HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Բացահայտված անասնագողություն. գողոնը չկա

Ամիրյանների ընտանիքը, որ ապրում է Արագածոտնի մարզի Քուչակ գյուղում, այս տարվա ապրիլին «ԱԿԲԱ-ԿրեդիտԱգրիկոլ» բանկից 2000 ԱՄՆ դոլարին համարժեք վարկ է վերցրել, անասուն եւ անասնակեր գնել: Հիմա նրանք ընկել են ոստիկանության դռները. անասունները չեն գտնում, իսկ նոյեմբերին ստիպված են կատարել վարկի մարման առաջին վճարումը՝ 200 հազար դրամ, գումարած բանկային տոկոսները:

«Հունիսի լույս 9-ի գիշերը՝ ժամը 3-ից 3:30-ի սահմաններում, գոմի դուռը՝ կողպեքը, բացել են, երկու կթու կով ու մի երինջ գողացել: Ես այդ ժամանակ Ռուսաստանում էի,- պատմում է ընտանիքի հայրը՝ Ազատ Ամիրյանը,- արդեն առավոտյան կինս ոստիկանությունում հաղորդում է տվել: Հաջորդ ամսի 29-ին գողերին բռնեցին»:

Ոստիկանության «Հերթապահ մաս» հաղորդաշարն օգոստոսի 2-ին տեղեկացրեց, որ Ապարանի բաժնի աշխատակիցները հայտնաբերել են անասնագողության մեջ կասկածվող Էլո Թամոյանին՝ նախկինում 4 անգամ դատապարտված, եւ Վահան Հարությունյանին: Վերջիններս խոստովանել են, որ հունիս-հուլիս ամիսներին Արագածոտնի մարզի Քուչակ, Շամիրամ, Ափնագյուղ, իսկ Շիրակի մարզի Լանջիկ գյուղերից առեւանգել են 11 գլուխ խոշոր եղջերավոր անասուն:

Դրանցից 3-ը Ամիրյանների անասուններն են, բայց գողոնը դեռեւս հայտնաբերված չէ: Ոստիկանության լրատվության վարչությունից «Հետքին» տեղեկացրին, որ գողության մեղադրանքով կալանավորված են վերոնշյալ երկու անձինք: Այլ մանրամասներ չեն հայտնում. «Ընթանում է նախաքննություն»:

Արմեն եւ Ազատ Ամիրյանները

«Ոստիկանները մինչեւ էսօր մեզ կոնկրետ բան չեն ասում: Ապարանի բաժնի քրեականի պետ Կամո Մակարյանը պնդում ա, որ եղել են 3 հոգի՝ էդ երկուսը եւ վարորդը, բայց վարորդը ոչ մի բանի չի խառնվել, 30 հազար դրամի դիմաց իբրեւ տաքսի սպասարկել է,- պատմում է Ազատ Ամիրյանը,- բայց նման բան հնարավոր չէ, նախ՝ երկու հոգով էդ անասունները չէին կարող բարձրացնել ու բարձել «ԳԱԶել»-ի մեջ: Երկրորդ՝ եթե վարորդը ոչնչից տեղյակ չէր, բա չէ՞ր հարցնում՝ էս գիշերվա 3-ին ո՞վ ա անասուն վաճառում, կամ տերն ո՞ւր ա, ինչո՞ւ ենք տնից 100 մետր հեռու մեքենան կանգնեցրել»:

Ազատ Ամիրյանը նաեւ համոզված է, որ գողերին տեղեկություն հայտնող է եղել. «Ապարանի բաժնում մի հատ մայոր կա՝ Ռուդիկ անունով: Առաջ նա մեր թաղայինն էր: Թե ինձ, թե կնոջս Ռուդիկն ասել է, որ ինչ-որ Արսեն անունով մի տղա կա, ապրում է Երեւանում, բայց մեր գյուղում ամառանոց ունի, նա է «նավոդկա» տվել ու էդ օրը ինքն էլ ա ավտոմեքենայի մեջ եղել, այսինքն՝ 4 հոգով են եղել: Ապարանի միլպետին՝ Սերգո Ավետիսյանին, ասում եմ՝ Ռուդիկը նման բան է ասել, ասում ա՝ «բա ես խի՞ չգիտեմ, կճշտեմ, կխոսենք»: Մինչեւ էսօր ճշտում ա»:

Ազատ Ամիրյանի որդին՝ Արմենն էլ նշում է, որ գործում որպես մեղադրյալ պետք է ներգրավված լիներ նաեւ 5-րդ անձը՝ մսագործը: Նրա անունը Ամիրյանները չգիտեն, միայն պարզել են, որ վերջինս եղել է գողացված անասունների գնորդը, մորթը կազմակերպել է Նոր Խարբերդում, իսկ Գավառում ունի հատուկ տեղ, որտեղ էլ անասուններին մինչեւ մորթելը պահում է:

«Ափնագյուղից գողացված անասունները գտել են: Ոստիկանները տիրոջը կանչել են Գավառ, որտեղ էդ մսագործը բանվորներին ուղարկել ա կովերը բերելու, ու մինչեւ բերել են, ինքը (մսագործը) միլիցեքի հետ նստել է ուտել-խմելու»,- ասում է Արմենը:

«Մինչեւ հիմա չգիտենք՝ մեր անասունները մորթե՞լ են, թե՞ պահում են. միլիցեքը ոչ մի բան չեն կարում ապացուցեն: Ինձ թվում է՝ պահում են, որովհետեւ գոմում ցուլիկ էլ կար, եթե մորթելու էին, կովերի հետ ցուլիկը կտանեին, ոչ թե երինջը,- ասում է Ազատ Ամիրյանը:- Քրեականի պետ Մակարյանն ասում ա՝ էդ մսագործի վզին մատի հաստության ոսկուց ցեպ կա, ինքը կգա, ձեր հետ կխոսի: Նույն բանը կնոջս էլ է ասել, այսինքն՝ պետք է գար ու մեր անասունների գումարը տար: Նախ՝ չի եկել, հետո՝ Մակարյանի էս ասածից պարզ երեւում է, թե իրենք ոնց են աշխատում: Դրա համար էլ գործից համ մսագործն է դուրս եկել, համ վարորդը, համ էլ տեղեկություն տվողը»:

Ազատ Ամիրյանի խոսքերով՝ ինքը դարձել է ոստիկանության Ապարանի բաժնի աշխատակիցների աչքի գրողը. «Էն աստիճան, որ գնում եմ իրենց մոտ գործը քննող Զավեն Դադայանի հետ խոսելու, միլպետ Ավետիսյանն ինձ ասում է՝ քննիչ Դադայանը համակարգից հեռաացված է: Հետո հեռախոսով խոսում եմ նույն քննիչի հետ, ասում է՝ հեսա գործն ավարտում եմ, ուղարկեմ դատարան: Այսինքն՝ խաբելով-բանով ինձ ցրում են, որ գործն իրանց ուզած ձեւով տանեն: Բայց ես ասել եմ՝ մինչեւ վերջ բողոքելու եմ, վարկս իրե՞նք են փակելու, որ սենց են անում: Մի քանի օրից բանկը գումարն ուզելու է. չգիտեմ՝ ոնց եմ փակելու»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter