HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

3 տարի` չստացած 3 հազար դրամի համար

Բագրատաշենի կենտրոնում խորհրդային տարիներին կառուցված եռահարկ շենքից վաղ առավոտ 52-ամյա Նորիկ Մինասյանը դուրս է գալիս բակ. նա ցավերից չի կարողանում քնել: Նորիկն իր տարիքից անհամեմատ մեծ է երեւում: Քայլում է կռացած. սրտի եւ մեջքի  ցավեր ունի: Ֆիզիկական ցավերից զատ, նրան տանջում են հոգեկան ապրումները: Մինասյանների ընտանիքը  բնակվում է կիսանկուղային հարկի մեկսենյականոց բնակարանում, սենյակին կից փոքր միջանցքն է:

1988 թ. երկրաշարժից տան պատերին ճեղքեր են գոյացել, խոնավությունից առաստաղը եւ պատերի անկյունները քրքրվել են: Դրանք կարկատված են կպչուն ժապավեններով: Հատակը խոնավությունից ուռել է: Սենյակի անկյունում` մահճակալին, պառկած է 19-ամյա Աննան, ով մանկուց տառապում է ուղեղային կաթվածով: «Նրան մի քանի տարվա կյանք է մնացել, ամենաշատը 20-24 տարի կարող է ապրել, ինքն էլ գիտի»,- դստեր մասին ասում է Նորիկը:

Աղջկան թանկ դեղեր են անհրաժեշտ, սակայն նրա հաշմանդամության թոշակը 12 հազար դրամ է: «8500 դրամ եմ տվել, «ցերեբրոլիազին» դեղը գնել, եւս երկու դեղ պիտի գնեմ, սակայն փող չկա,  սրսկող քույրին էլ պիտի փող տանք»,- ասում է Աննայի մայրը` 49-ամյա Սիրուշ Մարալչյանը:

Նորիկն ու Սիրուշն աշխատանք չունեն: Աշխատանք չունի նաեւ նրանց 29-ամյա ամուսնալուծված դուստրը` Հերմինեն: Նրանց հետ նույն սենյակում է բնակվում նաեւ հարսը` 26-ամյա Սվետան` իր մեկուկես տարեկան Մերիի հետ: Սվետայի ամուսինը` Սեդրակը, Վանաձորի քրեակատարողական հիմնարկում է: Մինասյանների մյուս տղան` 28-ամյա գործազուրկ Ռոմանը, կնոջ եւ մանկահասակ երկու զավակների հետ ապրում է նույն շենքում` ամսական 10 հազար դրամ բնակվարձով:

Մինասյանները հիմնական գործ չունեն, ապրում են պատահական վաստակով, երբեմն ինչ-որ մեկը իր ավտոմեքենան նրանց է տալիս  նորոգելու: «Մեր ունեցածն ընդամենը մի հին մեքենա է` «ջորի», կծախեի, Սեդրակին կազատեի, սակայն դրան 800 դոլարից ավել չեն տա»,- ասում է տիկին Սիրուշը:

29-ամյա Սեդրակ Մինասյանն այս տարվա ապրիլի 13-ից կալանավորված է: Նա այդ օրը, որպես պայմանագրային զինծառայող, գտնվում էր Կոթի գյուղի պաշտպանական դիրքերում: Սակայն մինչ պայմանագրային զինծառայող դառնալը Սեդրակը դարձել է մաքսանենգության մասնակից:

Նորիկ Մինասյանի խոսքերով` 2009 թ. նոյեմբերի 19-ին համագյուղացի Արմեն Անտոնյանը եկել, ասել է, որ փայտ բեռնելու գործ կա, թող Սեդրակը գա, օգնի: Ծնողների վկայությամբ` գործազուրկ Սեդրակին Արմեն Անտոնյանն այդ աշխատանքի համար 3 հազար  դրամ պիտի վճարեր: Սակայն այդ գումարը Սեդրակն այդպես էլ չի ստացել, եւ փայտ բեռնելու փոխարեն  նրան  այլ գործ էր սպասում:

Խաժակ Մանուչարյանը ցանկացել է 50 հատ ոչխար գնել: Արմեն Անտոնյանի հետ համաձայնության են եկել, որ այդ ոչխարները պետք է ներկրվեն Վրաստանից, մաքսանենգ ճանապարհով: Այդ նպատակով Արմեն Անտոնյանը 2009 թ. նոյեմբերի կեսին հանդիպել է սահմանապահ ուղեկալի պետի տեղակալ Սուրեն Փիլումյանի հետ, պայմանավորվել են, որ վերջինս 350 դոլար կաշառքի դիմաց թույլատրի Դեղձավան գյուղի սահմանապահ ուղեկալի ինժեներատեխնիկական կառույցների 2-րդ դարպասով անցկացնել ոչխարի հոտը:

Արմեն Անտոնյանի հետ պայմանավորվածության մասին Սուրեն Փիլումյանը հայտնել է 2-րդ սահմանապահ ուղեկալի պետ Արտակ Պետրոսյանին: Համաձայն մեղադրական եզրակացության` 2009 թ. նոյեմբերի 19-ին բագրատաշենցիներ Արմեն Անտոնյանը, Արթուր Ենոքյանը, Սեդրակ Մինասյանը ոչխարների գնորդ Խաժակ Մանուչարյանի հետ գնացել են Դեղձավանի թիվ 2 ուղեկալ:

Ուղեկալի դարպասների մոտ Սեդրակ Մինասյանին եւ Արթուր Ենոքյանին է մոտեցել սահմանապահ ուղեկալի զինվոր Միքայել Ղամբարյանը եւ հանձնել ուղեկալի դարպասի բանալիները: Սեդրակ Մինասյանը բացել է դարպասը եւ, Արթուր Ենոքյանի հետ անցնելով Վրաստանի տարածք, սահմանապահ հսկիչ-անցագրային կետը շրջանցելով, Վրաստանից Հայաստան են տեղափոխել 1 մլն 617 հազար դրամ ընդհանուր արժեքով, 1915 կգ ընդհանուր քաշով ոչխարներ: Սեդրակ Մինասյանի հարազատների պնդմամբ` ոչխարները 50-ն են եղել, մեկը սատկել է ճանապարհին:

Սեդրակ Մինասյանի հարազատները վստահ են եղել, որ իրենց տղան չի դատվելու, քանզի մաքսանենգության գործի կազմակերպիչ Արմեն Անտոնյանը իրավապահ համակարգում բարեկամ ունի: «Մեկ տարի եւ յոթ ամիս ներկայացել եմ քննությունը վարող Ազգային անվտանգության ծառայություն եւ երաշխավորել, որ եղբայրս չի փախչելու»,- ասում է Սեդրակի քույր Հերմինեն:

Մինչ քննությունը սկսվել է, Սեդրակը դարձել է պայմանագրային զինծառայող, պաշտպանել Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանը: Քննությամբ Սեդրակ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել 215 հոդվածի 1-ին մասով եւ 329 հոդվածի 2-րդ մասով:

2010 թ. սեպտեմբերի 11-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը Սեդրակ Մինասյանին դատապարտել է 3 տարի եւ  մեկ ամիս ազատազրկման: Մաքսանենգության գործով  դատապարտվել են նաեւ Սուրեն Փիլումյանը, Արտակ Պետրոսյանը, Արմեն Անտոնյանը, Արթուր Ենոքյանը, Խաժակ Մանուչարյանը: Դատական վճիռը բողոքարկվել է:

2011 թ. հունվարի 27-ին վերաքննիչ  քրեական դատարանը (նախագահող դատավոր` Ա. Դանիելյան) Սեդրակ Մինասյանի նկատմամբ առաջին ատյանի դատարանի վճիռը թողել է անփոփոխ եւ մերժել վերաքննիչ բողոքը: Սեդրակ Մինասյանի ծնողների վկայությամբ` իրենք տեղյակ չեն եղել, որ Վճռաբեկ դատարանն այս գործով նիստ է արել եւ վճռաբեկ բողոքը մերժել է: Նրանց համար Սեդրակի կալանավորումն անակնկալ է եղել:

Ոչխարների մաքսանենգության կազմակերպիչ Արմեն Անտոնյանը մինչեւ այժմ փախուստի մեջ է: Հայաստանի առաջին հանրապետության հոբելյանի կապակցությամբ հայտարարված համաներումով Սեդրակ Մինասյանի պատիժը մեկ ամսով կրճատվել է, դարձել ուղիղ երեք տարի: Մինասյանների ընտանիքը ընտանեկան նպաստ չի ստանում, հույս կա, որ առաջիկա երեք ամիսներին նրանք պետության կողմից հրատապ դրամական օգնություն կստանան:

«10 օրը մեկ «պերեդաչի» եմ տանում Կիրովական, գնալ-գալը 50 հազար դրամ է «նստում», մեզ այդքան փող որտեղի՞ց, հիվանդ աղջկաս դեղերի փողը չեմ կարում ճարել, ստիպված վարկ եմ վերցնելու»,- ասում է Սիրուշ Մինասյանը:

Նա նաեւ տարակուսում է, որ պետությունը բանտարկյալների համար տարեկան մեծ փողեր է ծախսում, մինչդեռ ճիշտ կլիներ նրանց ազատության մեջ պահել, գոնե նրանք իրենց ընտանիքներին կօգնեին: «Բանվորին նստացնում են, հանցագործ դարձնում, իմ տղան մարդասպանների եւ գողերի հետ է նստած, իր արածն ի՞նչ է»,- դժգոհում է տիկին Սիրուշը:

Սեդրակ Մինասյանը ներման խնդրագիր է գրել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նախագահը կների՞ սոցիալական դժվարին վիճակում, ծանր պայմաններում ապրող ընտանիքի անդամին, ով, գործազուրկ լինելով, 3 հազար դրամի համար խախտել է հայ-վրացական սահմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter