Ցանկացած դրամատուրգի համար պիեսի ավարտը լավ ռեժիսորի հայտնվելու սպասման սկիզբն է
Երիտասարդ դրամատուրգ Անուշ Ասլիբեկյանն իմ այն հարցին, թե ինչու են շատ ռեժիսորներ հրաժարվում բեմադրել ժամանակակից դրամատուրգների գործերը, կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց իռլանդացի թատերագրի օրինակով: Պարզվում է՝ այս նույն հարցն իր ժամանակին տվել են նաեւ հայտնի դրամատուրգ եւ թատերական քննադատ Բերնարդ Շոուին: Վերջինս իր հոդվածում, պատասխանելով հարցին, գրել է հետեւյալը. «Այո, մեր ժամանակակիցները սիրում են բեմադրել Շեքսպիրին, որովհետեւ նա չի գալու եւ չի բողոքելու, թե ինչու իրեն հոնորար չեն տալիս, թե ինչու են անարգված հեղինակային իրավունքները եւ այլն: Իհարկե ավելի հեշտ է բեմադրել մեռած եւ դասական հեղինակի՝ ոչ առնչություն կունենաս, ոչ էլ պրոբլեմների հետ կբախվես»:
«Այսպես կամ մոտավորապես այսպես,- ասում է Անուշ Ասլիբեկյանը,- 19-րդ դարավերջին, 20-րդ դարասկզբին հնչած այս կարծիքը հիմա էլ է արդիական: Մեր հայկական իրականության մեջ էլ է այդպես՝ գերադասում են հիմնականում դասականներին, քչերն են համագործակցում ժամանակակից դրամատուրգների հետ: Գուցե չհավանալու խնդիր էլ կա: Չեմ կարող վստահաբար ասել»:
Մասնագիտությամբ թատերագետ երիտասարդ դրամատուրգը գրականությունն իր կոչումն է համարում: «Գրականությունն իմ էությունն է, իմ եսը,- ասում է Անուշ Ասլիբեկյանը,- իսկ դրամատուրգիան՝ դա արդեն հասուն տարիք սիրող, գրականության մեջ փորձ ունեցող գրողի մենաշնորհ է»:
«Քանի որ եթե որեւէ մեկն ասի, որ ես գրելու շնորհ ունեմ եւ կարող եմ միանգամից պիես գրել, ես իբրեւ թատերագետ եւ իբրեւ գրող չեմ հավատա, որովհետեւ դրամատուրգիան առաջին հերթին թատրոնի իմացությունն է,- նկատում է Ա. Ասլիբեկյանը,- դա գրողի պրակտիկան է թատրոնում, որովհետեւ դրամատուրգ դառնում են ոչ միայն կարդալով, ոչ միայն թատրոնի պատմություն իմանալով, այլ ռեժիսորի եւ դերասանի հետ կուլիսներում աշխատելով»:
Որպես օրինակ զրուցակիցս բերում է «Թռիչք քաղաքի վրայով» պիեսի ստեղծման ընթացքում իր եւ բեմադրող ռեժիոր Նարինե Գրիգորյանի համագործակցությունը: Այստեղ բացակայել է այն, ինչ արվում է դասական դրամատուրգիայի պարագայում՝ աշխատել պիեսի վրա, ավարտին հասցնել, դնել ընթերցողի սեղանին ու սպասել արձագանքի: «Թռիչքի» պարագայում դրամատուրգ-ռեժիսոր համագործակցությունն եղել է սկսած սաղմնային վիճակից, երբ դեռ կերպարներն էին ծնվում, միջավայր էր ձեւավորվում: Ամեն ինչ եփվում ու խմորվում էր սկզբում սեղանի շուրջ, հետո՝ բեմի վրա, եւ այդ ամենն արվում էր մաս-մաս:
Երիտասարդ դրամատուրգի կարծիքով՝ սա կարող է լավ օրինակ լինել թատրոնում երիտասարդ դրամատուրգի եւ երիտասարդ ռեժիսորի համագործակցության, որի արդյունքը վայելում է ոչ միայն հայ հանդիսատեսը, այլեւ օտարը: Փառատոնային այն կենսագրությունը եւ հաջողությունները, որ բաժին հասան «Թռիչք քաղաքի վրայով» ներկայացմանը, ըստ Անուշ Ասլիբեկյանի, խոսում է այն մասին, որ նմանատիպ համագործակցություններն արդյունավետ են: Իսկ առհասարակ թատրոնը եւ դրամատուրգիան մի շարք խնդիրների առաջ են կանգնած: Դրամատուրգի համար կարեւորագույն գնահատականը, ինչպես հայտնի է, բեմադրված լինելն է:
«Թատրոնի պատմության մեջ չկա մի դեպք, որ լինի վատ պիես, բայց լինի լավ բեմադրություն: Սակայն կան դեպքեր, երբ առկա է լավ պիես, բայց վատ բեմադրություն,- ասում է Անուշ Ասլիբեկյանը,- ժամանակակից դրամատուրգներից շատերը դժգոհում են՝ ասելով, թե այ վատ ռեժիսորի ու վատ դերասանների ձեռքն ընկավ պիեսս, այն ուղղակի տեղ չհասավ հանդիսատեսին, լավ չներկայացվեց, որովհետեւ բոլորս էլ հասկանում ենք, որ վատ պիեսը պարզապես չեն բեմադրի, բայց այ լավ պիեսը փչացնել հնարավոր է»:
Երիտասարդ դրամատուրգն համարում է, որ իր բախտն առայժ բերում է: «Բարի գալուստ, իմ հեքիաթ» ժողովածուի ստեղծագործությունների հիման վրա Թատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնի ուսանող Հարություն Գալֆայանի գրած «Քո մասին է» մոնոդրաման 2013 թ.-ի մայիսին կայացած «Արտ-ֆեստ» փառատոնում արժանանում է բրոնզե մեդալի: Սա դրամատուրգի համար երկրորդ հաջողությունն էր:
![]() |
|
Դրվագ «Քո մասին է» ներկաայացումից. «Եթե հասցրեցիր վերջանալ արշալույսիդ մեջ և սկսվել քո վերջալույսում, կտիրես ողջ |
«Սա, կարելի է ասել, իմ երկրորդ համագործակցությունն էր,- նշում է երիտասարդ դրամատուրգը,- երիտասարդական շնչով եւ երիտասարդական ոգով արված ներկայացում, հաջողված ներկայացում, որի գնահատականը տվեց նախ Հարությունի կուրսի ղեկավար Ռուբեն Բաբայանը, հետո՝ «Արտ-ֆեստ» փառատոնը: Ճիշտ է, պիեսն իմը չէր, սակայն այն գրված էր իմ ստեղծագործությունների հիման վրա»:
«Դրամատուգիան մի ժանր է, որ ստեղծվում է հենց թատրոնի համար: Այն նախատեսված չէ ընթերցանության համար: Այստեղ պիեսներն ի սկզբանե ծնվում են բեմ բարձրանալու համար եւ, իհարկե, գերագույն նպատակը դա է»,- նկատում է զրուցակիցս:
«Շատ հաճախ լսում ենք, թե լավ պիեսներ չեն ստեղծվում, դրա համար էլ մեր ռեժիսորները դիմում են արտասահմանցի դրամատուրգներին եւ այլն, իսկ դուք կարդացե՞լ եք ժամանակակիցներին, որ որոշել եք, թե լավ պիես չի ստեղծվում,-հարցնում է երիտասարդ դրամատուրգը եւ ինքն էլ պատասխանում,- ես խիստ կասկածում եմ: Դա նորից նման է նրան, որ շատ ընթերցողներ այսօր տեղյակ չեն ժամանակակից գրողներից, ժամանակից գրականության ընթացքից ու պրոցեսներից, եւ եթե հարցնես՝ ու՞մ գիտես եւ ու՞մ ես կարդացել, ճանաչու՞մ ես որեւէ ժամանակակից հեղինակի, նա անմիջապես կասի, որ իրեն հետաքրքիր չէ, ինքը կգերադասի նորից Դանիել Դեֆո կարդալ, քան որեւէ ժամանակակից գրողի ստեղծագործություն հարցնի գրախանութում»:
Համարու՞մ է արդյոք Անուշ Ասլիբեկյանն իրեն պահանջված դրամատուրգ: Հարցին զրուցակիցս պատասխանում է ժպիտով՝ նշելով, որ ինքը դատում է արդյունքներով. «Ես դրամատուրգիայում թեեւ առաջին քայլերն եմ անում, բայց լավ արդյունքներ արդեն արձանագրվել են: Խոսքս բեմադրված լինելու մասին է: Հույս ունեմ, որ լավ սկիզբը լավ շարունակություն էլ կունենա: Ցանկացած դրամատուրգի համար պիեսի ավարտը լավ ռեժիսորի հայտնվելու սպասման սկիզբն է…»:
Ներկայացման լուսանկարը՝ Ն. Գալֆայանի ֆեյսբուքյան էջից
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել