Նրանք պայքարում են տուբերկուլյոզի եւ աղքատության դեմ (վիդեո)
6-ամյա Արմինեն այս տարվա սեպտեմբերին դպրոց է գնալու եւ արդեն որոշել է` երբ մեծանա, բժիշկ է դառնալու: Հարցնում եմ` ինչո՞ւ ես ուզում բժիշկ դառնալ, Արմինեն ամոթխած պատասխանում է. «Որ հիվանդներին բուժեմ»: Արմինեի մայրը` Լուսինեն, ավելացնում է. «Երբ այդ հարցը տալիս էինք, միշտ ասում էր` որ պապայիս բուժեմ»:
Արարատի մարզի Գետափնյա գյուղում բնակվող Հարությունյանների ընտանիքն արդեն 5 տարի է` պայքարում է հոր` Հենրիկի առողջության համար: Նա տուբերկուլյոզով է վարակվել իր աշխատանքային ընկերոջից եւ այս տարիների ընթացքում մշտապես բուժվել է:
Երբ միակ հույսը Աստված է
33-ամյա Լուսինեն չգիտի, թե որտեղից սկսի իր պատմությունը, սկզբում ամուսնո՞ւ հիվանդության մասին պատմի, ի՞ր, թե՞ տուն կոչված «դոմիկի» պայմանները նկարագրի: Այնուամենայնիվ, ենթագիտակցաբար ամենակարեւորից է սկսում` ամուսնու հիվանդութունից:
37-ամյա Հենրիկը տառապում է դեղակայուն տուբերկուլյոզով: Բուժվել է Աբովյանի տուբդիսպանսերում, սակայն այժմ նրան պետք է վիրահատել, որպեսզի թոքի վնասված մասը մաքրվի: Բժիշկն ասել է, որ հնարավոր է նրան ընդգրկել ֆրանսիական ծրագրում եւ Թբիլիսիում վիրահատել, բայց Մասիսի շրջանը չի ներառվել այդ ծրագրում, եւ Հենրիկը չի վիրահատվել:
«Վերջին անգամ որ պառկեց, 50/50 էր, չգիտեին` դեղը կազդի՞, կկազդուրվի՞, թե՞ չէ: Աստված ոնց որ մեր կողմից էր, կանվերան փակվեց, չորացավ: Թու, թու, թու, հլը նույն ձեւով մնացել է,- սեղանին թխկթխկացնելով` շարունակում է Լուսինեն,- կանոնավոր ամեն ինչ անում ենք, հետեւում ենք նշանակած սննդակարգին, որպեսզի գոնե այդ ձեւով կարողանանք պահել»:
Լուսինեն պատմում է, որ սկզբից ամուսնուն սխալ են բուժել, դրա համար էլ հիվանդությունը կրկնվել է եւ վիրահատության անհրաժեշտություն է ծագել: Մասիսի շրջանի տուբկաբինետում նրան չեն տվել չորացնող հակաբիոտիկը: Լուսինեն հավատացնում է, որ իրենք պարտաճանաչ հետեւել են բժշկի բոլոր նշանակումներին ու խորհուրդներին: «Մեզ ասացին, որ դեղերը կիսատ են տվել: Դա էլ կյանքին հետք թողեց,- ասում է Լուսինեն,- եթե նորից սպին վերք դառնա, Աստված գիտի` կարա՞ն չորացնեն, թե՞...»:
Հենրիկը ավտոմեքենաներ է վերանորոգել, բայց հիմա չի աշխատում: Նրան չի թույլատրվում ծանր գործ անել, արեւի տակ մնալ, որպեսզի թոքի վրայի սպին նորից չբացվի: Երբ ոչ ծանր գործեր են լինում, անում է, բայց դա հազվադեպ է պատահում: Հարությունյանների ընտանիքն ապրում է ամսական 24 հազար դրամ նպաստով:
Հենրիկին հաշմանդամության 3-րդ կարգ տալու համար «մաղարիչ» են ուզել, Հարությունյանները չեն կարողացել տալ, ուստի հաշմանդամության թոշակ նա չի ստանում: Հենրիկը նաեւ տառապում է պսորիազով (թեփատու որքին): «Դրա համար էլ նրան պետք է կարգ տան, բայց չեն տալիս, որտեղ մտնում ես, փող են ուզում»,- ասում է Լուսինեն:
Հիմա էլ ամուսնու ոտքերն ու ձեռքի մատներն են անշարժանում. մատները թմրում են, իսկ ոտքերը` ցավում: Նոր անալիզներ են տվել` իմանալու, թե ինչն է պատճառը: Լուսինեն ինքն էլ մեկ ամիս առաջ է վիրահատվել, դեռ ամբողջությամբ չի ապաքինվել: Մասնագիտություն ունի, սովորել է առեւտրի ուսումնարանում, բայց հիմա չի կարող համապատասխան գործ գտնել: Երեխաներն էլ դեռ փոքր են, խնամքի կարիք ունեն: Կրտսերը` Գուրգենը, 3 տարեկան է: Գյուղում մանկապարտեզ կա, բայց ամսական 8 հազար դրամ են ուզում, որը Հարությունյանները չեն կարող վճարել:
Եվ երբ միակ հույսը լոբին է
Ամուսնու հայրական` 13 հոգանոց ընտանիքի հետ դժվար է եղել այլեւս ապրել, հատկապես Հենրիկի հիվանդանալուց հետո, երբ նրան մշտական հանգիստ էր անհրաժեշտ: Այդ պատճառով Հարությունյաններն իրենց երկու երեխաների հետ տեղափոխվել են տեգոր հողի վրա տեղադրված երկաթյա տնակը: Տնակում նույնիսկ էլեկտրականություն չի եղել, ավելի ուշ են անցկացրել: Առանց հոսանք ապրել են 3 ամիս:
Արդեն ժամը 20:00-ն էր, բայց երկաթյա տնակում շոգից նստել հնարավոր չէր: Էլեկտրական հովացուցիչ էր աշխատում, միեւնույն է, դժվար էր նույնիսկ շնչելը: Լուսինեն ասում է, որ ձմեռն էլ նույն կերպ ցուրտն է ներս սողոսկում: Վառարանը վառում են ինչով պատահի` մի օր կոշիկ, մյուս օրը` ծառի ճյուղեր, երրորդ օրն էլ` տեգոր ուղարկած փայտը: Եվ այդպես` արդեն 3 տարի:
Հարությունյանները չեն սիրում անձրեւներ, այդ օրերին տանիքից կաթում է, հազիվ կարողանում են տնակի անցքերը փակել, որ ջուրը ներս չծորա: Այնուամենայնիվ, երկաթյա տնակը Լուսինեն կոկիկ է պահում: Խոհանոց կոչված տարածքում, որը նաեւ ծառայում է որպես մուտքի միջանցք, լվացած ափսեներն են դարսված: 21-րդ դարը հիշեցնող միակ նորաձեւ իրն էլ հեռուստացույցն է: Լոգարան ընդհանրապես չունեն:
Հարությունյանների միակ հույսը այգում ցանած 40 քմ լոբազգին է. Լուսինեի վիրահատության 250 հազար դրամ պարտքը դրանով պետք է փակեն, բայց լոբին էլ արդեն տիզով է վարակվել, սկսել է ժանգոտվել: «Եթե սենց գնա, ոչ էլ եկամուտ կստանանք»,- մտահոգվում է Լուսինեն:
Հենրիկը դեռ հույսը չի կորցրել: Արդեն արեւը մայր է մտնում, եւ քանի որ կնոջը դեռ չի կարելի կքանստել կամ ծանրաբեռնվել, ինքն է մաքրում ու քաղհան անում լոբու մարգերը, իսկ քիչ անց վերցնում է լոբու տերեւն ու գնում գյուղացիներից մեկի մոտ, որ հարցնի` ինչպես կարելի է փրկել լոբին:
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել