
Երևանի քաղաքապետարանի միջոցառման զոհը և պաշտոնյաների որդիների բիզնեսը
42-ամյա Հասմիկ Մելիքյանը այս տարվա օգոստոսի 13-ից գամված է մահճակալին: Այդ օրը նա տնից դուրս է եկել և դժբախտ պատահարի զոհ դարձել:
Օգոստոսի 13-ին Հասմիկն անցնում էր Օպերայի մոտով, որտեղ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Երևանյան ամառ» ծրագրի շրջանակում եռաչափ (3D) նկարներ էին ցուցադրվում: ժամը 19-20-ի սահմաններում մոտեցել է եռաչափ նկարները դիտելու:
Հասմիկը հիշում է, որ տարածքում քամի էր, մարդկանց հետ զրուցելով նայել և հիացել է նկարներով: Օպերայի հրապարակում տեղադրված է եղել մեծ հովանոց. «Սրճարանի շատ մեծ մի զոնտ չգիտեմ` ինչու էր այնտեղ դրված, կային անվտանգության աշխատակիցներ, տեսան, որ քամի էր, փոխանակ հավաքեին այդ զոնտը, գնում էին նկարներն էին պաշտպանում, ինչ-որ երկաթներ դնում,- պատմում է Հասմիկը,- հանկարծակի դաշտը բացվեց, զոնտը պտտվեց, պտտվեց քամուց, դուրս եկավ երկաթե ձողով՝ ամբողջ ծանրությամբ խփեց իմ դեմքին: Հարվածն այնքան ուժեղ էր, որ չկարողացա հավասարակշռությունս պահել և ամբողջ մարմնով ընկա ասֆալտին՝ իմ ձախ ազդրի վրա»: Ընկնելու հետևանքով Հասմիկի ազդրի վզիկը կոտրվել է, ոսկորները տեղաշարժվել են:
Ժամանել է շտապօգնության մեքենան, դեպքի վայր են եկել նաև ոստիկանության աշխատակիցները: Հասմիկին տեղափոխել են Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև՝ Իզմիրլյան բժշկական կենտրոն: Այստեղ Հասմիկին ախտորոշել են ձախ ազդրոսկրի փակ կոտրվածք` տեղաշարժով: Նրան վիրահատել են, կատարել են ազդրի ոսկրաբեկորների փակ համադրում` երկաթե երեք պտուտակների միջոցով:
«Բժիշկներն ասում են՝ 50/50: Պետք է նաև երկրորդ վիրահատությունը, որ այդ պտուտակները հանեն, բայց եթե հանկարծ վիրահատության արդյունքում ոսկորը չկպչի և չսնուցվի, պետք է անցնել էնդոպրոթեզավորման, ինչը շատ թանկ հաճույք է՝ 7000 դոլարից ավելի,- ասում է Հասմիկը,- ես չէի պատկերացնում, որ տեղի կազմակերպիչներն այնքան հիմար, անփույթ ու անպատասխանատու կլինեին, որ իրենց կազմակերպած միջոցառման հետևանքով ես կհայտնվեմ հիվանդանոցում: Իմ ամենահասարակ, իմ բնական կարիքներն անգամ ես ինքս չեմ կարող հոգալ, էլ չեմ ասում, որ անկողնուն գամված եմ և անգամ կողաշրջվել չեմ կարողանում»:
Երևանի քաղաքապետարանի ծրագիրը «կյանքի է կոչել» «Բի Բի մեդիա»-ն, որը ղեկավարում է Հայկ Սիմոնյանը: Նա Հասմիկին այցելել է հիվանդանոցում, խոստացել է հիվանդանոցային ծախսերը հոգալ: «Եկավ, մեծ-մեծ խոստումներ տվեց՝ ես անպայման ամեն ինչ կանեմ, որ գոնե ձեր բժշկական կարիքները հոգամ»,- պատմում է Հասմիկը: Հաջորդ օրը եկել և ասել է, որ իրեն խաբել են և ուզում են գումար վաստակել իր հաշվին: Հասմիկն ու եղբայրը, ով նույնպես բժիշկ է, հաշվարկել են, որ 12 հազար դոլար կկազմի Հասմիկի վերականգնումը, եթե էնդոպրոթեզավորուման անհրաժեշտություն ծագի: Հայկ Սիմոնյանն ավելի ուշ ասել է, որ ինքը պատրաստ է ոչ թե առձեռն գումար տալ Հասմիկին, այլ ծախսերը հոգալ անմիջականորեն՝ վճարելով հիվանդանոցային, վերականգնողական գործընթացների ծախսերը: Ասել է, սակայն առ այսօր ոչինչ չի արել:
«Քաղաքապետարանից ինձ ասացին, որ վիրահատությունը փակվել է պետպատվերով, բայց հիվանդանոցից ինձ զանգեցին, թե՝ ոչ մի բան էլ չի փակվել, մուծում չի կատարվել, և ինձ սպառնում են դատի տալ»,- ասում է Հասմիկ Մելիքյանը:
Հասմիկը քաղաքապետարանին խնդրել է գրավոր տեղեկանք տալ այն մասին, որ հիվանդանոցի ծախսերը փակված են: Չեն տրամադրել:
Հասմիկը դիմել է ՀՀ նախագահին՝ գրավոր նամակի պատճեններն ուղարկելով ՀՀ ոստիկանապետ Վ. Գասպարյանին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին: Ներկայացրել է իր վիճակը. ապրում է 80-ամյա մոր և եղբոր հետ: Աշխատանքի չի կարողանում գնալ, ֆինանսական սուղ պայմաններում են: Իսկ իրեն կալցիումով հարուստ սնունդ ու դեղորայք է անհրաժեշտ: Ամբողջ ընթացքում վերականգնողական բուժումը Հասմիկը ստանում է իր ընտանիքի անդամների ջանքերի շնորհիվ, որքան կարողանում է: Հասմիկը ևս երկու ամիս պետք է անշարժ պառկի:
Աշխատում է ԵՊՃՀ-ում, միջազգային կապերի մասնագետ է: Ավարտել է Երևանի պետական լեզվաբանական և Հայաստանի ամերիկյան համալսարանները: Սովորել է նաև ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի պետական համալսարանում՝ ստանալով հանրային կառավարման մագիստրոսի կոչում: Բուլղարիայում բիզնեսի գծով ասպիրանտուրա է ավարտել: Աշխատել է ԱՄՆ Սանտա Կռուզի քաղաքապետի օգնական և այդ քաղաքի պատվավոր քաղաքացի է:
«Ես կարող էի մնալ ԱՄՆ-ում, բայց այդ ամենը դրել եմ մի կողմ, եկել եմ, որ իմ երկրին օժանդակ լինեմ ինչով որ հնարավոր է: Ես ոչ թե ինչ-որ ողորմություն եմ խնդրում, այլ ուզում եմ հասկանալ, թե ինչու ես պիտի ուրիշի անփութության պատճառով զրկվեմ աշխատանքից, ֆիզիկական վիճակից՝ իմ սովորական կարիքները հոգալուց, քայլելուց և չկարողանամ վայելել այս եղանակը, պիտի երկու ամիս գամված լինեմ, երեք-չորս ամիս էլ այսպես դեռ մնամ, հետո էլ Աստված գիտի՝ ինչ է լինելու»,- վրդովվում է Հասմիկը:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի օգնական Նարեկ Մելքումյանը մեզ հետ զրույցում նշեց, որ վիրահատության ժամանակ ՀՀ առողջապահության նախարարության միջոցով միջնորդել և պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ Հասմիկի վիրահատությունը պետական պատվերի շրջանակներում իրականացվի և վճարման խնդիր չառաջանա: Թե ինչու է նման խնդիր առաջացել, Նարեկ Մելքումյանը դժվարացավ պատասխանել, համենայնդեպս բժշկական կենտրոնի ո՛չ տնօրենի, ո՛չ էլ փոխտնօրենի մակարդակով իրենք վճարման պահանջ կամ հաղորդագրություն չեն ստացել:
Նարեկ Մելքումյանը նշեց, որ օրերս ստացել են նաև Հասմիկի նամակը և էպիկրիզը, որից պարզ է դարձել, որ թե՛ վիրահատությունը, թե՛ հետվիրահատական վերականգնման շրջանը բավականին բարդ է, և անհրաժեշտ է բժշկի հսկողությամբ նորմալ վերականգնողական թերապիա անցնել: Նարեկ Մելքումյանը հայտնեց, որ տոնական միջոցառումներից հետո պատրաստվում են այցելել նրան:
Ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում, սակայն դեռևս քրեական գործ հարուցված չէ: Ոստիկանության Կենտրոնի քննիչ Նարեկ Ավետիսյանը մեզ հետ զրույցում նշեց, որն նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն` պարզելու, թե խախտվե՞լ են աշխատանքային կանոնները, անձրևանոցի տեղադրման թույլտվություն ունեցե՞լ են միջոցառումն իրականացնողները, եթե այո, պահպանվե՞լ է տեղադրման կարգը, թե՞ ոչ: Դատատեխնիկական փորձաքննությունից հետո պարզ կդառնա` քրեական գործ կհարուցվի՞, թե՞ քրգործի հարուցումը կմերժվի: Նարեկ Ավետիսյանը հնարավոր համարեց, որ փորձաքննության պատասխանն այսօր պատրաստ լինի:
«Բի Բի մեդիա»-ի տնօրեն Հայկ Սիմոնյանի հետ մեր հեռախոսազրույցը կարճ տևեց. ասաց` կճշտի վճարման հետ կապված խնդիրը և կտեղեկացնի: Այլ մանրամասների մասին չցանկացավ խոսել` պատճառաբանելով, թե հարսանիքի է, հարմար չէ:
«Բի Բի մեդիա»-ի կայքում որևէ տեղեկություն չկա, թե ինչ ընկերություն է, ովքեր են ղեկավարները: Հայկ Սիմոնյանի հետ զրույցից քիչ անց զանգահարեցինք «Բի Բի մեդիա», որպեսզի ճշտենք, թե որ ՍՊԸ-ի միջոցով է այն գործունեություն ծավալում: Հեռախոսավարուհին անակնկալի եկավ հարցից, խնդրեց տվյալներ թողնել, որով քիչ անց կապ կհաստատեն մեզ հետ և կհայտնեն ՍՊԸ-ի տվյալները: Հեռախոսավարուհին ասաց, որ տնօրենը (Հայկ Սիմոնյանը) տեղում է, բայց զբաղված է այդ պահին:
Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց պարզել, որ այս անվան տակ աշխատում է «Բագ ընդ Բադ» ՍՊԸ-ն, որի բաժնետերը մեկ այլ ընկերություն է` «Կատանա» ՍՊԸ-ն: Այս ընկերության 50-ական տոկոսների բաժնետերեր են Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի որդին` Տիգրան Կարապետյանը, և ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի եղբայր, ՀՀ ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի որդին` Հայկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանի դուստրն ամուսնացել է ԱԱԾ պետի տեղակալի որդու հետ:
2008-ին այս ընկերության տնօրենը եղել է Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության ներկայիս պետ Արազ Բաղդասարյանը: Հենց այս վարչությունն է պատվիրում քաղաքապետարանի համար որևէ տեսակի ծառայություն որևէ ընկերությունից:
Մեկնաբանություններ (3)
Մեկնաբանել