HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան Շարբաթյանի սպանության գործով դատական նիստը հետաձգվեց

Այսօր Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում  փաստաբան Սամվել Շարբաթյանի  սպանության գործով դատական նիստը կարճ տևեց: Նիստին չէր ներկայացել տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը: Դատավոր Նարինե  Հովակիմյանը հայտնեց, որ տուժողի իրավահաջորդի` դատական նիստին չներկայանալու մասին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը դատարանին բացատրություն է ուղարկել: Ըստ բացատրության` Արթուր Սաքունցը դատարան չի ներկայացել հարգելի պատճառով: «Նա այսօր հանդիպման է եղել միջազգային կազմակերպություններից մեկի ներկայացուցիչների հետ»,- հայտնեց դատավորը:

Արթուր Սաքունցը խնդրել է հետաձգել դատական նիստը: Դատական նիստին չէր ներկայացել նաև տուժողի ներկայացուցիչ Սաթենիկ Սարգսյանը: Դատավորը հարցրեց կողմերի կարծիքը տուժողի  ներկայացուցչի և տուժողի իրավահաջորդի բացակայությամբ դատական նիստը շարունակելու մասին: «Հաշվի առնելով գործի առանձնահատկությունը, բարդությունը, հնչեղությունը և այլ հանգամանքներ՝ կարծում եմ, որ անհրաժեշտ է դատական նիստը հետաձգել և այն վերսկսել տուժողի ներկայացուցչի և տուժողի իրավահաջորդի ներկայությամբ»,- ասաց մեղադրող դատախազ Աշոտ Գրիգորյանը:

Դատական նիստ հետաձգելու կապակությամբ դժգոհություն հայտնեց պաշտպանական կողմը: «Նախորդ դատական նիստը նշանակելուց առաջ այն համաձայնեցվեց նաև տուժողի ներկայացուցիչների հետ: Պարոն Սաքունցին առաջարկված երկու օրերը հարմար չէին, դատարանը  դատական նիստի օրը հարմարեցրեց նրա գրաֆիկի հետ: Ես չեմ կարող ասել՝ տուժողի իրավահաջորդի բացակայությունը հարգելի՞, թե՞ անհարգելի է, բայց նրա հետ օրը համաձայնեցրեցինք, և արդյունքում պարոն Սաքունցը չի եկել: Լավ կլինի դատարանը զգուշացնի տուժողի ներկայացուցչին, որ հաջորդ համաձայնեցված օրերին նա ներկայանա դատարան»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:

Դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 22-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter