Ժերար Կոլոմբ. «Երևանում ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»
Երևանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևանում գտնվող Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ: Կողմերը նշել են, որ երկու քաղաքապետերի հանդիպումը նոր լիցք կհաղորդի Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններին:
Կարեն Կարապետյանն առաջարկել է աշխատանքային քննարկումների արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ՝ նա տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ:
«Մենք վստահ ենք, որ այն առաջարկները, որ ներկայացնում ենք ֆրանսիական գործընկերներին, շահավետ են: Պետք է սկզբունքորեն հասկանալ, որ քաղաքային կառավարման և համագործակցության մեջ օգնություն բառ չի կարող լինել: Մենք առաջարկում ենք ֆրանսիական գործընկերներին իրենց մասնակցությունն ունենալ մայրաքաղաքում այսօր ձևավորվող բիզնես ոլորտներում: Խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, այլ ոչ թե քաղաքային բյուջեներից հատկացվող գումարների: Ներկայացվող ոլորտները բիզնես տրամաբանություն ունեն, և ես վստահ եմ, որ շատ դեպքերում իրենք կարող են, նաև Ֆրանսիայի այսօրվա շուկայից ելնելով, ավելի շահութաբեր լինել»,- ասել է Երևանի քաղաքապետը:
Լիոնի քաղաքապետ Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երևանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար, և Երևանի հետ համագործակցությունը կարևոր է:
«Մենք կարող ենք կապող օղակ դառնալ Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մեծ ձեռնարկությունների միջև: Տեսանելի է, որ Երևանը բավականին փոխվել է, զարգացումն ակնհայտ է, և ես վստահ եմ, որ այստեղ ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»,- ասել է Լիոնի քաղաքապետը:
Հանդիպման վերջում Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ և փոխշահավետ ծրագրեր իրականացնել:
Կարեն Կարապետյանի խոսքերով՝ գործընկերության համաձայնագրում նախանշված բոլոր ուղղությունները քննարկման փուլից կտեղափոխվեն գործնական հարթություն, և արդյունքը առաջիկայում տեսանելի կդառնա:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը: Նախատեսվում են նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել