HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Ինչպես և ինչով է կերտվում մեր ժամանակների հերոսի կերպարը

Այն, ինչ տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցության անդամ Զարուհի Փոստանջյանի շուրջ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ նախագահին հայտնի հարցը տալուց հետո, հասարակության համընդհանուր դեգրադացիայի և մակերեսայնության ճչացող փաստ է, որից ոչ մի տեղ փախչել, ցավոք, հնարավոր չէ:

Հասարակական կարծիքը Փոստանջյանի հարցի շրջանակում բաժանվեց երկու մասի: Մի մասը պատգամավորի քայլը որակեց ազգային խայտառակություն` համարելով, որ նման հարցը եվրոպացիների ներկայությամբ բարձրացնելը հարված էր երկրի հեղինակությանը և պետականությանը: Հիմնվելով այս գնահատականների վրա` ինքնասիրահարված իշխանությունը Զարուհի Փոստանջյանի նկատմամբ սանձազերծեց քաղաքական, հոգեբանական ու բարոյական հետապնդում, որտեղ տղամարդկության ու հայրենասիրության չափանիշը դարձավ կնոջ նկատմամբ հայհոյանքների հարկայնությունն ու լկտիության աստիճանը:

Այս պսիխոզը հանգեցրեց նրանից ոչ այնքան նույնիսկ քաղաքական հալածյալի, որքան պոտենցիալ գաղափարական մարտիրոսի, ընդհուպ՝ մահապարտի կերպարի ձևավորմանը: Հետաքրքրականն այն է, որ այս շերտը ոչ թե վիճարկում էր Փոստանջյանի հնչեցրած մեղադրանքների հիմնավորվածությունն ու պատասխանատվության չափը, այլ ձեւաչափը, միջավայրը և ասվածի ձևակերպումները: Այսինքն՝ խնդիրը ոչ թե Սերժ Սարգսյանի` կազինո գնալու և 70 մլն դոլար տանուլ տալու մեղադրանքների հիմնավորվածության և երևույթի գնահատման մեջ էր, այլ նրա, թե արդյոք պատգամավորն իրավունք ունի դրան վերաբերող հարցադրումն անել երկրի սահմաններից դուրս:

Նույնպիսի մեղադրանքներ հնչեցրած Վիկտոր Դալլաքյանին նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնում նշանակելու փաստը ցույց է տալիս, որ նախագահի և պետության հեղինակության անձեռնմխելիությունը և հայրենասիրությունն ավարտվում են դրսից Հայաստանի սահմանին բախվելիս: Այն, ինչ չկա և չի հարգվում երկրի ներսում, փորձ է արվում ատամներով պաշտպանել դրսում: Ինքնարդարացման այս ձևը կաղապարվել է «կեղտոտ սպիտակեղենի» ֆենոմենի ներքո, որն այլ բան չէ, քան սովորական, շարքային փարիսեցիություն: Եվ քանի որ ներքին իշխանական ընկալումներում նման երկակի մոտեցումներով կատարելապես բովանդակազրկվել են առհասարակ պետականության խորհրդանիշները, Փոստանջյանի արած հայտարարություններն ընկալվում են ոչ թե նախագահի, այլ Սերժ Սարգսյան անձի դեմ ուղղված քայլեր:

Ըստ այդմ` հասարակության մյուս մասն իր պարտքը համարեց ամբողջական պաշտպանության տակ առնել Փոստանջյանին` մի կողմից հիանալով նրա համարձակությամբ, մյուս կողմից արդարացնելով նման հարցադրմամբ հանդես գալու՝ պատգամավորի իրավունքը: Սակայն, Փոստանջյանի արարքի ֆետիշացման այս ակտը ոչ այնքան պայմանավորված էր նման պահվածքի հետ համաձայն լինելու կամ նույնիսկ Փոստանջյանին իշխանության սկսած բարոյաքաղաքական հալածանքներից պաշտպանելու հանգամանքով, որքան իշխանության հանդեպ կուտակված չարախնդությունն իրացնելու, իսկ ավելի ճիշտ` կատարյալ ատելությունը պատեհ առիթով դրսևորելու մղումներով: Երկու կողմերի ծայրահեղական, զգացմունքային և մակերեսային այս պահվածքը,  նման մտասևեռումներով տառապելու հասարակական-քաղաքական վարքագիծն ակամա նպաստում են Փոստանջյանից ազգային հերոս կերտելու պրոցեսին, ինչը կարող է քաղաքական անտիմշակույթը հարստացնել նոր` այսպես կոչված «փոստանջյանականության» ֆենոմենով:

Մինչդեռ Ստրասբուրգում Փոստանջյանի արարքը իրավունքի հետ որևէ կապ չունի: Այն բացառապես էթիկական վարքագծի հարց էր, որը պետք է լուծվեր էթիկայի համատեքստում` առանց ծայրահեղությունների: Սակայն Հայաստանում ո՛չ քաղաքական, ո՛չ դիվանագիտական ու ո՛չ էլ հասարակական հարաբերություններում էթիկայի ինստիտուտ՝ որպես կարգավորիչ, գոյություն չունի: Իսկ այն, ինչ ֆորմալ ձևով կա, ընդամենը քաղաքական կոնյունկտուրայի բաղադրիչներից է:

Փոստանջյանի հարցը պետք է քննարկվեր ԱԺ էթիկայի հանձնաժողովում: Բայց միաժամանակ նույն հանձնաժողովում պետք է քննարկվեր նաև Փոստանջյանին անձնական վիրավորանք հասցրած պատգամավորների` Գալուստ Սահակյանի, Շմայսի և մյուսների հարցը, որոնց պահվածքն, ի դեպ, նույնիսկ հանգում է իրավական պատասխանատվության: Եթե Սերժ Սարգսյանի հանդեպ փոստանջյանական դրսևորումները ազգային խայտառակություն են համարվում, ապա պակաս խայտառակություն չէ, անկախ ամեն ինչից, կին պատգամավորի հասցեին նման վիրավորանքներ հնչեցնելը, իր ազատ արտահայտվելու իրավունքն իրացնելու համար ԵԽԽՎ պատվիրակության կազմից հանելու սպառնալիքների հնչեցումը և դրանցով հենց պատգամավորի հանդեպ հրապարակային անհանդուրժողականության ցուցահանդեսի կազմակերպումը: Բայց այդ հանձնաժողովի օբյեկտիվությանը ոչ ոք չի հավատում, որովհետև այն կայացնում է քաղաքական որոշումներ և ամբողջությամբ սպառել է հանրային վստահության ռեսուրսը:

Եվ քանի որ այդ հարթակը, որը առողջացման հիմնական բալասաններից է, գոյություն չունի, շարունակելու ենք ունենալ ոչ թե մշակույթ բերող հասարակական-քաղաքական բանավեճ, այլ բացառապես փոստանջյանականության և հակափոստանջյանականության, փարիսեցիության ու ցինիզմի տևական, մղձավանջային մրցավազք, Սերժ Սարգսյանի բառերով` գաղջ մթնոլորտի է՛լ ավելի գաղջացում:   

Մեկնաբանություններ (3)

hasmik
haxagahy xumarbaz e, xaxacac guarn el 70000 evro, erb toshakarui toshaky 20000 dram e, kecce apahov Hajastany
Գեւորգ
Վաղ թե ուշ, այս կամ այն ձեւով պիտի բոլորին հայտնի դառնա այն ինչ ունենք: Այս տեսակետից երեւույթն օրինաչափ ու սպասելի էր, հուզվելու շատ կարիք ուղղակի չկա: Իսկ այ դրսեւորված հակազդեցությունները (գալուստա-չմայս որակի) ուղղակի ֆենոմենալ են, արժանի Հակոբ Պարոնյանի գրչին! Ակամա մի բան հիշեցի սովետական ժամանակներից - մեր զորեղ դիրեկտորի ծեր մոր թաղման ժամանակ, էքստազի մեջ ընկած ցեխի վարիչներից մեկը նետվեց փոսի մեջ, գոչելով՝ ,,մամայի փոխարեն ինձ թաղեք!,, Դիրեկտորը ,,ջոկող,, մարդ էր, ատամների արանքից կատաղած մռլտաց՝ ,,տո էս մեյմունին հանեք դուրս քցեք!,, Իսկ որ ինքն է մահացել, թաղմանը գրեթե մարդ չի գնացել, եւ այդ նվիրյալը նույնպես: Ձեզ մի ճղեք պարոնայք! Ամեն ինչ լավ հասկանալի է (,,ջոկող,, մարդկանց համար!)
Aram
srikayutyun taqznox@ srika e u kexz baroyaxos:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter