
Փաստաբանների պալատն ընդդեմ կառավարության նախագծերի՝ հօգուտ իր անկախության
Փաստաբանների պալատի խորհրդի անդամները եւ պալատի մի քանի տասնյակ անդամներ պալատի նախագահ Արա Զոհրաբյանի գլխավորությամբ այսօր քննարկում-ասուլիս էին հրավիրել: Թեման արդարադատության նախարարության պաշտոնական կայքում տեղադրված «Փաստաբանության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերն էին, որոնցով նախատեսվել է փաստաբանների պետական գրանցամատյանը վարելու նոր ընթացակարգ, եւ այդ լիազորությունը վերապահվել է արդարադատության նախարարությանը:
Բացի այդ, Փաստաբանների պալատի կողմից արտոնագրված փաստաբանին փաստաբանների պետական գրանցամատյանում մեկ տարի ժամկետով հաշվառելու համար նախատեսվել է գանձել տարեկան պետական տուրք՝ 60.000 դրամի չափով:
«Փաստաբանությունը՝ որպես քաղաքացիական հասարակության ինստիտուտ, անկախ է եւ չի մտնում որեւէ պետական մարմնի համակարգի մեջ: Այս տեսանկյունից մեր անկախությունը շատ բարձր ենք գնահատում: Այլ դրական ձեռքբերումներից բացի մեր անկախությունն է, որ մենք փայփայում ենք: Նախ նշեմ, որ արդարադատության նախարարությանը համարում ենք մեր գործընկերն այն իմաստով, որ արդարադատության նախարարությունը լուրջ քայլեր է կատարել փաստաբանության համար, եւ մենք մշտապես զգում ենք նախարարության ներկայությունը: Մենք գնահատում ենք դրականը, գնահատում ենք ձեռքբերումը, բայց նաեւ քննադատում ենք եւ չենք ընդունում վատը, որը տեսնում ենք,- իր ելույթում ասաց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Նշենք, որ ըստ նախագծի՝ փաստաբան է այն անձը, որը բացի իրավաբան բակալավրի կամ իրավաբան դիպլոմավորված մասնագետի որակավորում ունենալուց ու համապատասխան արտոնագիր ստանալուց՝ հաշվառված է նաեւ փաստաբանների պետական գրանցամատյանում:
Արա Զոհրաբյանը նշեց մի քանի խնդիրներ, որոնք մտահոգում են Փաստաբանների պալատին: Ըստ նրա՝ առաջին հերթին վտանգվում է փաստաբանի անկախությունը, որովհետեւ նախագծի համաձայն՝ փաստաբանի կարգավիճակը կախման մեջ է գտնվում պետական մարմնի կամքից, ինչն անթույլատրելի է եւ հակասում է փաստաբանի անկախության գաղափարին:
Հաջորդ խնդիրը փաստաբանի նկատմամբ տարեկան 60.000 դրամ տարեկան տուրք սահմանելն է: Արա Զոհրաբյանի կարծիքով՝ այս պետական տուրքը որեւէ հիմնավորում չունի:
«Մեր 1370 փաստաբանների մեջ կան մարդիկ, ում համար 60.000 դրամ վճարելը մեծ դժվարություն է լինելու, որովհետեւ փաստաբանական ծառայությունների մատուցման շուկան բազմաշերտ է: Մեզ մոտ կան ինչպես բարձր հոնորարով վարձատրվող փաստաբաններ, այնպես էլ ցածր հոնորարով վարձատրվողներ: Ունենք բնակչության մի մակարդակ, որոնք ցածր արժեքով ծառայություններից կարող են օգտվել, եւ փաստաբաններն օգնում են նրանց այդ հարցում: Այս պետական տուրքի նախատեսումը որոշ փաստաբանների գործունեության դադարեցման պատճառ կհանդիսանա»,- նշեց Ա. Զոհրաբյանը:
Փաստաբանների պալատի նախագահը բարձրաձայնեց նաեւ հակասությունների մասին: Նրա ասելով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը ուղղակիորեն նախատեսում է, որ պետական տուրքը վճարում է պետական մարմնի ծառայությունից օգտվող անձը:
Զոհրաբյանը հարցնում է՝ արդյո՞ք գրանցամատյան վարելով՝ նախարարությունը ծառայություն է մատուցում փաստաբանին: «Ընդ որում՝ նախագծում շատ հետաքրքիր ձեւով բացահայտվել է այդ «ծառայության» շահառուն՝ պետական մարմինները եւ հասարակությունը: Ստացվում է, որ այդ գրանցամատյանը վարվում է, որպեսզի դրանից օգտվեն պետական մարմինները եւ հասարակությունը՝ փաստաբանի մասին տեղեկություն ստանալու տեսակետից: Այդ դեպքում ինչո՞ւ պետք է վճարի փաստաբանը, փաստաբանն ինչի՞ց է օգտվում, ո՞ր ծառայությունից է օգտվում: Միայն այս տեսակետից ելնելով՝ կարելի է այս նախագիծը վիժեցնել»,- ավելացրեց Արա Զոհրաբյանը:
Նախագծերի հիմնավորման մեջ նշված է, որ փաստաբաններից գանձված գումարներն ուղղվելու են Հանրային պաշտպանի գրասենյակի պահպանմանը: Սա այն դեպքում, երբ ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածը նախատեսում է, որ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
Պալատի նախագահն ասաց, որ այս դեպքում պետությունը հանդիսանում է պատվիրատու եւ որքան մեծ պատվեր իջեցնի, այնքան շատ ծառայություններ կմատուցի Հանրային պաշտպանի գրասենյակը:
Արա Զոհրաբյանն ասաց, որ նախկինում եղել է հանրային պաշտպանի 32 հաստիք: 2012թ. հունվարի 13-ից հետո հանրային պաշտպանները որոշ սոցիալական խմբերի համար վարում են ոչ միայն քրեական, այլեւ քաղաքացիական, վարչական եւ սահմանադրական իրավունքին վերաբերող գործեր, այդ թվում՝ խորհրդատվություն:
2013թ. հաստիքների թիվն ավելացավ եւ դարձավ 50, իսկ 2014թ. նախնական տեղեկություններով՝ կառավարությունը փոխել է մտադրությունը եւ վերականգնելու է 32 թիվը, ինչը հատկապես մարզերում կարող է լուրջ խնդիր առաջացնել:
Քննարկմանը հրավիրվել էին նաև արդարադատության նախարարության ներկայացուցիչները, սակայն նրանցից ոչ ոք ներկա չէր:
Մեկնաբանել