HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մայրաքաղաքը պատրաստվում է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը

«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:

Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երևանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երևանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ: Զեկուցվել է նաև, որ մայրաքաղաքի տոնական ձևավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդնշող ցուցապաստառների և դրոշների տեղադրման աշխատանքները:  Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաև շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Երևանի քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը  ներկայացրել է հոկտեմբերի 11-ին և 12-ին նախատեսված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարության շրջանակում մայրաքաղաքի փողոցների տոնական ձևավորման և հանդիսության հետ կապված իրազեկման աշխատանքները: Արազ Բաղդասարյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանն անելու է հնարավորը` մայրաքաղաքի հոբելյանական`2795-րդ տարեդարձը պատշաճ նշելու համար: Ըստ այդմ, տոնի իրազեկումը կիրականացվի զանգվածային լրատվության միջոցներով`հեռուստատեսային և ռադիոհոլովակների տեսքով: Կհեռարձակվի նաև «Էրեբունի -Երևան 2795»-ի նոր տեսահոլովակը: Մոտալուտ տոնի մասին կվկայեն նաև Երևանի վարչական շրջաններում տեղադրված 52 գովազդային վահանակները, 48 ավելի փոքր չափի նոր վահանակները Կենտրոն վարչական շրջանում, 29 էլեկտրոնային էկրանները: Երևանի ստորգետնյա և վերգետնյա հասարակական տրանսպորտում ևս փակցված կլինեն գովազդային նյութեր ու տեղեկատվական ցուցանակներ, իսկ փողոցների երկայնքով նկատելի կլինեն գովազդային կրկնաձիգ գրաժապավեններ: Տեղեկատվության ամբողջացմանը կծառայեն նաև նոր տեղադրված չվացուցակների և մետրոպոլիտենի կայարանների էկրանները: Տոնի նախօրեին Մաշտոցի պողոտան կհարստանա նոր ոճի 6 կանգառասրահներով, որոնք նույնպես կկրեն տեղեկություններ  տոնական հանդիսության  մասին: Այդ նպատակով  պատրաստվել և տարածվում են միջոցառման ժամերի և վայրերի տեղեկատվական բուկլետներ: Այս օրերին Էրեբունի-Երևանի մթնոլորտով են համակված նաև սոցիալական կայքերը: Համացանցի  ռեսուրսը, ըստ Արազ Բաղդասարյանի, տեղեկատվություն փոխանցող հիմնական օղակներից մեկը կլինի: Հոկտեմբերի 11-ին և 12-ին իրազեկում և տոնական ատրիբուտների բաժանում կլինի նաև 20 տեղեկատվական կետերից:

Քաղաքապետարանի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետը նշել է, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ընթանում են նաև փողոցների ու շենքերի տոնական ձևավորման աշխատանքները: Կենտրոնական փողոցների էլեկտրասյուներին ամրացվում են ՀՀ, Երևանի և միջոցառման լոգոտիպով 3000-ից ավելի դրոշներ: Թվով 9 կամուրջներ կհագեցվեն դրոշակաբուրգերով: Էրեբունիի և քաղաքի փոքր կենտրոնի մի շարք փողոցներ ձևավորված կլինեն գիշերային տոնական լույսերով: Տոնին համահունչ բաղադրիչներ կկրեն նաև վերամբարձ կռունկները: Կարապի լճի հարևանությամբ գտնվող Տերյան 42 շենքը կձևավորվի եռաչափ նկարով: Արազ Բաղդասարյանը դիմել է Երևանի բնակիչներին ու մայրաքաղաքում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպություններին` հորդորելով նպաստել քաղաքի տոնական ձևավորման աշխատանքներին`հավելելով, որ իրենց բնակարանների կամ կազմակերպությունների լավագույն ձևավորողները կարժանանան Երևանի քաղաքապետի շնորհակալագրերի և խրախուսական մրցանակների:

Մեկնաբանություններ (1)

Գեւորգ
Դրսից մեզ տեսնողն ու լսողը (հեռուստատեսությամբ!) պիտի ասի - ,,Երանի այս երջանիկ ազգին, որ ցավ ու դարդ չունեն, հրաշք եկեղեցիներ, պալատներ, ռեստորան-հյուրանոցներ ու այլ զվարճարաններ են սարքում: Oրվա մեծ մասն էլ խնդում են (տափակ հումորների վրա), երգում ու թեւերը քշտած տրնգի պարում, մյուս մասն էլ ախմախ սերիալներ նայելով անցկացնում!,, Ամոթ է վերջապես, եղբայր! Պատմական «Էրեբունին» ինչ՜կապ ունի մեր այսօրվա ծածկած շուկայի, բազում անպատիժ հանցագործների (ու մյուս բազարների) հետ ընդհանրապես? Ում՜ կամ ինչ՜ ենք ցույց տալիս ու ապացուցում այդ միջոցառումով? Մի համեստ գիտաժող անեիք ու մի բրոշյուր հրատարակեիք, ավելի լավ չէր? Որի պնգլին է ձեր երգն ու պարն այսօր, երբ ազգ ու ժողովուրդների գոյության հարցեր են վճռվում! Էդ ավելցուկ կոպեկները սահմանի գյուղերն ուղարկեիք, տանիքով, վառելիքով ու ուտելիքով ապահովեիք երեխաներին, անիմաստ-անհամ աղմուկի փոխարեն: Բայց ՄԱՐԴ կա, որ լսի այս տարրական - հասկանալի կոչը?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter