
Արտագաղթի հերթ. ԱՄՆ-ի վիճակախաղը դատարկում է Հայաստանը
Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է ԱՄՆ-ի ներգաղթի DV-2015 (diversity visa` բազմազնության վիզա կամ green card) վիճակախաղի մասնակցության հայտերի ընդունումը, որը կավարտվի նոյեմբերի 2-ին: Այս մասին հաղորդում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական կայքը: «Ներգաղթի և քաղաքացիության մասին ԱՄՆ օրենքի 203(գ) հոդվածով նախատեսվում է ներգաղթողների նոր տեսակ, որ հայտնի է որպես «ներգաղթողներ բազմազանության ապահովման համար» ԱՄՆ ներգաղթի ցածր ցուցանիշներ ունեցող երկրներից: 2015 ֆինանսաբյուջետային տարվա համար նախատեսվում է շնորհել մշտական բնակության 50.000 վիզա»,- նշված է հայտարարության մեջ:
Թե ՀՀ քանի քաղաքացի այս տարի կդառնա ԱՄՆ-ի մշտական բնակիչ և կնպաստի բազմազանության ապահովմանը, հուշում են նախորդ տարվա ցուցանիշները: Համաձայն պետդեպարտամենտի պաշտոնական կայքի` 2013թ.-ին ԱՄՆ-ի մշտական բնակության վիզա է շահել 1174 ՀՀ քաղաքացի:
2014թ.-ի բազմազնության վիզայի վիճակախաղն ավարտված է, արդյունքներն ամփոփվում են և դեռ հրապարակված չեն: Արտագաղթի 2015թ.-ի վիճակախաղի արդյունքները հրապարկվելու են 2014թ. մայսիի 31-ից մինչև 2015թ. հունիսի 30-ը:
ԱՄՆ-ի պետդեպարտամենտի կայքում հրապարակվել են DV վիզայի 2007- 2013թթ. հայտերի թիվը` ըստ երկրների: Ստորև ներկայացնում ենք, թե ամեն տարի Հայաստանից քանի հոգի է ԱՄՆ-ում մշտական բնակության վիզա ստանալու հայտ լրացնում: Եթե բոլոր հայտերն ընդունվեն, ապա մեկ-երկու տարում Հայաստանում մարդ չի մնա:
2010թ.-ին հայտ է լրացրել 62.051 ՀՀ քաղաքացի, 2011թ.` 72.876, 2012թ.` 92.352, 2013թ.` 97.679: Ամեն տարի հերթերի թիվն ավելանում է ամենաքիչը 5000-ով: Եվ սա՝ միայն մեկ երկրի օրինակով:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել