՝ այդ նպատակով օգտագործելով մետաղական ցանց: «Մենք ատամը չենք տաշում, չենք վնասում,-պարզաբանում է Մելիքսեթ Մելիքյանը,-չենք հեռացնում ներվը, եթե այն չի անհանգստացնում, առկա արմատների վրա ստեղծում ենք նոր ատամներ: Մենք հաճախորդին առաջարկում ենք այլընտրանքային ատամնաբուժություն»:
34 տարի Մոսկվայում բնակվող եւ գործունեություն ծավալող պրոֆեսոր Մելիքյանը 60 գյուտի հեղինակ է: Իր իսկ հիմնած կլինիկայում աշխատում է որդու եւ աղջկա հետ: Ատամնաբուժության ոլորտում շուրջ 18 տարի կիրառվող այս նոր մեթոդի շնորհիվ Մելիքյանները ճանաչում են գտել Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում, Շվեցիարայիում, Քուվեյթում եւ այլն: Նոր մեթոդի ներդրման համար Մելիքսեթ Մելիքյանն արժանացել է 10 ոսկե մեդալի:
Պրոֆեսորը խոստովանեց, որ իր առաջին մասնագիտությունը եղել է ոսկերչությունը: Բանակում ծառայելիս եւ հետո եւս 5 տարի՝ փորձ ու հմտություն է ձեռք բերել շինարարության ոլորտում: Սովորել ու ավարտել է Կեմերովոյի բժշկական ինստիտուտի ատամնաբուժության բաժինը:
«Հետքի» այն հարցին, թե հիմա ինչ անում եք՝ արհեստ է, թե արվեստ, հաշվի առնելով ձեր շինարարի եւ ոսկերչի մասնագիտությունները, պրոֆեսոր Մելիքյանը պատասխանեց ծիծաղելով՝ ռուսերենից անցնելով հայերենին. «Մեր մեթոդի հոգեբանությունը հենց շինարարությունից է գալիս: Սա արհեստի ու արվեստի միաձուլում է, որ լեննականցոց շատ է տրված»:
![]() |
![]() |
Պրոֆեսոր Մելիքյանի վստահեցմամբ, մեկ ատամի վերականգնման նյութի արժեքը 3-5 դոլար է: Իսկ թե ինչպիսին կլինի ատամի բուժման վերջնարժեքը՝ թելադրում է շուկան: Նոր մեթոդի գաղտիքներից մեկն էլ ոչ թե օգտագործվող նյութերն են, այլ ճիշտ կառուցումը, ինչպես շինարարության մեջ:
Մելիքսեթ Մելիքյանին պատկանող կլինիկայում օրվա մեջ սովորաբար աշխատում են մեկ հիվանդի հետ: Ամենաշատը, որ իրեն կարող է թույլ տալ պրոֆեսորը նույն օրվա մեջ եւս մեկ հիվանդի համար խորհրդակցություն անցկացնելն է: «Հաճախորդի հետ հանդիպում ենք մի քանի անգամ, խոսում ենք, բացատրում, լուսանկարում ատամները, հոգեբանորեն պատրաստում,-ասում է պրոֆեսոր Մելիքյանը,-անհատական մոտեցում ենք ցուցաբերում յուրաքանչյուրին: Մենք ունեցել ենք հաճախորդներ, ովքեր գերադասել են կես տարի գումար հավաքել եւ մեր կլինիկայում վերականգնել իրենց ատամները՝ վստահ լինելով, որ դրանք իրեն կծառայեն 10-15 տարի»:

Մ. Մելիքյանը խոստովանեց, որ իր 7 ատամները, որոնք ենթակա էին հեռացման՝ որդին վերականգնել է նոր մեթոդով եւ դրանք արդեն 6-7 տարի է ծառայում են առանց խնդիրներ առաջացնելու: Պրոֆեսորը պատրաստ է հայրենի քաղաքում ներդնել այս մեթոդը: «Ես Գյումրիում կլինիկա բացելու դեպքում չեմ պատրաստվում գումարներ աշխատել, որովհետեւ Գյումրին Մոսկվա չէ: Այստեղ այդ ամենը կլինի ավելի մատչելի»,-հայտարարեց պրոֆեսորը: Սեմինարի ավարտին մասնակիցները խնդրեցին Մելիքսեթ Մելիքյանին հնարավորություն դեպքում գտնել ժամանակ եւ տեղի ատամնաբույժների համար վարպետության դասեր անցկացնել:
Տեսանյութեր
Լուսանկարներ

Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել