Նվիրյալնե՞ր արդյոք, թե՞ վերջին մոհիկաններ- 2
Աշտարակ։ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ։ Բյուրեղային օպտիկայի լաբորատորիա։ Ռուբեն Հովսեփյան
ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի Բյուրեղային օպտիկայի լաբորատորիան իր հիմնադրման սկզբից սկսած` երկար տարիներ ղեկավարել է ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանը։ Այժմ լաբորատորիայի վարիչն է ֆիզմաթ. գիտությունների թեկնածու Ռուբեն Հովսեփյանը, ում հետ զրույցի արդյունքում ստացած տեղեկությունները ներկայացնում եմ՝ մտածելու, խորհելու, գնահատելու, հնարավորության դեպքում, ինչո՞ւ՝ ոչ, նաև օգնելու և որոշ խնդիրների լուծման ուղիներ առաջարկելու նպատակով։
Սկզբնական շրջանում լաբորատորիան զբաղված է եղել քվանտային օպտիկայի համար բյուրեղների ստեղծմամբ ու հետազոտությամբ, մասամբ՝ քաղաքացիական, մասամբ՝ ռազմական նպատակներով։ Դրանք օգտագործվել են ԽՍՀՄ տարիներին` լազերային ուղղորդման համակարգերում, որոնք աշխատում են մինչ օրս։ Հզոր լազերների համար ստեղծվել են մոդուլյատորներ։ Շատ աշխատանքներ են կատարվել, մի շարք պրակտիկ մշակումներ են իրականացվել «Մետեոր» արբանյակի հետ կապված, որի ստեղծման աշխատանքները ղեկավարում էր Անդրանիկ Ղևոնդի Իոսիֆյանը, ով հայտնի էր որպես Անդրոնով։ Զբաղվել են զոնդավորման ինֆրակարմիր համակարգով։ Այս աշխատանքների շնորհիվ ևս լաբորատորիան գրանցել է բազմապիսի կարևոր արդյունքներ։ Արբանյակը հաջողությամբ ստեղծվեց, և, օրինակ, չինա-վիետնամական պատերազմի ժամանակ այն սանտիմետրերի ճշգրտությամբ ցույց էր տալիս չինացիների հենակետերի դիրքերը։
«Ես բավական երկար եմ աշխատել պաշտպանությանն առնչվող խնդիրների վրա, բայց այլևս չեմ ուզում դրանցով զբաղվել,– ասաց պարոն Հովսեփյանն ու շարունակեց,- մեր լաբորատորիայի այսօրվա հիմնական աշխատանքները նվիրված են կիսահաղորդիչների հետազոտմանը»։ Խոսքը կիսաթափանցիկ կիսահաղորդիչների մասին է, որոնց հետազոտություններով այժմ զբաղվում են զարգացած շատ երկրներում։
Հարցին, թե ինչի համար կարող են կիսաթափանցիկ կիսահաղորդիչները պետք գալ տնտեսության մեջ, թվարկեց մի քանի բան։ Օրինակ՝ դրանց հիման վրա կարող են ստեղծվել այնպիսի թափանցիկ դիսփլեյներ, որոնք կարող են փակցվել ավտոմոքենայի, կամ ինքնաթիռի դիմապակուն (թեև այս մշակման պրակտիկ իրականացման մասին դեռ վաղ է խոսելը), և այդ դիսփլեյի վրա կֆիքսվի այն օբյեկտի ինֆրակարմիր պատկերը, որը տվյալ պահին գտնվում է տեսադաշտում, դա կօգնի նաև՝ եթե, օրինակ, օդաչուին պետք է կարդալ շատ կարևոր հաղորդագրություն, ու նա չի կարող այդ պահին նայել համապատասխան սարքավորմանը։ Մի խոսքով՝ այն շատ կօգնի թե՛ վայրեջքների և թե՛ թռիչքների ժամանակ։
«Նյութը ցինկի օքսիդն է, և մենք հիմա հիմնականում զբաղվում ենք դրանով։ Փառք աստծո, մի քանի անգամ ստացել ենք արտասահմանյան դրամաշնորհներ, մասնավորապես, ԱՄՆ–ից ստացած դրամաշնորհը։ Համագործակցում ենք մի ամերիկյան թիմի հետ, որն զբաղվում է այլընտրանքային էներգետիկայով, ավելի կոնկրետ՝ արևային էլեմենտներով։ Ասելով արևային էլեմենտներ՝ ես նկատի չունեմ մեծ էներգետիկան, այլ նկատի ունեմ փոքր հզորության տարրերը` Հայաստանի համար սրանք ևս շատ կարևոր կարող են լինել»։
Պարզվում է, որ Գերմանիայում այդպիսի փոքր հզորության տարրերն արդեն բավական կարևոր դեր են կատարում, օրինակ, ճանապարհներին դնում են այնպիսի ցուցատախտակներ, որոնք լուսավորվում են մթության մեջ։ Դրանք միացված չեն էլեկտրականության աղբյուրներին, այլ` ցերեկները լիցքավորվում են արևի էներգիայով, իսկ գիշերները լուսավորվում են։ Թվում է՝ չնչին խնդիր է, բայց հետաքրքիր է ու կարևոր։
«Ցինկային թափանցիկ դիէլեկտրիկները այդքան էլ նոր թեմա չեն։ Պարզապես այդ բյուրեղային կառուցվածքները մենք կարողանում ենք աճեցնել մեզ մոտ, այստեղ։ Կիրառվող մեթոդները դեռևս արդյունավետ են։ Շատ սարքավորումներ թեպետ ԽՍՀՄ տարիներից են, բայց լավ են պահպանվել, աճեցնում ենք դրանց օգնությամբ, և իհարկե Կիրառական քիմիայի ինստիտուտի հնարավորությունների ներգրավմամբ։
Լաբորատորիայի սարքավորումներին անդրադարձանք ավելի մանրամասն։ Ցավոք սրտի, աշխատանքներն արվում են հիմնականում սովետական հին սարքավորումներով։ Կա նորերի շատ չնչին քանակություն, որ ձեռք է բերվել դրամաշնորհների շնորհիվ։ Օրինակ՝ ԱՄՆ–ից ձեռք են բերել մի թանկարժեք սարք՝ որոշակի չափագրումներ կատարելու համար, չափվող պարամետրերը վերահսկվում են համակարգչով։ Շվեյցարիայից ստացել են սարքավորում, որի միջոցով հնարավոր է էժան տարրեր ստեղծել ֆլեշ հիշողության համար։
Ռուբեն Հովսեփյանն այն կարծիքին է, որ եթե մենք ուզում ենք, որ Հայաստանը զարգանա և դառնա գիտական առումով հզոր պետություն, մենք պետք է լուրջ ներդրումներ անենք՝ նոր գիտական սարքավորումներով լաբորատորիաները զինելու համար, ընդ որում՝ և՛ ձեռք բերելով սարքեր այլ տեղերից, և՛ ստեղծելով դրանք տեղում, եթե հնարավոր է։ Սարքավորումները պետք է լինեն և՛ հատուկ տվյալ լաբորատորիայի, և՛ ընդհանուր գործածության համար։ Օրինակ՝ Հայաստանին հարկավոր են լավ ռենտգեն սարքեր։ Թեև այդ սարքերը կարող է շահագործվել ամսվա մեջ մի քանի ժամ, բայց դրանց ունենալն անհրաժեշտություն է։ Կան շատ սարքեր, որոնք թեև շատ թանկ են, բայց առանց դրանց հնարավոր չէ։ Այդպեսի սարքերը պետք է գտնվեն ընդհանուր լաբորատորիաներում, և եթե մենք միայն մեկն էլ ունենանք, ստիպված չենք լինի չափումներ կատարելու համար նմուշներ ուղարկել Մոսկվա կամ ավելի հեռու վայրեր. «Այո, պետք է լինեն և՛ մասնավոր, և՛ ընդհանուր օգտագործման սարքավորումներ։ Ես առաջարկում եմ ստեղծել մի հանձնաժողով, որը կզբաղվի այդ հարցերով»։
Լաբորատորիան ներկա պահին ունի 8 աշխատող, ու բավական բարդ իրավիճակ է՝ կապված երիտասարդ կադրերի հետ։ Երիտասարդները կամ չեն գալիս, կամ էլ գալուց շատ չանցած հեռանում են ու գնում այնտեղ, որտեղ լավ են վարձատրում։ Իմիջիայլոց, որքան էլ անսպասելի լինի, բայց պարզվում է, որ երիտասարդների պարագայում կա նաև լեզվի խնդիր. «Այսօր երիտասարդները սովորաբար լավ չեն տիրապետում ո՛չ ռուսերեն, ո՛չ անգլերեն լեզուներին»։
Ֆինանսավորման վերաբերյալ. «Այս պահին, ցավոք սրտի, չունենք արտասահմանից օգնություն, իսկ մեր տեղական ֆինանսավորմամբ գոյատևել գրեթե հնարավոր չէ։ Նախորդ դրամաշնորհն ավարտվել է, մենք փորձում ենք նորը գտնել՝ կա՛մ ռուսական, կա՛մ հայկական, կամ գոնե ինստիտուտից որոշ աջակցություն ստանալ՝ նոր արևային տարրեր ստեղծելու համար։ Մենք այս ոլորտում բավական շատ գիտելիքների ենք տիրապետում, բայց մեզանով հետաքրքրված չեն։ Մասնագետներ ունենք նաև պոլիտեխնիկում, ռադիոֆիզիկայի ինստիտուտում, բայց անհասկանալի իրավիճակ է աշխատանքի գնահատման առումով։ Երբ դրսի կարզմակերպությունները տեսնում են, որ Հայաստանը մեզ չի ֆինանսավորում, իրենք նույնպես հրաժարվում են։
Ես կարծում եմ, որ եթե շարունակվի այսպես ևս մի քանի տարի, արմատական փոփոխություններ չլինեն, ապա գիտության ոլորտի շատ լուրջ անկում կլինի»։
Այն հարցին, թե արդյոք այս ոլորտի նկատմամբ մասնավորի անտարբերությունը գուցե տեղեկատվության պակասի՞ց է, գուցե նրանք տեղյակ չե՞ն, պատասխանեց, որ իրականում մասնավոր հատվածը չի ցանկանում գործ ունենալ պետական կառույցների հետ. «Հայաստանում կա՛ այդպիսի պրոբլեմ. մասնավորն իրականում պետությանը չի վստահում, ուստի մասնավորն ավելի շուտ ազատ տնտեսական գոտում կբացի իր կառույցը և կֆինանսավորի այն, քան թե կմտածի պետական ենթակայության կառույցների հետ համատեղ աշխատելու ուղղությամբ։ Կոնկրետ անհատների կարող է վճարել, բայց, մտնել մեծ պետական համակարգի հետ հարաբերության մեջ նրանք չեն ցանկանում»։
-Պարո՛ն Հովսեփյան, ի՞նչ պետք է արվի մոտակա տարիներին, որպեսզի ինչ–որ բան նկատելիորեն փոխվի։
-Միանշանակ` ֆինանսավորման ավելացում և ֆինանսների ճիշտ կառավարում։
Մանե Հակոբյան
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել