Երևանում կբացվի Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղը
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է Մ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի պատվիրակությանը` բուհի պրոռեկտոր Դավլաթ Նիդոևի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ՄՊՀ-ի մասնաճյուղ բացելու հնարավորությանն առնչվող մի շարք հարցեր: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը նշել է, որ արդեն մի քանի տարի ընթանում են մասնաճյուղի բացման շուրջ բանակցությունները, որի մասին բարձրաձայնել են նաև երկու երկրների նախագահները: Բացի այդ, հարցը ներառված է նաև միջկառավարական հանձնաժողովի օրակարգում:
«Եվ հայկական, և ռուսական կողմն այս ընթացքում արել են հնարավորը` նախագծի իրականացման, և պայմանավորվածությունը գործնական փուլ տեղափոխելու համար: Մենք շահագրգռված ենք Հայաստանում բուհի մասնաճյուղի հիմնմամբ: Խնդրին անհրաժեշտ է ցուցաբերել քաղաքական և կրթական մոտեցում»,- նշել է Ա. Աշոտյանը` ընդգծելով, որ մասնաճյուղի հիմնումը միտված է նախևառաջ բարձրագույն կրթության ոլորտում մրցակցության բարձրացմանը: Ըստ նախարարի` մասնաճյուղը կարող է լավ բազա հանդիսանալ ոչ միայն հայ ուսանողների, այլ նաև Մերձավոր Արևելքի և տարածաշրջանի մի շարք երկրների օտարերկրյա ուսանողների, ինչպես նաև Ռուսաստանի հարավում բնակվող մեր հայրենակիցների համար, ովքեր ցանկանում են Հայաստանում ստանալ ռուսական բարձրակարգ կրթություն: Նախարարը շեշտել է, որ հաշվի առնելով տարբեր երկրներում մասնաճյուղեր հիմնադրելու գործում ՄՊՀ-ի հաջողված փորձը` հայկական կողմն ուսումնասիրել է դրա ներդրման համապատասխան մոդելը` պահպանելով երկու երկրների օրենսդրական դաշտում գործող լիցենզավորման և հավատարմագրման հիմնական սկզբունքները:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել