HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբանների պալատի նախագահի նամակը արդարադատության նախարարին

Հարգելի պարոն Թովմասյան,

ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրվել են ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի և ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծեր (այսուհետ` Նախագծեր, իսկ առանձին նշվելու դեպքում` Նախագիծ), որոնցով մասնավորապես`

-         նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ և այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ արդարադատության նախարարությանը.

-         ՀՀ փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել ՏԱՐԵԿԱՆ պետական տուրք` 60.000 (վաթսուն հազար) ՀՀ դրամի չափով: 

Որպես Նախագծերի ընդունման հիմնավորում նշվել է հետևյալը` «օրենքի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարձր տեխնոլոգիանների և տեղեկատվական համակարգերի կիրառմամբ էլեկտրոնային գրանցամատյանների ներդրման միջոցով ազգաբնակչությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացման և պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության արագ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությունից:»:

Որպես ընթացիկ իրավիճակ և խնդիրներ, մասնավորապես, նշվել է, որ «օրենքի նախագծում նախատեսվող փաստաբաններից գանձման ենթակա պետական տուրքի գումարները նախատեսվում է ուղղել հանրային պաշտպանի գրասենյակի պահպանման, փաստաբանների պետական գրանցամատյանի տեխնիկական սպասարկման և շահագործման ծախսերի համար»: 

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատն իր դժգոհությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարության (այսուհետ` Նախարարություն) ապակառուցողական այս նախաձեռնության կապակցությամբ:

Ստորև ներկայացվում են հետևյալ նկատառումները. 

  1. Նախագծերը չունեն պատշաճ հիմնավորում: Այս պահի դրությամբ  փաստաբանների հաշվառումն իրականացնում է ՀՀ փաստաբանների պալատը: Ընդ որում, դա կատարում է ԱՆՎՃԱՐ: ՀՀ փաստաբանների պալատի կայքէջում տեղադրված է փաստաբանների ցանկը, ինչպես նաև յուրաքանչյուր փաստաբանի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը և չի ներկայացվել հիմնավորում այն մասին, որ ներկայումս կիրառվող հրապարակային հաշվառումը չի նպաստում կամ խոչընդոտում է պետական և այլ մարմինների ու կազմակերպությունների միջև տեղեկատվության ազատ փոխանակման կապակցությամբ իրականացվող պետական քաղաքականությանը: Եթե նախագծի նպատակը Նախարարության տեղեկատվական բազայում ՀՀ փաստաբանների տվյալների ապահովումն է, ապա կարելի է ուղղակի հղում կատարել ՀՀ փաստաբանների պալատի կայքէջին կամ օրենքով նախատեսել, որ ՀՀ փաստաբանների պալատը պարտավոր է որոշակի տեղեկություններ հավաքել փաստաբաններից և հրապարակել:  Նախարարությունը չի բերել որևէ փաստ այն մասին, որ ՀՀ փաստաբանների պալատի կողմից հաշվառում չի իրականացվում, կամ, որ իրականացվող հաշվառումը ազգաբնակչության մատուցվող ծառայությունների որակի վրա է ազդել:
  2. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու և ինչպես կարող է  Նախարարության կողմից վարվող գրանցամատյանի ներդրումը ազդել փաստաբանների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա: Նախագծերից պարզ չէ, թե ինչ է իրենից ներկայացնում «վարել» ծառայությունը կամ գործողությունը: Այն իր մեջ չի ներառում գրանցամատյանում փաստաբանի, փաստաբանի օգնականի հաշվառում, հաշվառված անձանց վերաբերյալ տվյալներում փոփոխության կատարում և հաշվառումից հանում, քանի որ Նախագծով նախատեսված է, որ դա կատարում է ՀՀ փաստաբանների պալատը: Այն չի ներառում նաև տեղեկատվության տրամադրումը, քանի որ Նախագծում նախատեսված է, որ գրանցամատյանում պահպանվող տեղեկատվությունը հրապարակային է: Այսինքն, նախարարության կողմից իրականում ծառայություն չի մատուցվում կամ որևէ գործողություն չի կատարվում, որից օգտվելու համար էլ վճարվի պետական տուրք:
  3. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է փաստաբանից գանձվի տուրքը ՏԱՐԵԿԱՆ կարգով, այն դեպքում, երբ Նախարարությունը իրավաբանական անձանց գրանցամատյանները վարելու համար տարեկան պետական տուրքեր չի գանձում:
  4. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու հատկապես 60.000 ՀՀ դրամ պետք է գանձվի ֆիզիկական անձ փաստաբանից, ինչպես է այդ գումարը ձևավորվել: Հատկանշական է, որ առևտրային իրավաբանական անձ գրանցելու պետական տուրքը նախատեսված է միանվագ և 12.000 ՀՀ դրամի չափով:
  5. Նախարարությունը չի հիմնավորել, թե ինչու պետք է այդ գումարն ուղղվի նաև հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը, ինչու պետք է փաստաբանը վճարի մի գործառույթի համար, որն ուղղակիորեն մտնում է պետության պարտականությունների մեջ: ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին։ Հատկանշական է, որ պետությունն ինքն է որոշում, թե որ դեպքերում պետք է իրավաբանական օգնությունը ցույց տրվի անհատույց և դրանից օգտվելով էլ “Փաստաբանության մասին” ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանել է քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց (խմբերի) ցանկը: 2014թ. հունվարի 1-ից հետո երեք խումբ քաղաքացիներ նույնպես հնարավորություն են ստանալու օգտվել անվճար իրավաբանական օգնությունից, որն անհամեմատ ծանրաբեռնելու է հանրային պաշտպանի գրասենյակը: Այս պայմաններում, ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին մասի պահանջի կատարումը կարող է ձախողվել, իսկ չձախողելու համար փաստաբանների վրա վճարումներ կատարելու պարտականություն դնելը որևէ արդարացում և իրավական հիմք չունի և նմանվում է կրկնակի հարկման:
  6. Նախարարությունը հաշվի չի առել նաև փաստաբանների սոցիալական վիճակը և Նախագծերի հիմնավորման մեջ այդ մասով որևէ վերլուծություն առկա չէ:
  7. Նախարարության այս նախաձեռնությունն ուղղակիորեն վտանգում է փաստաբանության անկախությունը: «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասի համաձայն` փաստաբանությունը փաստաբանների մասնագիտական միավորում է, որը հանդիսանալով քաղաքացիական հասարակության ինստիտուտ, չի մտնում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի մեջ, իսկ երկրորդ մասի համաձայն` փաստաբանությունը գործում է անկախության, օրինապահության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության սկզբունքների հիման վրա: Պետությունը չի կարող իր խնդիրները դնել քաղաքացիական հասարակության ինստիտուտ հանդիսացող փաստաբանների մասնագիտական միավորման վրա:

Ելնելով վերոգրյալից,հաշվի առնելով այն, որ փաստաբանական համայնքը չի հանդուրժելու այս Նախագծերը և օրենքով չարգելված բոլոր միջոցներով (այդ թվում` ծայրահեղ) պայքարելու ենք այս Նախագծերի դեմ, խնդրում ենք շրջանառությունից հանել Նախագծերը:

 Հարգանքով` 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter