300 գործող և սկսնակ ՓՄՁ-ներ կստանան ֆինանսական աջակցություն
ՀՀ կառավարությունն այսօր փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ 2013 թ. պետբյուջեում և իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որոնք բխում են Կանանց ձեռներեցությանն աջակցելու ծրագրով ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև կնքված վարկային համաձայնագրից: Դրա համաձայն` ֆինանսական աջակցություն պետք է ցուցաբերվի 300 գործող և սկսնակ ՓՄՁ սուբյեկտի, որի առնվազն կեսը պետք է պատկանի և/կամ կառավարվի կանանց կողմից: Այս մասին հաղորդում է կառավարության պաշտոնական կայքէջը:
Պարտավորությունն իրականացնելու համար որոշվել է Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի երաշխիքային դրամագլուխը համալրել 2 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով:
«Դրամագլուխը ձևավորվել է 2004-2013 թթ. ընթացքում ՀՀ պետբյուջեից և միջազգային դոնոր կազմակերպություններից ներգրավված ֆինանսական միջոցներով: Այդ ընթացքում ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել 428 գործող և 454 սկսնակ ՓՄՁ սուբյեկտի»,- տեղեկացնում է կառավարությունը:
Վարչապետը նիստի ժամանակ մանրամասնել է, թե ինչ է նշանակում Ասիական զարգացման բանկի տրաադրած վարկը` նշելով, որ մարդիկ կարող են հայտեր ներկայացնել և դրանց հիման վրա օգտվել վարկային միջոցներից:
«Այժմ մենք տնտեսական աճը խթանելու համար աննախադեպ ծավալի ֆինանսական միջոցներ ենք տրամադրում Կենտրոնական բանկին և առևտրային բանկերին: Դա նշանակում է, որ բիզնեսը պետք է իմանա` ինչպիսի բիզնես ծրագրեր մշակի, օգտվի այդ գրանտային տարրից: Այդ գործում մարդկանց կօգնեն փոքր և միջին ձեռնարկությունների աջակցության կենտրոնները: Հակառակ պարագայում ստացվելու է, որ մենք ունենք առևտրային վարկային ռեսուրներ, որոնցից օգտվող չունենք: Սրան պետք է ուշադրություն դարձնել:
Մենք եվրոբոնդերից ստացված գումարի մի մասը տալու ենք Կենտրոնական բանկին՝ վարկային միջոցներով բանկերի ֆինանսական ռեզերվներն ավելացնելու համար: Հիմա փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման համար Ասիական բանկից ենք վարկ վերցնում: Բայց այնպես պետք է անենք, որ պահանջարկն էլ հետևից հասցնի: Ես խնդրում եմ, որ էկոնոմիկայի նախարարությունը զանգվածային լրատվական միջոցներին մանրամասն բացատրություն տա, կոնկրետ օրինակներով ցույց տա այն գրասենյակները, ուր նրանք կարող են դիմել և օգնություն ստանալ: Հեռուստատեսությամբ պետք է երևա, թե այդ կենտրոններն ինչպես են օգնում մարդկանց մշակել բիզնես ծրագրեր, որպեսզի ամեն ինչ հասանելի լինի մեր բնակչությանը, հակառակ դեպքում այս ծրագրերն արդյունավետ չեն կարող լինել»,- նշել է վարչապետը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել